Ինչպե՞ս էին հայերը Բաքվի գրական թերթում Արցախի մասին ստեղծագործություններ տպագրում

Խորհրդային ժամանակաշրջանում, երբ Հայաստանը և Ադրբեջանը մեկ միության կազմում գտնվող երկրներ էին, ստիպված էին ապրել, այսպես կոչված, բարեկամության և խաղաղության պայմաններում: Դրա հիմքում, բնականաբար, ԽՍՀՄ-ի ծանր և երկաթյա ձեռքն էր, մյուս կողմից՝ այդ ամենն իրականացնում էին նաև մշակութային և հասարակական պրոպագանդայով:

Հայ գրողներն ու մտավորականներն այցելում էին Բաքու, ունենում ելույթներ և հանդիպումներ: Զուգահեռաբար՝ ադրբեջանցի գրողներն իրենց հերթին գրում էին ստեղծագործություններ Խորհրդային Հայաստանի մասին, դրանք թարգմանվում էին հայերեն և հասու դառնում հայ ընթերցողին:

Խորհրդային պրոպագանդայի արդյունք էր նաև «Գրական Ադրբեջան» հանդեսը: 1957 թվականին Խորհրդային Ադրբեջանի Կենտկոմը որոշում է կայացնում տպագրել «Գրական Ադրբեջան» հանդեսը: Հանդեսն Ադրբեջանի գրողների միության մաս էր կազմում:

Կարդացեք նաև

Հանդեսն ունեցել է բավականին երկար կյանք և տպագրվել է 1957-1989 թվականներին: Հանդեսի ստեղծման առաջնային նպատակներից էր, բնականաբար, ժողովուրդների բարեկամության ու եղբայրության պրոպագանդան, ինչի մասին գրվում է և հանդեսի առաջին համարի նախաբանում.

«Հանդեսն ակտիվորեն կպրոպագանդի ժողովուրդների բարեկամության և եղբայրության ազնիվ գաղափարները, մեծ տեղ կհատկացնի ինտերնացիոնալ դաստիարակության հարցերին և առանձնապես կնպաստի հայ և ադրբեջանական ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդմանը»: (Տե՛ս  «Գրական Ադրբեջան», N 1, էջ 4):

Հանդեսում տպագրվում էին Ադրբեջանում ապրող հայ և ադրբեջանցի գրողների ստեղծագործությունները:

Հանդեսին թղթակցում էին նաև Խորհրդային Հայաստանում ապրող գրողները: Առաջին համարը լույս տեսավ հենց 1957 թվականի հունվար-փետրվար ամիսներին: Այն բուռն ողջունեցին հատկապես ադրբեջանցի հեղինակները, ովքեր իրենց ողջույնի խոսքում ընդգծում էին հանդեսի կարևորությունը, քանի որ Բաքվում ապրում և ստեղծագործում էին մեծ թվով հայ հեղինակներ: Հանդեսի առաջին համարում լույս տեսան մի շարք ողջույնի խոսքեր: Այդ ցանկում էր նաև հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ողջույնը, ով, ի դեպ, մահացավ հենց նույն՝ 1957 թվականի հոկտեմբերին:  Իսահակյանն իր ողջույնի խոսքում հատկապես ընդգծում է հանդեսի հայկական լինելու փաստը.

«Ադրբեջանի սովետական գրողների հարգելի միությանը

Մեծ ուրախությամբ լսեցի, որ շուտով վերահրատարակելու եք Ադրբեջանի հայ գրողների ամսագիրը՝ «Գրական Ադրբեջան»-ը:

Ցանկանում եմ ընկերներին հաջողություններ մեր գրականությունների զարգացման և նրանց եղբայրական կապերի ամրապնդման գործում:

Ընկերական ողջույններով՝ Ավետիք Իսահակյան

25 փետրվարի 1957թ.: Երևան»:  (Նույն տեղում՝ էջ 6):

Հանդեսի առաջին համարը բուռն ողջույններով ընդունում են  նաև ադրբեջանցի գրողներն ու հեղինակները: Հանդեսի գլխավոր խմբագիրները հիմնականում հայերն էին: Հանդեսի խմբագրակազմում, հայերից զատ, եղել են նաև ադրբեջանցիներ: Հանդեսի հենց առաջին համարում տպագրվում է գրող Սամվել Գրիգորյանի «Ղարաբաղում» բանաստեղծությունը:

«Ղարաբաղում». Սամվել Գրիգորյան

Նորից ձեզ մոտ եմ, լեռներ իմ, լեռներ,

Ձեր բույրն եմ շնչում ահա ես նորից,

Ախ, ո՞ւր եք, ո՞ւր եք, իմ խաղընկերներ,

Չեմ հանդիպել ձեզ անջատման օրից:

Դուք կաք, ապրում եք նորից իմ սրտում,

Գիտե՞ք, որքա՜ն եմ կարոտել ես ձեզ,

Մի՛ նայիր, ուռի, ինձ այդպես տրտում,

Չէ՞ որ էլ այն որբ երեխան չեմ ես:

Եվ դո՛ւ, իմ հպարտ, իմ հզոր կաղնի,

Որ առաջինն ես ինձ ընկերացել,

Ի՞նչ ես փսփսում հովի հետ գաղտնի,

Որ փոխվե՞լ եմ ես, արդեն ծերացե՞լ:

Բայց, ասա, ի՞նչն ես ափսոսում այդպես,

Իմ արցունքնե՞րը, իմ վի՞շտը անցած,

Չէ՞ որ տեսել ես ինձ ծերունու պես

Միշտ էլ բեռան տակ մեջքից կորացած:

Կյանքիս գարունն էր, երբ ես հեռացա,

Բայց իմ հոգու մեջ ձմեռ էր անվերջ,

Ի՞նչ փույթ, թե գլխիս ձյուն վերադարձա,

Չէ՞ որ գարուն եմ բերել սրտիս մեջ»: (Նույն տեղում՝ էջ 17)

Փաստացի, Բաքվում տպագրվող պարբերականի, որը կառավարվում էր երկրի ղեկավարության և Ադրբեջանի սովետական գրողների միության կողմից, խմբագրակազմում ադրբեջանցիներ էին, տպագրում էին հայ գրողի ստեղծագործությունն Արցախի մասին: Ճիշտ է, հանդեսի գլխավոր խմբագիրները գրեթե միշտ եղել են հայերը, սակայն մեծ կամք ու հեղինակություն էր պետք այդ շրջանի Բաքվի հանդեսում տպագրել Արցախի մասին հայ հեղինակի ստեղծագործությունը: Նմանատիպ ստեղծագործություններ կան հանդեսի հետագա համարներում ևս, որտեղ հայ հեղինակները մասնավորապես ներկայացնում են Արցախի մասին իրենց հուշերը: Ստեղծագործության տողատակերում հեղինակները երբեմն նուրբ ընդգծում են Արցախի հայկական լինելու և հայերի հայրենիք լինելու պատմական փաստը:

Ընդգծենք, որ 1957 թվականին Արցախը Խորհրդային Ադրբեջանում ուներ ինքնավար մարզի կարգավիճակ՝ ԼՂԻՄ անվամբ:

Զ.  ՇՈՒՇԵՑԻ

Տեսանյութեր

Լրահոս