Արամ Սարգսյանը՝ վարչապետ, Փաշինյանը՝ ՀՀ նախագահ. օրակարգ է մտցվում իշխանության ռեկոնստրուկցիայի հարցը. Անդրիաս Ղուկասյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Փաշինյանը որևէ ադեկվատ դիրքորոշում Մյունխենի համաժողովում արտահայտել չէր կարող, քանի որ չունի ազատություն Ադրբեջանի հարձակման դեպքում Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու, և դա այն պատճառով, որ նա Ռուսաստանին խոսք է տվել, որ ռևանշի չի գնալու։ Փաշինյանը պաշտպանական շրջաններ չի կառուցում, քանի որ չունի դրա հնարավորությունը։
- Հասկանալի է, որ անվտանգության երաշխավոր մեր մոլորակի վրա կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, և մեկ էլ միգուցե Իրանը։ Դա մեծ թիվ չէ։
- Եթե Հայաստանը փորձի փոխել իր անվտանգության համակարգը, ի չիք են դառնալու Ռուսաստանի այն խոստումները, որ Ադրբեջանը Հայաստանի վրա չի հարձակվի։
- Մեր երկրում տնտեսական իշխանությունը գտնվում է օլիգարխիայի ձեռքում։ Մոտավորապես 35-40 ընտանիքի ձեռքում է կենտրոնացած տնտեսությունը։ Ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի՝ օլիգարխիան մաքրվեց քրեական բառից, ընդ որում՝ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Հայկական օլիգարխիան ունի իր շահերը, և դրանք հիմնականում կապված են Ռուսաստանի հետ։
- Իրականում Արամ Զավենի Սարգսյանն այսօր հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի իշխանության ֆունդամենտը։ Եթե «Հանրապետություն» կուսակցության՝ Երևանի ավագանու ֆրակցիան դուրս գա կոալիցիայից, ՔՊ-ն կփլվի նաև ֆորմալ առումով։
- Եթե կառավարությունն անկարող է լուծել անվտանգության խնդիրները, քաղաքական օրակարգ է մտնում իշխանության ռեկոնստրուկցիայի հարցը: Իշխանափոխության հարցի ամենահարմար տարբերակը՝ առանց ժողովրդին ներգրավելու, որը կարող է Փաշինյանը ձեռնարկել, և դրա համար հարկավոր չէ շատերի համաձայնությունը, այդ թվում և՝ օլիգարխիայի, դա իշխանության ռեվերս անելն է, զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը, որպեսզի իր ձեռքում պահի ԱԺ մեծամասնության նկատմամբ իր լծակները, և, երկրորդ, բավարարել արտաքին քաղաքական բալանսի փոփոխությունը դեպի Արևմուտք՝ Արամ Սարգսյանի միջոցով: Արամ Սարգսյանի կերպարը լիովին սպասարկում է այդ խնդիրը:
- Այո, Մեծ Բրիտանիան լուրջ ազդեցություն ունի Ադրբեջանում և Թուրքիայում։ Այս երկրները ո՞ր դեպքում կհրաժարվեն Հայաստանի վրա հարձակվելու մտքից. եթե ինչ-որ ազդեցիկ երկիր թույլ չտա նրանց դա անել։ Սրա մասին է Մեծ Բրիտանիայի՝ Հայաստանի անվտանգության երաշխավորի քասթինգին մասնակցելը։
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպպին հայտարարել էր, որ Լոնդոնը ճանաչում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցել Երևանին «Ռուսաստանի սպառնալիքների» դեպքում։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի խոսքերը մեջբերել էր RT հեռուստաալիքը։ «Մեծ Բրիտանիան այս որոշումը դիտարկում է՝ որպես Հայաստանի ինքնիշխան իրավունքի իրացում, և կաշխատի իր եվրաատլանտյան դաշնակիցների հետ՝ աջակցելու ՀՀ-ին ՌԴ սպառնալիքի դեպքում»,- ասել է փոխնախարարը։ Հիպպին ընդգծել է, որ թագավորության պաշտոնյաները կշարունակեն սերտորեն համագործակցել Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Ինչպես հեռուստաալիքին տված հարցազրույցում պարզաբանել է IMEMO RAS Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Վլադիմիր Օլենչենկոն, արևմտյան երկրները ցանկանում են Հայաստանին «քաշել» դեպի եվրոպական կառույցներ։
- 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը չներգրավվեց Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին։ Այդ երաշխիքը Հայաստանը տվել էր։ Փաշինյանը տվել էր նաև երաշխիք, որ չի հարվածելու նաև Ադրբեջանի նավթամուղներին և գազամուղներին։ Նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը լրացուցիչ երաշխիք էր արդեն տրված այդ երաշխիքներին։
- Եվրոպայի խորհուրդը բանաձև ընդունեց և Հայաստանին տվեց հնարավորություն՝ իր դեմ ագրեսիայի դեպքում հարվածել Ադրբեջանի կոմունիկացիաներին, ինչը զգալի տնտեսական վնաս կպատճառի նրան։
- Կա Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ, և կա ՆԱՏՕ-Ռուսաստան պատերազմ, և դրանք իրարից բոլորովին տարբեր նպատակներով պատերազմներ են։ ՆԱՏՕ-ն կռվում է Պուտինյան ռեժիմը տապալելու, Ռուսաստանի դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի համար։
- Որևէ այլ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանից տարբերվում է նրանով, որ չունի պայմանավորվածություններ Պուտինի, Էրդողանի, Ալիևի հետ։
- ՌԴ–ն այնքան միամիտ չէ, որ Հայաստանի անվտանգության երաշխավորի հարցը թողնի какой-нибудь Նիկոլ Փաշինյանի հայեցողությանը։ Ոչ ոք դռները չի բացում Արևմուտքի առաջ, որովհետև այդ դռան բանալիները Ռուսաստանի մոտ են։
- Ադրբեջանցիները, իմանալով Հայաստանի իշխանություններին, վստահ են, որ ռևանշ չի լինելու, դրա համար էլ չեն ուզում վերադառնալ, օրինակ, Կուբաթլուի նման ախմախ, չոլ տեղ։ Նրանք Բաքվում են ապրում ու չեն ուզում հետ գնալ Կուբաթլու։
- Ադրբեջանական ժողովուրդը 44-օրյա պատերազմից ոչինչ չի շահել, փոխարենը՝ ունեցել է զգալի զոհեր։
- Ժամանակին Էդմոն Մարուքյան-Գագիկ Ծառուկյան բանավեճում հաղթեց Գագիկ Ծառուկյանը, որովհետև եթե Էդմոնը հաղթեր, Խաչատուր Սուքիասյանը մանդատ չէր ունենա։ Նա օլիգարխ է ու նստած է Խորհրդարանում։
- Հայաստանում կես միլիոն մարդ կա, ով անձնական տնտեսական շահ ունի Ռուսաստանից։
- Մենք Եվրոպայից առևտրային կախում չունենք, սակայն ֆինանսական առումով մեր բանկերն ամբողջովին կախված են ԱՄՆ-ից ու Եվրոպայից։
- Հայաստանն իր ուժերով կարող է իրեն պաշտպանել․Նիկոլ Փաշինյանը չի կարող, բայց ցանկացած ուրիշ ղեկավար կարող է։ Իսկապես կա անվտանգության երաշխավորի կարիք։ Ռուսաստանը դա չի անում։ Անվտանգության նոր երաշխավոր հայտնաբերելու համար ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ։ Իմ կարծիքով, Ֆրանսիան կարող է լինել մեր անվտանգության երաշխավորը։
- Հայաստանի իշխանությունները հակառուսական չեն, ուղնուծուծով ռուսական են։ Մենք այսօր չունենք եվրոպամետ քաղաքական ուժ։ Այն պիտի ստեղծվի և ծրագիր ներկայացնի։
- ԵԺԿ անդամ-կուսակցության ղեկավարներից մեկը՝ Արմեն Աշոտյանը, բանտարկված է, ի՞նչ է անում ԵԺԿ-ն։
Մանրամասները՝ տեսանյութում։