Էդվարդ Ասրյանը հիշեցրել է իր զբաղեցրած պաշտոնի սահմանադրական կարգավիճակը՝ ԶՈւ առաջին դեմքն է. մեսի՞ջ, թե՞…
Մարտի 25-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը՝ ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ. հիմնական մասը հանձնաժողովի որոշմամբ անցկացվել է փակ ձևաչափով: Իսկ բաց մասում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային վիճակով պայմանավորված` 2023 թվականը բավական բարդ տարի էր պաշտպանական գերատեսչության և ամբողջ Զինված ուժերի համար: Այսինքն, տարվա ընթացքում զորքերը հիմնականում գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով:
«Մայիս և սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակի սրմամբ պայմանավորված, Զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության տարբեր աստիճանների»,- շեշտել է նախարարը՝ հավելելով, որ ծառայությունն ու մարտական հերթապահությունն իրականացվել է՝ հաշվի առնելով նաև «քաղված» դասերը:
Թե ինչ «քաղված» դասերի մասին է խոսքը, նա չի հստակեցրել, բայց փաստ է, որ դասեր քաղելու մասին խոսակցությունները կամ պնդումները, մեղմ ասած՝ այնքան էլ վստահություն չեն ներշնչում:
Իսկ այն, որ այսօր բանակը ճակատագրական ընտրության առջև է կանգնած՝ Տավուշի տարածքների հանձնման համատեքստում, փաստ է:
Մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը սկսվելու է Տավուշի մարզից, և, որ առաջիկայում կգնա և տեղի գյուղերի բնակիչներին կբացատրի՝ «Օրինակ, Ոսկեպար գյուղի հատվածում ճանապարհի մի կտոր դե յուրե ՀՀ գիծը հատում է, նորից մտնում է ՀՀ տարածք: Եվ պետք է գնալ, մի քանի փոքր կտոր կա. դո՞ւրս է գալիս այդ ճանապարհները դե յուրե հայկական սոցիալիստական հանրապետությունից, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ»:
Եվ մարտի 18-ին Փաշինյանը գնացել էր Տավուշի մարզ և Ոսկեպարում հանդիպել Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ: Բնականաբար, Փաշինյանն այնտեղ դիմել էր մանիպուլյացիայի և չէր ներկայացրել Տավուշի ռազմավարական նշանակության տարածքների, ճանապարհների, մարտական դիրքերի հանձնման անվտանգային ռիսկերը, և այն, որ այդ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ: Իսկ Տավուշում սահմանագծման և սահմանազատման գործընթացն իրականացվելու է Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի հատվածում:
Ըստ էության, ականատես ենք լինելու Տավուշի հատվածից զորքի միակողմանի հետքաշման, ինչպես եղավ Սյունիքի դեպքում՝ Փաշինյանի միանձնյա որոշմամբ, և մոտ 20 դիրք կորցնելու ենք միայն Ոսկեպար-Կիրանց հատվածում: Ավելին՝ մենք կորցնում ենք Հայաստանի հյուսիսարևելյան պաշտպանական ամուր գիծը:
Այսօր լրագրողները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստից հետո նախ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից են փորձել պարզել՝ վերջնական որոշումներ կա՞ն Տավուշի գյուղերի հետ կապված, ի՞նչ են անելու, ինչին նա արձագանքել է. «Ամեն ինչի մասին խոսվում է և՛ բաց, և՛ թափանցիկ։ Կարծում եմ՝ լրատվության, վերլուծությունների և տեսակետներ հայտնելու պակաս որևէ մեկը չունի»։ Այնուհետև հակադարձմանը, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարները չեն խոսում, և այս լռությունը մտահոգիչ է, պաշտպանության փոխնախարարն ի պատասխան վստահեցրել է՝ պաշտպանության ոլորտի ղեկավարները որևէ մտահոգիչ քայլ չեն անում՝ շրջանցելով զորքի հետքաշման և դիրքային փոփոխություններին առնչվող հարցերը: Սա, իհարկե, դեռ:
Տավուշի հետ կապված ամեն ինչ խոսվում է բաց և թափանցիկ, այո, Նիկոլ Փաշինյանը շատ բաց տեքստով ասում է, որ Տավուշից տարածքներ և դիրքեր ենք կորցնելու, և, որ ՀՀ զինված ուժերին նշված հատվածում փոխարինելու են սահմանապահ զորքերը, որովհետև սահմանազատման և սահմանագծման գործընթացից հետո այդտեղ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև ձևավորվելու է պետական սահման:
Ի դեպ, ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարողականի քննարկման բաց հատվածում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը տեղեկացրել է, որ «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է «Սահմանապահ զորքերի կառավարում» ցիկլը (մասնագիտությունը), որտեղ ուսումնառություն են անցնում ՀՀ սահմանապահ զորքերի կուրսանտները»:
Իսկ Տավուշի տարածքների հանձնման հետ կապված պարզաբանումներ փակ նիստից հետո լրագրողները փորձել են ստանալ նաև ԳՇ պետ Էդվարդ Ասրյանից՝ տալով հռետորական, բայց գուցե տրամաբանական հարց, թե՝ «հայրենիք ենք հանձնում, Դուք ասելիք չունե՞ք», ինչին ի պատասխան՝ նա վրդովված արձագանքել է. «Ո՞վ է հայրենիք քանդողը, ո՞վ է հող հանձնում, մենք հող հանձնող չենք»:
Հակադարձմանը՝ նորմա՞լ է, որ երկրի վարչապետն ասում է՝ եթե հողերը չտանք, պատերազմ կլինի՝ Ասրյանը պատասխանել է. «Գլխավոր շտաբի պետը Զինված ուժերի ղեկավարն է, առաջին դեմքը, և ես ղեկավարում եմ Զինված ուժերը: ԶՈւ-ն իր առջև դրված խնդիրները կատարում է: Իսկ պատերազմը, հասկանո՞ւմ եք, կարող է լինել 1, 2, 3 ժամ հետո, 1 տարի հետո, 5 տարի հետո»։
Էդվարդ Ասրյանի վերջին պատասխանի տրամաբանության մեջ հարկ է հիշեցնել, որ ՊՆ և ԶՈւ ղեկավարության պատասխանատվության գոտում են բանակի պահպանության տակ գտնվող տարածքները: Այսինքն, դրանցից տարածքային կորուստների համար նույն ԳՇ պետն ունի իր պատասխանատվության չափը, տվյալ դեպքում՝ Տավուշի դիրքերի հանձնման կամ դրանցից զորքի հետքաշման համար, ինչպես նաև 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի համար, որտեղ կան դիրքեր, ռազմավարական բարձունքներ և այլն: Կամ առնվազն բանակը պետք է հայտարարի, որ փորձել են կանխել, և քաղաքական ղեկավարությունը խոչընդոտել է, թույլ չի տվել համարժեք գործողություններ իրականացնել:
Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Էդվարդ Ասրյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր, 2021 թվականի մայիսի 12-13-ի ադրբեջանական առաջխաղացման ժամանակ նույն պաշտոնին էր: Նույն թվականի մայիսի 21-ից էլ նա ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն էր, նոյեմբերյան մարտերի ժամանակ վերոնշյալ պաշտոնին էր, իսկ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ Էդվարդ Ասրյանը զբաղեցնում էր ԳՇ պետի պաշտոնը՝ 2022-ի հուլիսից:
Ընդ որում, Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին Էդվարդ Ասրյանին՝ որպես ԳՇ պետ ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ «ճիշտ որոշում է կայացված»:
«Որոշակի օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, և Գլխավոր շտաբի պետն այսուհետ օրենքի ուժի մեջ մտնելու պահից նաև Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է լինելու՝ սրանից բխող հետևանքներով»,- ընդգծել էր Փաշինյանը:
Այս փոփոխությունը, մասնագետների կարծիքով, հակասում է ՀՀ սահմանադրությանը, որով Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, իսկ այս դեպքում, դե ֆակտո կարգավիճակի նվազեցման հետ գործ ունենք:
Ի դեպ, այսօր լրագրողների հետ զրույցում ինքը՝ Էդվարդ Ասրյանը, ևս հիշել է, որ «Գլխավոր շտաբի պետը Զինված ուժերի ղեկավարն է, առաջին դեմքը»:
Արդյո՞ք սա մեսիջ էր Փաշինյանին, Սուրեն Պապիկյանին՝ Տավուշի դիրքերի հնարավոր կորստի և զորքի հետքաշման առաջարկ-պահանջների ֆոնին, թե՞… և ի՞նչ հետևանքների մասին էր իրեն նշանակելիս ակնարկում Նիկոլ Փաշինյանը…
Մյուս կողմից, Ասրյանի այս հիշեցումը ենթադրում է հստակ պատասխանատվություն, ինչի մասին արդեն նշեցինք վերևում:
Եվ Էդվարդ Ասրյանը, ով 2021 թվականի փետրվարի 25-ին մոտ 4 տասնյակ գեներալների շարքում ստորագրել էր Զինված ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ՝ համաձայնելով, որ «Փաշինյանի կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում, և, որ գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», այսօր պետք է օգտվի իր սահմանադրական կարգավիճակից և դուրս չգա դրանից, ինչպես, օրինակ, 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի օրերին, երբ ԳՇ-ն և գեներալ Ասրյանը փորձել էին փրկել Փաշինյանի քաղաքական դեմքը:
Ի դեպ, 168.am-ը գրել էր, որ Տավուշի տարածքների, դիրքերի հանձնման պահանջ ներկայացրած Փաշինյանը մի օր քաղաքական որոշում է կայացնելու՝ դատել իր իսկ անօրինական հրահանգները կատարած զինվորականներին:
Այսօր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը, ըստ էության, հաստատել է մեր այս պնդումը՝ զինվորականներին հորդորելով նահանջի հրաման ստանալու դեպքում այն գրավոր պահանջել: