«Ամբողջ գիշեր բոլորն իրենց մաշկի վրա զգացին, որ պետք է մի հատ սթափվեն». Անդրանիկ Քոչարյանի նախաբանը՝  ԱԱԾ տնօրենի հաշվետվությունից  առաջ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այսօր ներկայացրեց ոլորտի տարեկան հաշվետվությունը՝ մի մասը՝ բաց, մյուս մասը՝ փակ ձևաչափով։

Նիստի բաց հատվածում, մինչև խոսքը ԱԱԾ տնօրենին փոխանցելը, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ երեկ Երևանում տագնապալից իրավիճակ էր, քանի որ ոստիկանական բաժիններից մեկը ներխուժել էին զինված մարդիկ, և պարզ չէր, թե ինչ զարգացումներ ու հեռանկար կարող էր լինել։

«Ի պատիվ մեր ուժային կառույցների՝ ՆԳՆ-ի և ԱԱԾ-ի,  խնդիրը լիկվիդացվեց, սակայն դա մեզ մտածելու տեղիք է տալիս, որ փաստորեն դեռ տներում շատ զենք կա, և շատ ուրախ եմ, որ այսօր ոստիկանության ներկայացուցիչներն էլ այստեղ են։ Շնորհավորում եմ մեզ երեկվա արագ բացահայտումների համար, համոզված եմ, որ ամբողջ գիշեր աշխատանք է տարվել, և ՀՀ-ում  որևէ զինված, ապօրինի խմբավորում չի կարող լինել, թաքնված զենք չի կարող լինել։ Կրակոցները չեն կարող մեր երկրի ներսում լինել, մենք բազում անվտանգային խնդիրներ ունենք, մենք պետք է ամուր զգանք երկրի ներսում։

Կարծում եմ՝ ամբողջ գիշեր բոլորն իրենց մաշկի վրա զգացին, որ պետք է մի հատ սթափվեն։ Շնորհակալություն, պարոն Աբազյան, ձեր կառույցից, ՆԳՆ-ից, և կարծում եմ՝ հետագա բոլոր աշխատանքները պետք է միտված լինեն նման դրսևորումները բնում խեղդելուն»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։

Կարդացեք նաև

Անդրանիկ Քոչարյանի նախաբանից հետո ԱԱԾ տնօրենը ներկայացրեց ոլորտի տարեկան հաշվետվությունը:  Ընդգծեց, որ նախորդ տարվա գլոբալ անկայունության հետևանքով ՀՀ անվտանգային միջավայրի պարբերաբար ձևավորման պայմաններում ԱԱԾ-ն շարունակել է իրականացնել իր առջև դրված խնդիրները։

«Արդի մարտահրավերներին դիմակայելու համար ԱԱԾ-ում շարունակվել է  տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման և որակավորման բարձրացմանն ուղղված շարունակական գործընթացը։ Նախորդ տարվա ընթացքում շահագործման են հանձվել մի շարք սահմանապահ ուղեկալներ և պարետատներ, կառուցվել են դիտակետեր։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է սահմանապահ զորքերի կառավարում ցիկլը, որտեղ ուսումնասիրություն են անցնում սահմանապահ զորքերի կուրսանտները»,- շեշտեց Ա. Աբազյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մինչև նախորդ տարվա ավարտը ԱԱԾ-ում մեկնարկած ատեստավորմանը մասնակցել ու դրական արդյունք է գրանցել ծառայողների ընդհանուր թվի շուրջ 20 տոկոսը։ Ատեստավորված ծառայողների աշխատավարձն աճել է շուրջ 57 տոկոսով։

Ըստ ԱԱԾ տնօրենի, կառույցը բացահայտել է կոռուպցիոն բնույթի շուրջ 204 հանցագործություն, որոնք հիմնականում առնչվել են մաքսային, էկոնոմիկայի և իրավապահ համակարգի, ինչպես նաև փողերի լվացման հանցագործություններին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս