Իրանը տարածաշրջանը դիտարկում է միայն տարածաշրջանի ուժերով. իրանագետ

«Իրանի տեսակետն այս հարցում շատ պարզ է ու հստակ՝ Իրանը տարածաշրջանը դիտարկում է միայն տարածաշրջանի ուժերով, իսկ ցանկացած արտատարածաշրջանային ուժի, առավել ևս՝ ՆԱՏՕ-ի դերակատարումն Իրանի համար անցանկալի է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին:

Հայաստանի՝ դեպի Արևմուտք հնարավոր դիրքավորման, այդ համատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Հայաստան այցի վերաբերյալ իրանական կողմի արձագանքների մասին իրանագետը նշեց, որ մի բան է արևելյան անվտանգային համակարգում ընկալվող Հայաստանը, մեկ այլ բան՝ արևմտյան բլոկի հետ հարաբերություններ հաստատող պետությունը:

«Դժվարանում եմ պատկերացնել, թե Իրանն ինչպես պետք է անվտանգային կամ այլ ոլորտներում փորձի հարաբերություններ զարգացնել պետության հետ, որը խորացնելու է հարաբերություններն Արևմուտքի հետ»,- հավելեց նա:

Ահարոն Վարդանյանն այս համատեքստում հիշեցրեց, որ մարտի սկզբին Իրանի խորհրդարանական ընտրությունները նորից ամրապնդել են պահպանողական ուժերի դիրքերը, հետևաբար՝ հնարավոր է, որ ԻԻՀ քաղաքականությունը պահպանողական գծում էլ ավելի ուժեղանա:

Կարդացեք նաև

Հայ-իրանական հարաբերությունների մասին իր դիտարկումներում իրանագետը հիշեցրեց նաև. «ՀՀ տարածքային ամբողջականությունն Իրանի կարմիր գծերից մեկն է.  Սյունիքի մարզը չափազանց կարևոր է  ԻԻՀ համար և նույնիսկ այնքան, ինչքան ՀՀ համար:

Այս և այլ հարցերում համընկնում են երկու պետությունների շահերը, հետևաբար՝ պետք է օգտվել այդ իրավիճակից և ավելի զարգացնել երկու երկրների հետ հարաբերությունները»:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ շեշտել էր՝ տարածաշրջանում Իրանի համար անընդունելի է ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը:

Իսկ ընդամենն այս տարի մարտի սկզբին Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման շրջանակներում նախագահ Էբրահիմ Ռաիսին վերահաստատել էր. «Օտարերկրացիներին տարածք տրամադրելն անվտանգություն չի բերի։ Անվտանգությունն ու խաղաղությունը կարող են երաշխավորվել միայն տարածաշրջանի երկրների համագործակցությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս