Չինաստանի գործարարները պատրաստ են ներդրում կատարել Հայաստանում, եթե լինի քաղաքական և անվտանգային կայունություն. Մալխասյան

Չինաստանը պատրաստ է Հայաստանի հետ կնքել ազատ առևտրի տնտեսական համաձայնագիր. կնքել այնպիսի մի փաստաթուղթ, որպիսին կնքել է, օրինակ, Վրաստանի հետ, ինչի արդյունքում վրացական ապրանքները Չինաստանում դարձել են մրցունակ, որովհետև ազատվել են մաքսատուրքերից։ Չինական կողմը պատրաստ է այս քայլին և սպասում է Հայաստանի Կառավարության որոշմանը, որի առկայության դեպքում, ի լրումն ԵԱՏՄ-ի, մեզ համար կբացվի նաև չինական շուկան։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով հայ-չինական տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնման մասին, նման տեսակետ հայտնեց «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանը։

«Չինացի գործարարները պատրաստ են Հայաստանում ներդրումներ անելուն, սակայն Հայաստանի ներկա իրավիճակը՝ քաղաքական և անվտանգային, հույս չի ներշնչում, որ գան Հայաստան և կատարեն ներդրումներ, քանզի վիճակը գնահատում են ոչ բարենպաստ, քաղաքական վիճակը՝ ոչ կայուն»,- մանրամասնեց Մալխասյանը։

Դիտակմանը՝ Հայաստանի և Չինաստանի միջև ազատ առևտրի տնտեսական համաձայնագիրն արդյո՞ք բերելու է տնտեսության դիվերսիֆիկացման, թե՞ այդ համաձայնագիրը գալու է փոխարինելու ԵԱՏՄ շուկային՝ զբաղեցնելով այդ շուկայի տեղը, Մալխասյանը շեշտեց՝ ԵԱՏՄ շուկան անփոխարինելի է Հայաստանի համար, իսկ Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը նոր և մեծ հնարավորություններ կբացի հայ տնտեսվարողների համար։

Կարդացեք նաև

«Հայաստանի համար ԵԱՏՄ շուկան անփոխարինելի է, և մեզ չի սահմանափակում Չինաստանի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունենալու հարցում։ ԵԱՏՄ-ն մեզ թույլ է տալիս կատարել աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժ և այդ կազմակերպության շնորհիվ կարողանում ենք արտահանումներ կատարել դեպի Ռուսաստան, իսկ Հայաստանի արտահանման ծավալի 44.8 տոկոսից ավելին գնում է Ռուսաստան, եթե մենք կորցնենք Ռուսաստանի շուկան, հայ տնտեսվարողներին անհրաժեշտ է լինելու տարիներ՝ այլ շուկաներ գտնելու համար, ինչը շատ բարդ է։

Մոլորություն է, թե հայ տնտեսվարողը կարող է իր ապրանքն արտահանել Եվրամիություն, կամ օգտվել Իրանի 90 միլիոնանոց շուկայից, բայց չէ՞ որ Իրանի հետ Հայաստանը համաձայնագիր է կնքել ԵԱՏՄ-ի շրջանակում, դա առանձին համաձայնագիր չէ, ուստի, եթե դուրս են գալիս ԵԱՏՄ-ից, ապա Հայաստանը կորցնելու է նաև Իրանի հետ կնքած համաձայնագիրը»,- ասաց Մալխասյանը։

Ինչ վերաբերում է հայ տնտեսվարողներին դեպի Եվրոպա ուղղորդելուն, ապա այստեղ առկա է գնային մրցակցության հետ կապված խնդիր, որովհետև բացի ճանապարհածախսը, հայկական այդ ապրանքի վրա ավելանալու են նաև տվյալ երկրի հավելյալ մաքսատուրքերն ու հարկերը, ինչի արդյունքում հարց է առաջանում՝ արդյո՞ք եվրոպացուն ձեռնտւ է լինելու թանկ գնով հայկական ապրանք գնելը։

«Տնտեսվարողները պետք է իրենց ռիսկերի մասին մտածեն և ասեն՝ արդյո՞ք պատրաստ են ռուսական շուկան փոխարինել եվրոպական շուկայով»,- ասաց Մալխասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս