ԱՄՆ-ը սկսում է փարատել Ադրբեջանի մտահոգությունները․ Բրյուսելում սպասվող աղմկահարույց հանդիպման որոշ օրակարգային հարցեր բացահայտվում են
Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող Փաշինյան-Բլինքեն-դեր Լայեն աղմկահարույց հանդիպումն ու դրա արդեն իսկ հայտարարված օրակարգային որոշ հարցեր դիվանագիտական փոխադարձ «կսմիթների» պատճառ են դարձել։
Ավելին՝ հավաքական Արևմուտքը փորձում է «հանգստացնել» Բաքվին և հավաստիացնել, որ եռակողմ հանդիպումը չի անդրադառնալու ՀՀ անվտանգության կամ Արցախի հետ կապված՝ Ադրբեջանի կողմից սուր ընկալվող թեմաների։
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը նախօրեին «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» էր որակել այդ հանդիպումը։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նշել էր, թե «այն հայկական կողմին խաղաղ բանակցությունների մղելու փոխարեն՝ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է ստեղծում»՝ նշելով՝ «Վաշինգտոնի և Բրյուսելի նման բացահայտ հայանպաստ վերաբերմունքը կարող է Հայաստանում վտանգավոր պատրանք ստեղծել, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ը կաջակցեն Հայաստանին Ադրբեջանի դեմ հնարավոր սադրանքների հարցում»։
Բաքուն հայտարարել էր, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ը այս դեպքում «պատասխանատվություն են կիսում Հայաստանի ցանկացած ապակայունացնող գործողությունների համար»։
Թշնամական երկիրն այս հանդիպումը որակել էր նաև ոչ ներառական՝ հայտարարելով, թե այդ փաստը իբրև թե կարող է ՀՀ-ին մղել ռեգիոնալ իրավիճակի ապակայունացման։
Ի պատասխան այս հայտարարության, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անհամաձայնություն է հայտնել Բաքվի պնդումներին, թե ապրիլի 5-ին սպասվող եռակողմ հանդիպումը կարող է ապակայունացնել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
«Ես ակնհայտորեն չէի համաձայնի այդ մեկնաբանություններին։ Այս հանդիպման առանցքում տնտեսական դիմակայությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչպե՞ս կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստացնել աշխարհի որևէ մի երկրի»,- ասել է Միլլերը։
Ավելի վաղ հայտարարելով Բրյուսելում նման հանդիպման կազմակերպման մասին՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, թե նախատեսվում է քննարկել եռակողմ համագործակցության ուղիները, հանդիպումը նաև Հայաստանի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով է։ Իսկ ՀՀ ներկայիս իրավիճակում «դիմակայունություն» ասելով՝ նկատի է առնվում ոչ միայն տնտեսությունը, այլ գլխավորապես անվտանգության ոլորտը։ Սակայն ամերիկյան կողմը փաստորեն հանդիպման անվտանգային օրակարգ չի հայտարարում, ինչից կարելի է ենթադրել, որ սպասվող այս հանդիպումը կա՛մ նման օրակարգ չուներ, նման քննարկումներ չէին նախատեսվում, կա՛մ ամերիկյան կողմը փորձում է փարատել Բաքվի մտահոգությունները՝ այն դեպքում, երբ Բաքուն ընդհանրապես չպետք է անդրադառնար այս հանդիպմանը, քանի որ դա վերաբերում է բացառապես ՀՀ-Արևմուտք հարաբերություններին, և այստեղ Բաքվի մտահոգությունները որևէ կողմի համար չպետք է որ կարևորություն ներկայացնեին։
Բացի այդ, Բաքուն ինքն է մերժել Վաշինգտոնում կամ Բրյուսելում եռակողմ բանակցությունները շարունակելու Արևմուտքի ծրագրերը։
Ռուսաստանի արտգործնախարարության ներկակացուցիչ Մարիա Զախարովան ևս անդրադարձել է թեմային. Նա տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Մոսկվային անհանգստացնում է ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը։
«Թեև ընդգծվում է, որ այդ հանդիպումը երրորդ կողմի դեմ չէ, սակայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչներն ուղղակիորեն ասում են մեր գործընկերներին, որ իրենց գործողությունները հիմնականում Ռուսաստանի դեմ են։ Ուղիղ հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով»,- գրել է Զախարովան՝ շեշտելով, թե նման հանդիպումներն անհանգստություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի մոտ։
Ըստ Մոսկվայի՝ «դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլև Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելուն, Մոսկվայի հետ դարավոր կապերը քանդելուն, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գոյություն ունեցող մեխանիզմները թուլացնելուն»։
Զախարովան նշել է, թե Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առջև վերածվում է «հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի»։
«Մեծ հարց է, թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը։ Չէ՞ որ Հայաստանին ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր պլանների իրականացման գործիքի, որն ամբողջովին տարբերվում է հայ ժողովրդի արմատական շահերից»,- գրել է ռուս դիվանագետը։
168.am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախն ասաց, որ եռակողմ հանդիպումն ամենայն հավանականությամբ անդրադառնալու է ՀՀ-ի համար կարևոր բոլոր հարցերին, որոնք վերաբերում են հակամարտություններին և Հայաստանի ներկայիս իրավիճակի հաղթահարմանը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը ու ԵՄ-ն պետք է հասկանան, թե ինչ խնդիրներ կան, ու ինչ գործիքներով կարելի է հասցեագրել այդ խնդիրները։
Վերլուծաբանը գտնում է, որ ԱՄՆ-ը արձագանքում է ադրբեջանական կողմի հայտարարությանը, քանի որ կարևոր է, թերևս, բացառել այդ հանդիպման կապն ու ռեգիոնում որևէ ապակայունացում։
Բացի այդ, Հալբախի խոսքով, Ադրբեջանը ևս Հարավային Կովկասում կարևոր գործընկեր է Արևմուտքի համար, ուստի պետք է պարզաբանել ցանկացած հարց, որը սխալ է մեկնաբանվում կամ ընկալվում։
«Արձագանքը, կարծում եմ, չպետք է մեկնաբանել` որպես Արևմուտքի թուլություն, կարծում եմ՝ Արևմուտքն արել է համապատասխան հաշվարկներ մինչ նման քննարկումներ սկսելը և այդ հաշվարկներն աշխարհաքաղաքական հիմք ունեն և վերաբերում են ոչ միայն Հարավային Կովկասին»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա Ուվե Հալբախը գտնում է, որ դա լավ հանգրվան է ՀՀ-Արևմուտք հարաբերություններում։
«Հայաստանի դեպքն առանձնահատուկ է Արևմուտքի համար, քանի որ Արևմուտքը երբեք նման ձևաչափով չէր համագործակցել ՀԱՊԿ անդամ երկրի հետ։ Թերևս, տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական բուռն իրադարձությունները շատ կարծրատիպեր են փոխում և ստիպում կայացնել արտասովոր որոշումներ։
Կարծում եմ՝ այս փուլում խոսք չի կարող լինել ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի անդամակցության մասին, սակայն այն չի կարող չանդրադառնալ անվտանգությանը, գուցե դա արվի անուղղակի եղանակներով։ Հաշվի առնելով Հայաստանի իրավիճակը, բնականաբար, Արևմուտքը պետք է Ռուսաստանի փոխարեն՝ ինչ-որ բան առաջարկի, կարողանա լցնել այն բացերը, որոնք կան ու գուցե առաջանան առաջիկայում, եթե ՀՀ-ն վերջնականապես և պաշտոնապես լքի ՀԱՊԿ-ը։
Սրանք չափազանց բարդ ու անկանխատեսելի ընթացք ունեցող զարգացումներ են։
Բարդ է նաև ասել, թե այս ամենի արդյունքում Հարավային Կովկասում իրականում ինչ կփոխվի, քանի որ Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական հիմնական դիմակայությունը ծավալվում է Ուկրաինայում, և Ուկրաինայից է կախված ամեն ինչ։ Իսկ այս ամենին Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի բացասական վերաբերմունքը լիովին հասկանալի է, սակայն այստեղ խոսք է գնում բացառապես ՀՀ-Արևմուտք հարաբերությունների և ՀՀ ներուժի մասին։ Այնուամենայնիվ, ես այդպես եմ տեսնում, գուցե այլ ընթացքի ականատես դառնանք»,- ասաց նա։