Բաժիններ՝

«Ժողովրդի փողերը շաղ են տալիս քամուն. նոր նախարար են նշանակել, որը գործից հեռու մարդ է». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ Գյուղատնտեսության նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությանը միավորելու արդյունքն այսօր տեսնում են բոլոր, մասնավորապես՝ ֆերմերները, որոնք ամեն օր բախվում են տարբեր խնդիրների ու չգիտեն, թե ում է պետք դիմել։

«Հիմա գյուղատնտեսության ու ֆերմերների խնդիրներով զբաղվում են միայն հասարակական որոշակի կազմակերպություններ, բայց կառավարությունն այնպես է անում, որ նրանց աշխատանքին էլ խոչընդոտի։ Ու այսքանից հետո ուզում են գյուղատնտեսություն զարգացնեն, չնայած չեն ուզում, եթե ուզենային, նախարարությունը չէին միավորի Էկոնոմիկայի նախարարության հետ, որի հետ որևէ աղերս չունի»,- 168.am հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։

Ըստ Հրաչ Բերբերյանի, այն ծրագրերը, որոնք Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը վերջին տարիներին սկսել էր՝ խոշոր եղջերավոր անասունների, մեղվաբուծության վերաբերյալ, այդպես էլ Կառավարությանը չներկայացրեց։ Այս համատեքստում մեր զրուցակիցը կարևորեց մեղվաբուծության վերաբերյալ ծրագիրը, քանի որ վերջին տարիների ընթացքում այն Հայաստանում լուրջ անկում է ապրում, և պետությունը որևէ ուշադրություն չի դարձնում։

«Ներկայացնում են միայն սուբսիդավորման ծրագիր, բայց Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն իր բերանով ասում է, թե սա կոռուպցիայի բուն է, իր խոսքերն եմ ասում: Ասում է՝ «երևում է՝ աշնանը մարդ ենք նստացնելու»։ Սա էլ հո ե՞ս չեմ ասում, իրենք են խոստովանում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի պատասխանն ավելի աբսուրդային է. ասում է՝ «դե, այս մի տարին այսպես յոլա տանենք, հաջորդ տարի մի բան կանենք»։ Այսինքն՝ ժողովրդի փողերը շաղ են տալիս քամուն։ Ես դեռ 10-15 տարի առաջ առաջարկել էի, որ ցորենի ցանքատարածքներն ավելացնեն՝ պետության  սուբսիդավորմամբ։ Բայց կոնկրետ այս սուբսիդավորման վերաբերյալ ծրագիրը, կներեք, բայց գործից չհասկացող մարդ է ներկայացրել։ Նախ, այդ ծրագիրը հիմա չպետք է անեին, որովհետև տեղյակ չեն, որ Հայաստանի գարնանացան ցորենի ընդհանուր 10 տոկոսն էլ չի կազմում, հիմնականում գարին է, իսկ ցորենի ծրագիրը կարող էին աշնանն անել»,- ընդգծեց Հ. Բերբերյանը։

Կարդացեք նաև

Նա նաև ասաց՝ այսօր նույնիսկ գյուղապետեր կան, որոնք չգիտեն, թե ցորենի որքան ցանքատարածքներ ունեն իրենց գյուղերում, հետևաբար՝ ի՞նչ թվեր են նկարելու ու ցուցադրելու։ Հստակ երևում է, որ բաց կա, ու այդ բաց հատվածում էլ փողեր են շաղ տալիս, փողեր են լվանում։

Գյուղատնտեսության ոլորտին լավատեղյակ մասնագետը վստահ է՝ եթե աշխատանքն իրականացվի անմիջապես գյուղացու հետ, ապա փողերի լվացման ռիսկերը կարող են որոշակիորեն նվազել։

«Հիմա Էկնոմիկայի նոր նախարար են նշանակել, որը գործից հեռու մարդ է, թե ինչ է ավարտել՝ չգիտենք։

Գյուղատնտեսության ոլորտը ծանր ոլորտ է, դժվար,  նոր իշխանությունները եկան, այդ ոլորտից գլուխ չհանեցին, որոշեցին հարցը լուծել՝ այն փակելով։ Էկոնոմիկայի նախարարությունը որևէ կապ չունի գյուղատնտեսության նախարարության հետ. առաջինը կոորդինացնող է, երկրորդը՝ արտադրության։ Երկու անհամատեղելի նախարարություն, միշտ ասել եմ ու կասեմ՝ թուրքի արած էր այդ ամենը»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Տեսանյութեր

Լրահոս