Քննարկվել են ՀՀ ՄԻՊ-ի ու Եվրոպայի Խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի հետ:

Ինչպես  տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են Պաշտպանի հաստատության և Եվրոպայի Խորհրդի կողմից համատեղ իրականացվող ծրագրերի մանրամասները։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բարձր է գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր ղեկավարած հաստատության և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին, կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը:

Քննարկվել են զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված հարցեր, ընդգծվել է այդ ոլորտում իրականացվող ծրագրի կարևորությունը: Պաշտպանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ, խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:

Տեսանյութեր

Լրահոս