Գոնե այս սրբազան օրը պատերից մի՛ քերեք Վազգեն Սարգսյանի, նրա հոյակապ զորահրամանատարների, հայոց մարտիկների նկարները. Գրիգոր Ջանիկյան
«Վազգեն Սարգսյանը համակ Արարատ էր, իր էությամբ Արարատ էր, և նա իր կարճ գործունեությամբ ապացուցեց, որ իր էությամբ, ոգով ու նպատակներով Արարատն էր»,- գրող, հրապարակախոս, Հայոց բանակի սպա Գրիգոր Ջանիկյանն այսպես է բնութագրում Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանին:
Ազգային հերոսի ծննդյան 65-ամյա հոբելյանի առթիվ Արցախյան ազատամարտը վավերագրող Գրիգոր Ջանիկյանը 168.am–ի հետ զրույցում նշեց՝ Վազգեն Սարգսյանն այն հայն էր, որը հային վերադարձրեց ազգային արժանապատվությունը, ինքնությունը և հաղթանակի հավատը:
«Հիմա մեզ անընդհատ համոզում, հորդորում են, թե մենք թույլ ենք, անօգնական, անուժ ու տկար, որ ինչ ասեն՝ պետք է լսենք: Վազգեն Սարգսյանը հակառակն էր ասում՝ «հայոց ոգին ամենազոր է», ու դա ասում էր ոչ թե դարեր առաջ, այլ ընդամենը 30 տարի առաջ:
1988 թվականին հրապարակում նա դիմեց իր ժողովրդին՝ «հա՛յ ժողովուրդ, դուք ուզում եք կուշտ ուտե՞լ, թե՞ Արցախն ազատագրել», և ամբողջ հրապարակը միաձայն աղաղակում էր՝ «մենք Արցա՛խն ենք ուզում»:
Եվ նա հասավ իր նպատակին. պատմական հաղթանակ տարավ ու մեզ ձերբազատեց պարտվածության բարդույթից,- պատմեց մտավորականը՝ համոզում հայտնելով, որ Վազգեն Սարգսյաններ դեռ էլի են լինելու հայոց պատմության մեջ,- Այո՛, եղել է 1937 թվական. Խորենացի ընթերցողին Սիբիր են աքսորել, գնդակահարել են Բակունցին, խեղդամահ են արել Զապել Եսայանին…, բայց այսօր նրանց գնդակահարողները գոյություն չունեն, իսկ նրանց թողած ժառանգությունը, նրանց արձանները՝ որպես փառքի ազգային հպարտություններ, հառնում են ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում:
Այս սրբազան օրը, գոնե այսօ՛ր դպրոցի փառքի սրահներից մի՛ քերեք, մի՛ պոկեք Վազգեն Սարգսյանի, նրա հոյակապ զորահրամանատարների, զինվորների, հայոց մարտիկների նկարները: Մի՛արեք այդ ազգապղծությունը. վաղը պատմությունը վերականգնելու է իր արդարությունը, և դուք պատմության խարանն եք լինելու»:
Գրիգոր Ջանիկյանը համոզված է՝ ազգերի պատմություններն օրերով և օրերի իշխաններով չեն բնորոշվում, ու ժամանակը միշտ վերականգնում է ճշմարտությունը:
Գրող, հրապարակախոսը Վազգեն Սարգսյանին առաջին անգամ հանդիպել է 1980-ականների սկզբին, երբ աշխատում էր «Գրական թերթ»-ում՝ բաժնի վարիչ:
«Մի համեստ, գյուղացի երիտասարդ շատ անվստահ իմ սեղանին դրեց իր պատմվածքներից մեկը, ես այն օրվա վերջում բերեցի տուն, կարդացի, ու թերթի առաջին համարում այն տպագրվեց,- հիշեց Գրիգոր Ջանիկյանը՝ հավելելով,- Վազգեն Սարգսյանը տաղանդավոր գրող էր, նրա բոլոր գրությունները, որոնք առիթ եմ ունեցել խմբագրելու, հրապարակելու, կայուն արժեքներ են, բայց նա իր կյանքը նվիրաբերեց ավելի մեծ, համազգային նպատակի ու, ամենակարևորը, նա հաղթեց այդ նպատակներում»:
Արձակագիրը նկատեց՝ Վազգեն Սարգսյանի գրականությունն ուսումնասիրման ու հավաքման կարիք ունի:
Գրիգոր Ջանիկյանի և Վազգեն Սարգսյանի մտերմությունն շարունակվել է արդեն մեր անկախության պատմության ճակատագրական օրերին. նա Վազգեն Սարգսյանի մարտակոչով միացել է նաև մահապարտների գումարտակին:
«Երբ ճակատագրական էր Արցախում վիճակը, նա ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ ու ասեց. «Կոչ եմ անում իմ զինակից ընկերներին՝ անկախ ամեն տեսակ քաղաքական հոսանքներից, քաղաքական խաղերից, դուք հայոց բանակի զինվորներ եք, պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայոց սահմանները։
Եվ եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ մյուս օրը թող Հայաստանի յուրաքանչյուր շրջանից, յուրաքանչյուր քաղաքից ընդամենը 10-15 տղա գա, մենք կունենանք 500 հոգանոց Մահապարտների մի զորագունդ: Զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել-մեռնելու հավանականությունը 50 տոկոս է 50 տոկոսի նկատմամբ։
Թշնամին նույն թշնամին է, որ ձեր առաջ փախչում էր, մենք էլ՝ նույն մենք ենք …»:
Մահապարտների հետ եմ եղել, ու դրա մասին գրել եմ «Արծիվ մահապարտներ» գիրք»,- ասաց Գրիգոր Ջանիկյանը: