«102 ռազմաբազան դեռ 40 տարի պետք է մնա Հայաստանում, Փաշինյանը և նրան սպասարկող «քայլիստները» սա լավ գիտեն». Գագիկ Համբարյան

ՀՀ իշխանությունն արդեն հաստատել է, որ օգոստոսի 1-ին «Զվարթնոց» օդանավակայանից պետք է դուրս գան ռուս սահմանապահները, նրանց կփոխարինեն հայ սահմանապահները։

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ ժամանակ առ ժամանակ անդրադառնում են նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազային։ Երեկ խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «102-րդ ռազմաբազան գոյություն ունի: Ամեն դեպքում ՀՀ նոր անվտանգային համակարգի գծագրությունից պարզ կդառնա, թե մեր հետագան ինչպես է լինելու։ Այդ ռազմաբազան ոչնչով չօգնեց, երբ ներխուժում եղավ ՀՀ սուվերեն տարածք։ Լուրջ դերակատարում ասելով՝ նկատի ունեմ այն, որ այս պահին ֆիզիկապես կանգնած են սահմանին, բայց դրական իմաստով դերակատարություն չունեցավ, երբ ՀՀ-ին վտանգ էր սպառնում, ու այսօր էլ կա»։

Թե այս ամենը հաշվի առնելով՝ ինչո՞ւ չեն հանում ռազմաբազան, նա պատասխանեց, թե երբ ուզեն, այն ժամանակ էլ կհանեն։

168.am-ի հետ զրույցում Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց՝ իշխանությունները խոսելով 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու մասին, կրկին մոլորության մեջ են գցում հայ հասարակությանը ու մանիպուլացնում։

Կարդացեք նաև

«102-րդ ռազմաբազան չէր կարող միջամտել Հայաստանի դեմ եղած ագրեսիային, քանի որ այն իրավասու է միայն պաշտպանել ու պահպանել այն սահմանները, որոնք պաշտոնապես ճանաչված են երկու երկրների կողմից։ Ուրեմն՝ ՀՀ գործող իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարունակում են կեղծ և սուտ տեղեկություններ տարածել, թե իբր 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հայ-ադրբեջանական նախկին վարչական սահմանները՝ որպես միջպետական սահման։ Սա սուտ է և կեղծիք, 1991 թվականի դեկտեմբերի 21-ին Հայաստանն Ալմա Աթայի հռչակագիրը ստորագրելուց ունեցել է 10 վերապահումներ, որոնցից մեկը հենց այն է, որ Հայաստանը չի ճանաչում Խորհրդային Միության օրոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վարչական սահմանը՝ որպես միջպետական սահման։ Եվ 1992 թվականին ՀՀ Գերագույն խորհուրդը այդ դեկլարացիան վավերացրել է հենց այդ 10 վերապահումներով»,– նշեց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ նույնիսկ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Ախունդովն է հաստատել, որ Հայաստանը չի ընդունել ու ճանաչել Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող վարչական սահմանները՝ որպես միջպետական սահմաններ։

«Առիթից օգտվելով, որ ՀՀ բնակչության մի մասը քաղաքականապես անգրագետ է, իշխանությունը խաբում է նրանց։ Հակառուսական տրամադրություններ են սերմանում մարդկանց մոտ, թե Հայաստանի սահմանները 102-րդ ռազմաբազան չպաշտպանեց՝ ուղղակի զավեշտալի է, որովհետև 1995, հետո 1997 և 2010 թվականներին հայ-ռուսական համապարփակ համաձայնագրերի համաձայն՝ Ռուսաստանը պարտավորվում է պաշտպանել այն սահմանները, որոնք դելիմիտացված ու դեմարկացված են և ճանաչված են երկու պետությունների կողմից։ Նիկոլ Փաշինյանը, նրան սպասարկող «քայլիստները» շատ լավ այս ամենին տիրապետում են, իսկ եթե չեն տիրապետում, ավելի վատ իրենց համար, քանի որ ԱԺ պատգամավորն իրավունք չունի այդ աստիճան տգիտություններ արտաբերել ու վնասել հայ-ռուսական հարաբերություններին, որոնք առանց այդ էլ գտնվում են վատ վիճակում։

Հայաստանը 102-րդ ռազմաբազան չի կարող դուրս բերել Հայաստանից, որովհետև համապատասխան համաձայնագրով այն մոտ 40 տարի էլ պետք է տեղակայվի Հայաստանում։ Նաև պետք է պատճառաբանի, թե ինչու պետք է դուրս բերի։ Արդեն այս պարագայում ՀՀ իշխանությունները և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը շատ վատ ու խայտառակ իրավիճակում կհայտնվեն՝ պետք է պարտավորվեն ապացուցել, որ ռուսները 102-րդ ռազմաբազայում իրենց պարտավորությունները չեն կատարել։

Նիկոլի և իր «թայֆայի» միակ հույսը հասարակության անգրագիտությունն է և Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականությունը, որի անհեռատեսությունից էլ օգտվում են ՀՀ գործող իշխանությունները»,- շեշտեց  մեր զրուցակիցը։

Քաղաքագետը հիշեցրեց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը Պրահայում Շառլ Միշելի «քավորությամբ» Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ իր բոլոր հետևանքներով, իսկ քաղաքականությունից անտեղյակ հայ հասարակությունն Արցախի բռնի հայաթափման մեջ մեղադրում է ռուսներին։ Հենց այդ ժամանակ ռուսական կողմը պետք է հայտարարեր, որ դուրս են գալիս Արցախից, և թող Հայաստանն ապահովի արցախահայերի անվտանգությունը։ Միայն դրանից հետո ակնհայտ կդառնար, թե այդ ամենի մեղավորն ով է։

«Թող հանեն 102-րդ ռազմաբազան, իսկ հասարակության այն հատվածը, որը տառապում է ամնեզիայով՝ հիշեցնեմ, որ Թուրքիան Արցախի առաջին պատերազմի ժամանակ երկու անգամ փորձել է հարձակվել Հայաստանի վրա։ Այս մասին երկու անգամ բարձրաձայնել է ՀՀ-ում Հունաստանի նախկին դեսպան, ռուս պաշտոնյաներ և այլք։

Հիմա, եթե կարծում են, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուց հետո պիտի խաղաղ ապրեն՝ չի լինելու նման բան։ Թուրքիան իր ծրագրերն ունի, և եթե Նիկոլը «ֆոլգայից» պատրաստված քարտեզը թևի տակ դրած՝ գյուղից գյուղ է գնում, նույնիսկ չապահովելով մեր երկրի ներկայիս սահմանները, ապա Թուրքիան Ադրբեջանի հետ հստակ առաջ է գնում՝ Հայաստանի ու հայության բնաջնջման ծրագրով»,- եզրափակեց Գագիկ Համբարյանը։

Տեսանյութեր

Լրահոս