Փաշինյանը բառացի մեջբերում է թուրքական հակահայկական նարատիվները. քաղաքագետ
ՀՀ հանդեպ նկրտումների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները չեն սահմանափակվում միայն տարբեր հարցազրույցներով ու ասուլիսներով. նա այդ մասին հայտարարում է նաև հանդիպումների ձևաչափում: Հերթականը Գյումրիում էր, երբ սեփական թիմի անդամներին նա տեղեկացրեց՝ Հայաստանի ներկայիս պաշտպանական համակարգերը, որ պետք է ապահովեին տարածքի անձեռնմխելիությունը, չեն աշխատում, ապա հայտարարեց՝ պետք է երկրի անվտանգությունն ապահովելու լուծումներ գտնել։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ 30 տարիների համար են փորձելու Հայաստանից վրեժ լուծել. «Ասեն՝ «իրենք մեր էս տարածքը վերցրել, չէին տալիս, մենք դրա համար հարձակվեցինք, դե մնացածն էլ կոնտրոլից դուրս եկավ, և այլն»։
«Փաշինյանը բառացի մեջբերում է թուրքական հակահայկական նարատիվները,- 168.am-ի հետ զրույցում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հերթական թեզերին՝ նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը,- Մենք այս ամենին հասել ենք թուրքամետ դիրքոշորման համար. նա մտադիր է հանձնել հայկական տարածքները, ինչը և անում է»:
Քաղաքագետի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում վերարտադրել և վերարտադրելու է ադրբեջանական ստերն ու ֆաշիստական թեզերը՝ հետագայում նաև այլ տարածքների հանձնումը լեգիտիմացնելու համար:
Ինչպես կանխել Տավուշում սկսված պրոցեսը՝ մեր հարցադրմանը Հրանտ Միքայելյանն արձագանքեց վստահեցմամբ. «Երկիրը, պետությունը պետք է պահի իր տարածքը, ինչպես ՀՀ-ն պետք է պահեր Արցախը, այնպես էլ պետք է պահի այս տարածքները»:
Պաշտպանական մեխանիզմները չեն արդարացնում փաշինյանական հերթական թեզը, նա դա համարում է պարզունակ՝ նկատելով, որ դրա պատճառներն անգործությունն ու միտումնավոր ձախողումն է:
«Միտումնավոր քանդվում է մեր պաշտպանական համակարգը, և հետո ասում է, որ չեն արդարացնում. եթե դու ոչինչ չանես, բոլորի հետ հարաբերությունները փչացնես, ու հետո ակնկալես, որ դրանք ինքնըստինքյան կաշխատեն՝ չի լինելու»,- հավելեց նա՝ հիշեցնելով, որ բանակի ղեկավարությունը հետապնդումների է ենթարկվում, ենթակառուցվածքներ չեն կառուցվում, մինչև պատերազմը ձեռք բերված ՍՈՒ 30-ների նմանությամբ՝ երրորդ կարգի տեխնիկա է ձեռք բերվում, անհասկանալի զենքեր, բանակը ղեկավարում է մարդ, որը բանակի հետ ընդհանրապես աղերս չունի,- Ու ո՞նց կարող է բանակը նման պայմաններում պահի սահմանը»:
Անվտանգային նոր լուծումների, անվտանգային դիվերսիֆիկացիայի արևմտյան փնտրտուքների այս իշխանության օրակարգերի մասին մեր դիտարկումներին անդրադառնալով և պատասխանելով հարցին, թե օբյեկտիվ չէ՞ արդյոք դաշնակից ՌԴ-ից դժգոհությունը, քանի որ հենց ռուս խաղաղապահների աչքի առաջ բռնի տեղահանվեցին 120 հազար արցախահայերը, քաղաքագետը պատասխանեց.
«Դա միանշանակ հարց չէ. իդեալական դաշնակից գրեթե չի լինում: ՌԴ-ն ևս ունի իր կարողություններն ու սահմանափակումները, բայց ինչպես երկրի ներսում է Փաշինյանն ամեն բան արել, որ երկիրն անպաշտպան լինի, նույնն արել է նաև արտաքին ասպարեզում, որպեսզի ՌԴ-ից այդ աջակցությունը չլինի:
Այսինքն՝ կլիներ, թե չէր լինի այդ աջակցությունը՝ այլ հարց է, բայց նրա կողմից ամեն բան արվեց, որ չլինի»:
Այս համատեքստում մեր զրուցակիցը մանրամասնեց՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սկսեցին քանդվել 2018թվականից, մինչև 2020 թվականի պատերազմն արդեն հակառուսական քարոզչություն էր, կառուցվածքային փոփոխություններ էին տեղի ունենում:
«Բայց 2020 թվականին ՌԴ-ն շատ է աջակցել ՀՀ-ին, թեև շատ հարցերում այդ աջակցությունը նվազեցված էր: ՌԴ-ն ստիպեց Փաշինյանին ստորագրել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ թույլ չտալով, որ Արցախն ամբողջապես քանդվի»,- հավելեց Հրանտ Միքայելյանը՝ պարզաբանելով, որ Փաշինյանն ուզում էր ամբողջությամբ Արցախը հանձնել,- Ռուսաստանն ասում էր՝ եկեք կարգավիճակի հարցը թողնենք և բանակցենք երրորդ կարգի հարցեր. Փաշինյանը՝ ոչ, գնաց և Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչով ապալեգիտիմացրեց ՌԴ ներկայությունն Արցախում:
Այսպիսով, ՌԴ-ն կարող էր տեսականորեն ներգրավվել, այո՛, բայց Փաշինյանն արել է ամեն ինչ. որ դա չլինի, որպեսզի հետո մեղադրելու տեղ լինի, և այլն:
Այսինքն՝ ամեն դեպքում, մենք մեր հարցերը պետք է ուղղենք Փաշինյանին, որովհետև, այսպես կոչված, դիվերսիֆիկացիայի ծրագիրը կազմված է եղել մինչև 2020 թվականի պատերազմը և իրականացվել է 2018 թվականից, իսկ հիմա դրա զարգացումներին ենք ականատես լինում»:
Քաղաքագետն անիրատեսական է համարում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերը. ըստ նրա՝ այս համագործակցությունը կսահմանափակվի ինչ-ինչ դիտորդական խմբերի առաքելությամբ, որով հնարավոր չի լինի լուծել ՀՀ անվտանգային հարցերը: