ՀՀ-ն որևէ պարագայում չի կարող վերածվել հակաիրանական հարթակի. Վարդան Ոսկանյան

Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի տեղակալ Աբրամ Փեյլին X սոցցանցի գրառումով, լուսանկարներով և տեսանյութով ամփոփել է Հարավային Կովկասի երկրներ կատարած այցերը:

Բանագնացը եղել է Հայաստանում, Վրաստանում ու Ադրբեջանում, հանդիպել տարբեր պաշտոնյաների հետ: Իր տեսանյութում Փեյլին նշել է՝ պաշտոնական ու մասնավոր հատվածների հետ քննարկել է Իրանի հանդեպ պատժամիջոցների պահպանման և Իրանի «ապակայունացնող վարքագծին ուղղված ջանքեր»-ին առնչվող հարցերը:

168.amիրանագետ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այս այցով ամերիկյան կողմը տարածաշրջանի երկրների առաջ հերթական պահանջն է դրել՝ Իրանին նոր պատժամիջոցներով ճնշելու համար: Ի պատասխան՝ իրանագետը մանրամասնեց.

«Դատելով հանդիպումների մակարդակից՝ ակնհայտ է՝ գործ ունենք Իրանի հետ հարավկովկասյան պետությունների հարաբերությունների տիրույթի հետ: Այդ հարաբերություններում ԱՄՆ տարբեր երկրներում տարբեր խնդիրներ են հետաքրքրում:

Կարդացեք նաև

Բնական է, որ Ադրբեջանի պարագայում գործ ունենք ակնհայտ հակաիրանական տրամադրություն ունեցող պետության և այդ պետության իշխանությունների հետ, ուստի այս տիրույթում խնդիրը, հավանաբար, գործողություններ կոորդինացնել է եղել: Մեկ այլ ուղղություն էլ կա. գիտեք, Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում երկաթուղային կապի խնդիր է դրված՝ հատկապես այժմ, երբ ՌԴ-ն կարիք ունի այդ ճանապարհի, իսկ այդ Իրան-Ադրբեջան երկաթուղային հարցը, բնականաբար, չէր կարող չանհանգստացնել ԱՄՆ-ին, և կարծում եմ՝ դա եղել է Ադրբեջանում հանդիպումների օրակարգում»:

Վարդան Ոսկանյանը Վրաստանի պարագայում խնդիրն այդքան էլ արդիական չի համարում՝ նկատելով, որ Վրաստան-Իրան նախկին համագործակցության մակարդակն այսօր չկա: Ըստ նրա՝ այլ հարց է Հայաստանը, քանի որ Հայաստանն Իրանի հետ ունի սերտ բարեկամական հարաբերություններ, ինչի մասին նույնիսկ այս իշխանություններն են հայտարարել:

«Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունները նպաստում են մեր պետության անվտանգության մակարդակի բարձրացմանը. ըստ էության, մեր հարավային ահմանի և ընդհանրապես ՀՀ Սյունիքի մարզի ու Ադրբեջան արհեստածին կազմավորման միջև գտնվող հատվածում իրանական գործոնն է, որ շատ դեպքերում զսպում է Բաքվի բռնապետի ախորժակը՝ հարձակվելու այդ տարածքների վրա: Դա իրանական կողմից արվում է գրեթե ողջ գործիքակազմով ՝ սկսած հռետորաբանությամբ և Բաքվի ու Անկարայի հետ տարվող դիվանագիտական աշխատանքով, վերջացրած՝ զորավարժություններով,- նշեց նա՝ հավելելով, որ հենց այս անվտանգային դրվագը հաշվի առնելով՝ պետք է կառուցել հայ-ամերիկյան հարաբերությունները,- ՀՀ-ն որևէ պարագայում չի կարող վերածվել հակաիրանական հարթակի»:

Արդյո՞ք գործող իշխանությունները, որոնք հակված են դեպի արևմտյան հարթակներ, ի վիճակի են այդ քաղաքականությունն առաջ տանել՝ մեր հստակեցմանն ի պատասխան՝ Վարդան Ոսկանյանն արձագանքեց.

«Կարծում եմ՝ բոլոր ուղղություններով մենք ունենք տապալումներ, հետևաբար, սին պատրանքներ պետք չէ ունենալ, թե ՀՀ ներկայիս կառավարիչներն այս տիրույթում կկարողանան կառավարել մարտահրավերն ու ռիսկերը, բայց մենք պետք է ձևակերպենք տեսլականը, որն է՝ ՀՀ-ն որևէ պարագայում չպետք է և չի կարող դառնալ բախումների հարթակ՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ համաշխարհային գերտերությունների միջև. մենք հնարավորություն ունենք մեր պետությունը դարձնելու ոչ թե բախումների ու կոնֆլիկտների ասպարեզ, այլ համագրծակցության տիրույթ»:

Որպես ասվածի օրինակ՝ իրանագետը հիշեցրեց երկխոսությունների հարթակի վերածված Կատարի նախադեպը:

Մեր զրուցակիցը նույն մեսիջներն ուղղեց նաև ՌԴ առնչությամբ՝ պարզաբանմամբ, որ ՀՀ-ն չի կարող շռայլություն թույլ տա դառնալ հակառուսականության հարթակ. դա ուղղակի չի բխում մեր շահերից:

«Այստեղ ևս մենք պետք է փորձենք արդի աշխարհում, շատ բարդ միջպետական հարաբերութուների տիրույթում, ըստ էության, կանոնների բացակայության պայմաններում, ապահովել մեր պետության, ազգի անվտանգությունը: Դա է պետություն կառավարելու տրամաբանությունը. պետություն կառավարելը միայն ծառայողական մեքենաներից օգտվել չէ»,- ամփոփեց Վարդան Ոսկանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս