Հավատաքննություն՝ ըստ ՔՊ-ի. «ինչպե՞ս եք վերաբերվում թավշյա հեղափոխությանը» հարցի պատասխանը՝ դատավորի առաջխաղացման պայման
Փետրվարի 28-ին Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունը չընտրեց Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորի թեկնածու ընտրված Երևանի քրեական դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Դավիթ Բալայանին: Ավելի ճիշտ՝ ոչ թե չընտրեց, այլ՝ չներկայացավ քվեարկությանը, իսկ դա նույն բանը չէ: Այսինքն՝ Դավիթ Բալայանին չընտրված կարելի է ասել մեծ վերապահումով, որովհետև ՔՊ-ն տապալել է ՍԴ դատավորի ընտրությունը:
Այն, որ ի սկզբանե էլ պարզ էր, որ Դավիթ Բալայանը չի ընտրվելու ԱԺ-ի կողմից, ակնհայտ էր: Ի վերջո, ԱԺ կառավարող խմբակցությունը թեկնածու ուներ՝ ի դեմս Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախկին անդամ, ներկայումս Վճռաբեկ դատարանի դատավոր, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի: Վերջինս, չնայած գործադրված անօրինակ ջանքերին, Դատավորների ընդհանուր ժողովի կողմից չընտրվեց, ու հիմա Դավիթ Բալայանի՝ ԱԺ-ում ընտրության տապալմամբ՝ կփորձեն կրկին: Դավիթ Խաչատուրյանի համար, ի դեպ, աշխատում է ոչ միայն ՔՊ-ն. պատահական չէր ընտրության նախօրեին կայքերից մեկում հրապարակված խիստ կանխատեսելի տեսանյութը:
Ամեն անգամ, երբ Ազգային ժողովի օրակարգում դրվում է դատավորի կամ ԲԴԽ անդամի ընտրության հարց, ԱԺ քաղաքական մեծամասնությունը վերածվում է դպրոցական թատերական խմբակի: Նախ խմբակցության ղեկավարությունը հայտարարում է, որ իրենք դեռ չգիտեն, թե ում են ընտրելու (և դա այն դեպքում, երբ լրագրողները 99,9 տոկոս ճշտությամբ մի քանի օր առաջ արդեն գրած են լինում անցողիկ թեկնածուի մասին, իսկ ՔՊ-ն էլ նախապես համապատասխան սմս-ը ստացած է լինում), հետո սկսվում է «Իրավաբանի ընդունարան» երբեմնի հայտնի հաղորդաշարի մոտիվներով ամբիոնի մոտ կանգնած անձից անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալը, որը եզրափակվում է պետաիրավական հանձնաժողովի նախագահի երկարաշունչ ճառով թեկնածուի տեսլականի մասին, ինչը մի նախադասությամբ կարելի ձևակերպել` թե ինչ պետք է անի դատավորի թեկնածուն դատարանում:
Իհարկե, կարդացած լինելը լավ բան է, սակայն դա պատեհ-անպատեհ ցուցադրելը բոլորովին չի վկայում կրթվածության մասին: Այդուհանդերձ, արդարադատության համակարգին ինչ-որ չափով ծանոթ անձը պետք է տեղյակ լիներ, որ այդ ոլորտը օրենսդրական առավել կարգավորում ունեցողներից է, իսկ գործունեության իրականացումը չի կարող լինել տեսլականի մակարդակով, քանի որ քրեական օրենսդրությունը չի ընդունում նման մոտեցումը:
Ծրագրային ելույթներն ավելի շատ բնորոշ են այնպիսի մարմինների ընտրությանը, որոնք քաղաքականություն են մշակում, իրավաստեղծ են, տեղական ինքնակառավարում են իրականացնում և այլն: Բացի այդ, որոշ կուսակցություններ նույնիսկ գաղափարախոսություն չունեն, և Ազգային ժողովում օրինակ, կա կուսակցություն, որը մուրճի տեսլականով է հասել այնտեղ:
Բայց ուրախների և հնարամիտների ակումբին բնորոշ հարցեր հորինելը բացառապես այն թեկնածուների համար է, որոնք չպետք է ընտրվեն այդ պաշտոնում, որովհետև յուրային չեն, համապատասխան քավոր-սանիկական հարաբերություններ ժամանակին չեն ձևավորել և, ի վերջո, չեն գովերգում 2018թ., այսպես կոչված, հեղափոխությունն ու դատական համակարգի՝ միայն քաղաքական իշխանության դիրքերն ամրապնդող օրենսդրական փոփոխությունները: Պատճառներ էլի կարող են լինել:
Եվ այս դեպքում տվյալ ոչ յուրային թեկնածուին տրվում է բոլոր հարցերից «ամենաբովանդակ» հարցը՝ ինչպե՞ս եք վերաբերվում թավշյա հեղափոխությանը, կամ սիրո՞ւմ եք մեզ, թե՞ ոչ: Նույնիսկ չեն էլ ճշտում այդ զգացմունքի ժամանակահատվածը` 2018թ. մայիսի՞ն, 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների՞ն, թե՞ հիմա:
Բոլոր դեպքերում նման հակասանիտարական վիճակ իշխող ուժի մոտ լինում է այն ժամանակ, երբ թեկնածուն պրոֆեսիոնալ է և քծնելու կարիք բոլորովին չունի:
Այլ է իրավիճակը, երբ ներկայացվում է քաղաքական մեծամասնության սրտի թեկնածուն. այս դեպքում բավարարվում են բարեվարքության մասին եզրակացությամբ և նույնիսկ չեն էլ հետաքրքրվում, թե ինչպես է այդ թեկնածուն հեռակա միջնակարգ կրթություն ստացել, երբ նման ուսումնական հաստատություններ երկրում չկան, ինչու է նույն մասնագիտությունը ստանալու համար երկրորդ բուհն ընդունվում, կամ ինչի շնորհիվ է համարվում հեղինակավոր իրավաբան: