Ադրբեջանի ցանկությամբ է սահմանազատումը սկսվել Տավուշի մարզից՝ 4 գյուղերը վերադարձնելուց են ուզեցել սկսել. Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ Ադրբեջանի պահանջով է սահմանազատումը սկսվել Տավուշի մարզից։

«Եթե ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ գործընթացը սկսված է՝ գործընթացը համաձայն պետական սահմանների է իրականացվելու։ Եվ ինչ-որ տարածքից ենք սկսել, որտեղ խնդրահարույց կետ կա՝ այդ ադրբեջանական չորս գյուղերի տարածքներն են, և Հայաստանը վերադարձնելու է, սա նշանակում է, որ գործընթացն արդեն սկսված է»,- նշեց իշխանական պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են սահմանազատման գործընթացը սկսել Տավուշի մարզից, և կա՞ վստահություն, որ Ալիևը դուրս կգա ՀՀ բռնազավթված տարածքներից։

Ալիևի հանդեպ վստահություն չի կարող լինել, հակադարձեց Արմեն Խաչատրյանը:

Իսկ ճշտող հարցին, թե դա նշանակում է, որ  անորոշ են սկսել սահմանազատման գործընթացը, Ա. Խաչատրյանը պատասխանեց՝ անորոշ չէ, գործընթաց է, որ սկսել են, և ամեն գնով պետք է առաջ տանեն։  Միջազգային ճնշումներով, պետք լինի՝ միջազգային դատարան դիմելով։

Կարդացեք նաև

«Ալիևն այն ֆիգուրը չէ, որ կարող է ամեն ինչ արհամարհել»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է ոսկեպարցիների ու բաղանիսցիների հայտարարություններին, որ ոտքի են կանգնելու և թույլ չեն տալու տարածքներ զիջեն, Արմեն Խաչատրյանն ասաց.

«Դուք կասկածո՞ւմ եք, որ քարտեզում դրանք ադրբեջանական են, լո՞ւրջ եք ասում։ Պրովոկացիաներ մի արեք, Փաշինյանը որևէ բան չի հանձնում, եթե դրանք ադրբեջանական տարածքներ են՝ տրվելու են իրենց, որը մեր տարածքն է՝ պետք է տրվի մեզ։

Իսկ գյուղացիներն ի՞նչ են մտածում, որ իրենց գյուղն ավելի մեծ լինի, երեք գետ ավելի լինի, և այլն, բոլոր հարցերը պետք է լուծվեն։ Ինժեներական լուծումների խնդիր է արդեն, թե որ ճանապարհը որ հատվածով պետք է գցեն, որպեսզի ավելի անվտանգ լինի, բայց այն, որ ասենք՝ մեզ հարմար է, որ Ադրբեջանի տարածքը մերը լինի, հա, շատ հարմար է, մի հազար հեկտար էլ որ լիներ, առհասարակ լավ կլիներ։ Շահագրգռվածությունն այն է, որ գործընթաց է սկսվել, ու դու չես կարող չվերադարձնել»,- հավելեց իշխանական պատգամավորը։

Հաջորդ հարցին՝ թշնամին երբ է  դուրս գալու Ջերմուկից, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, երբ սահմանազատման գործընթացը հասնի Ջերմուկին։

Թե ինչու սահմանազատումը չսկսվեց հենց Ջերմուկից, պատգամավորը պատասխանեց, որ Ադրբեջանը չի ուզել, Տավուշից է ուզել սկսել՝ 4 գյուղերը վերադարձնելուց են ուզեցել սկսել։

«Նախ՝ շատ մեծ խնդիր է եղել այդ գործընթացը սկսելը, կարող է այս երկրից չեք եղել, չեք տեսել։ Միակ դրական բանը, որ եղավ, այն էր, որ որոշվեց՝ պետք է սկսվի դելիմիտացիան։ Ադրբեջանն առաջարկել է, որ սկսենք հյուսիսային սահմանից»,- եզրափակեց Արմեն Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս