Դիվերսիֆիկացիա՞, թե՞ շրջադարձ դեպի Արևմուտք․ ի՞նչ են իրականում անում և հայտարարում ՀՀ իշխանությունները
Մյունխենի Անվտանգության կոնֆերանսին Նիկոլ Փաշինյանի հերթական մասնակցությունից հետո սկսվել է ՀՀ իշխանությունների նոր արշավը դեպի Արևմուտք։ Այցեր, ակտիվ հանդիպումներ ու շփումներ արևմտյան պաշտոնյաների հետ, հարցազրույցներ, ՀԱՊԿ անդամակցության սառեցման մասին հայտարարություն, ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու նախաձեռնություն, Ներքին Հանդի մոտ գրանցված հայ-ադրբեջանական միջադեպի հարցում ռուսական մեղավորության մասին դիտարկումներ, Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչում, Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի այց Հայաստան, սպառազինության գնում Ֆրանսիայից, հայ-ադրբեջանական բանակցություններ Բեռլինում և անթիվ-անհամար հայտարարություններ՝ Հայաստանը պատրաստ է «ջերմանալ» ԵՄ-ի հետ այնքան, որքան ԵՄ-ն ցանկանում է։
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցները սովորաբար ՀՀ արտաքին քաղաքական այս գործընթացների տեսանկյունից կարևոր են, քանի որ նրան է վերապահված անել այս թեմայի վերաբերյալ ամենասուր և առանցքային հայտարարությունները։
Եվ նախօրեի հարցազրույցում Արմեն Գրիգորյանը փորձեց ՀՀ արտաքին քաղաքականության, ՀՀ իշխանությունների տերմինոլոգիայի համաձայն, «դիվերսիֆիկացիան» ներկայացնել նաև տնտեսության և սպառազինության գնումների ոլորտում, հասկացնելով, որ դրանցում ՌԴ-ն այլևս չունի մենաշնորհային և առանցքային դիրքեր։
Սա, ամենայն հավանականությամբ, արվում է՝ ի պատասխան հնչող նաև այն քննադատությունների, թե ի թիվս այլ խնդիրների՝ ինչպե՞ս է հաղթահարելու ՀՀ-ն արտաքին քաղաքական շրջադարձը, եթե բոլոր ոլորտներում ունի կախում Ռուսաստանից, և շրջադարձն էական խնդիրների կարող է հանգեցնել Հայաստանը, բացի անվտանգությունից, նաև տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներում։
Ըստ Արմեն Գրիգորյանի, 2023 թվականին առաջին 9 ամսում Հայաստանի առաջատար ներդրողը եղել է ոչ թե Ռուսաստանը, այլ Արաբական Միացյալ Էմիրությունները՝ մոտ 250 մլն դոլարով, 2-րդը ևս Ռուսաստանը չէ, Լյուքսեմբուրգն է, երրորդն է Ռուսաստանը՝ 50 մլն դոլարից էլ քիչ ծավալով։ «Ռուսաստանն է որոշել ներդրումներ չանել Հայաստանում, կամ Հայաստանը բացվել է աշխարհին»,- ասել է Գրիգորյանը։ Բացի սա, ՀՀ ԱԽ քարտուղարի խոսքով, ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 %-ից հասել է 10 %-ից ավելի քիչ թվի, սա ՌԴ-ի ընտրությունն էր։
Արմեն Գրիգորյանը, սովորության համաձայն, այն, ինչ տեղի է ունենում հայ-ռուսական հարաբերություններում, ՌԴ ընտրությունն է համարում և ոչ ՀՀ իշխանությունների, ինչը, իհարկե, միայն մասամբ է այդպես։
Արմեն Գրիգորյանը, ով օրերս Ներքին Հանդի մոտ տեղի ունեցած միջադեպի պատասխանատվությունը դրել էր ռուս սահմանապահների վրա, ինչպես նաև մեղադրել ռուսներին այդ հատված ԵՄ դիտորդների մուտքն իբրև թե թույլ չտալու մեջ, իր վերոնշյալ հարցազրույցում նաև ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին նախատեսվում է ԵՄ դիտորդների ավելացում։
«Հայաստան-Ադրբեջան սահմանը շատ երկար է, քաղաքացիական առաքելությունը չի կարող մինչ այժմ ունեցած ռեսուրսներով պատշաճ աշխատանք իրականացնել: ԵՄ քաղաքացիական առաքելությունն արդյունավետ աշխատանք է կատարում և ավելի մեծ կարողություններ պետք է ունենա այն շարունակելու և առավել արդյունավետ դարձնելու համար»,- ասել է նա:
Փորձագետների կարծիքները ՀՀ իշխանության արտաքին քաղաքական շրջադարձի վերաբերյալ բաժանվում են երկու խմբի։
Առաջինը կարծում է, որ ՀՀ իշխանությունն իսկապես արևմտյան վեկտոր է որդեգրել, իսկ մյուսները կարծում են, որ իրականում Ռուսաստանի դեմ որևէ լուրջ գործնական քայլ Փաշինյանի իշխանությունը չի իրականացրել, այլ միայն դեմոնստրատիվ հակառուսական ակցիաներ։
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դաշնակից երկրի հետ տասնամյակներ շարունակվող հարաբերությունները դիվերսիֆիկացնելը, իսկ ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական ընտրություն կատարելը, այսինքն՝ մեկ բևեռի հետ հարաբերություններից մյուսին անցնելը, բարդ գործընթաց է, որովհետև դա միմիայն արտաքին քաղաքականությունը և ՄԱԿ-ում քվեարկությունները չեն, դա բոլոր առանցքային ոլորտներն են, հայ-ռուսական հարաբերությունների դեպքում՝ անվտանգությունն ու տնտեսությունը։
Ըստ վերլուծաբանի, այդ հարաբերությունները փոխվել ու փոխվում են իսկապես ոչ միայն ՀՀ որոշումների, այլև ՌԴ-ի հետ կապված մի շարք օբյեկտիվ պատճառներից ելնելով։ Սակայն, նրա կարծիքով, ՀՀ իշխանությունները հայտարարում են ՀԱՊԿ-ում իրենց մասնակցությունը սառեցնելու մասին, բայց չեն լքում ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ էլ, առավել ևս, ԵԱՏՄ-ն։
«Իսկ ինչո՞ւ։ Պատասխանը շատ պարզ է ու պատասխանը թվերն են, որովհետև ԵԱՏՄ խողովակներով լուրջ միջոցներ են գալիս Հայաստան։ Ուստի ներդրումները դիվերսիֆիկացիան ներկայացնելու ինֆորմատիվ տարբերակ չէ։ Կարծում եմ, սպառազինության ոլորտում, այն, ինչի մասին հայտարարվում է, բնական է, քանի որ Ռուսաստանն ինքն է պատերազմի մեջ, իսկ դրա հետ կապված շատ մանրամասները բարդ է իմանալ, քանի որ այս և ՀԱՊԿ-ի այլ առաջարկների մասին շատ հայտարարություններ են եղել, դրանք կարծես չեն գոհացրել Հայաստանին, թեև ՀՀ սահմաններին ներկայումս ՀՀ-ն ԵՄ-ից ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ներկայացուցիչներ է տեղակայել։
Խնդրահարույց հարցերը, ինչպես տեսնում ենք, շատ են։ Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում՝ ում հետ աշխատել, երբեմն պայմանները, հնարավորությունները չեն փոխվում, սակայն մայրաքաղաքները փոխվում են»,- ասաց նա։
Սիմոնովի խոսքով, ՀՀ իշխանությունները երևի թե ակնկալում են աջակցություն և անվտանգություն ստանալ ԵՄ-ից՝ համարելով, որ ՌԴ-ն, որը պատերազմում է, չի կարող դրանով այլևս ապահովել այս ամենը։
«Այս գործընթացը չափազանց շատ շերտեր ունի, այդ թվում՝ օբյեկտիվ և ոչ օբյեկտիվ։ Սակայն իրականում սա նման չէ պարզապես դիվերսիֆիկացիայի, քանի որ ՀՀ-ն աշխարհաքաղաքական ընտրություն է կատարում, այսինքն՝ շրջադարձ, որը կապված է բազմաթիվ խոշոր ու մանր խնդիրների և կարգավորումների հետ։ Սակայն ԵԱՏՄ-ն ՀՀ տնտեսությունում շարունակում է գերակա դիրք ունենալ՝ իր առավելություններով, ինչպես նաև էներգետիկ ոլորտում կա մեծ կապվածություն, քանի որ ՀՀ-ն մատչելի գազ է ստանում Ռուսաստանից, այս հարցի դիվերսիֆիկացիան ինչպե՞ս են պատկերացնում, դա ևս հետաքրքիր է։
ՀՀ-ին նման գներով ԵԱՏՄ-ն է ապահովում, ինչպես ՀԱՊԿ անդամակցությունը ՀՀ-ին հնարավորություն էր տալիս սպառազինություն ստանալ ներքին գներով։ Որքան էլ գուցե տարօրինակ թվա, սակայն սպառազինության մատակարարման ոլորտում իրավիճակ փոխելը հեշտ է, իսկ էներգետիկ ոլորտում՝ շատ բարդ։
Մի խոսքով՝ սա շատ հարցերի հետ կապված գործընթաց է, միայն հայտարարելով, թե՝ դիվերսիֆիկացվում է, արտաքին քաղաքականությունը և ոլորտները չեն դիվերսիֆիկանում»,- ասաց նա։
Սիմոնովի կարծիքով, նման հայտարարություններն արվում են Արևմուտքից ինչ-որ բաներ շուտ ստանալու նպատակով, սակայն ՀՀ իշխանությունները հասկանում են, որ սա արագ գործընթաց չէ և կախված է նաև աշխարհաքաղաքական զարգացումներից, որոնք կարող է երկար տևեն։
«Ուստի, չեմ կարծում, թե ամեն բան միանշանակ է ու այդքան պարզ»,- նկատեց նա։