Վստահ չեմ, որ Զելենսկին կգա. եթե նման բան լինի՝ Հայաստանն ավելի մեծ վտանգի առաջ կկանգնի. Արա Մանուչարյան

 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական խորհրդատու, PR տեխնոլոգիաների մասնագետ, գերմանաբնակ Արա Մանուչարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ինձ անհանգստացնում է մեր հասարակության ու քննարկումների ծայրահեղ բևեռացվածությունը։
  • Ինձ համար բացարձակապես մեկ է՝ Հայաստանում իշխող անձի ու նրա կուսակցության անունն ինչ է։ Ինձ համար էականն այն է, թե որքանով է նրանց գործունեությունը բխում Հայաստանի շահերից։
  • Թուրքիայից և Ադրբեջանից Հայաստանի նկատմամբ այսօր պահանջներ են ներկայացվում, սպառնալիքներ են հնչեցվում, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, քանի դեռ Ադրբեջանի և Հայաստանի միջև բոլոր խնդիրները չեն լուծվել, որ Հայաստանը պետք է փոփոխի իր Սահմանադրությունը, որ Ադրբեջանի բոլոր պայմանները պետք է ընդունի… Ավելին, փաստորեն, Թուրքիայում՝ Անկարայում պետք է որոշվի նաև, թե մենք Հայաստանի ներսում և դրսում ինչպիսի հարաբերություններ կունենանք մեր Սփյուռքի հետ։ Նման բան ո՞վ կպատկերացներ: 
  • Ես չեմ կարծում, որ այսօր Ադրբեջանն առանձին, ինքնուրույն սուբյեկտ է, որովհետև հիմնական որոշումներն ընդունվում են Անկարայում կամ Մոսկվայում, կամ առնվազն Մոսկվայի գիտությամբ։ 
  • Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ռազմական իմաստով ավելի խոցելի է, քան Հայաստանը։ Սակայն պատերազմի ժամանակ հիշում ենք, որ ՀՀ արդեն նախկին նախագահ Արմեն Սարգսյանն ադրբեջանցիներին երաշխիքներ էր տալիս, որ իրենց գազամուղները չեն վտանգվելու… 
  • Հայաստանում տիրապետող դարձած հակառուսական թեզը ոչ միայն դեստրուկտիվ է, այլև իր մեջ մեծ վտանգներ է պարունակում երկրի համար։
  • Հայաստանի գործող իշխանությունները սկսեցին «Արցախը Հայաստան է, և վերջ» անձեռնմխելի կետից, բայց շատ շուտով պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ, տեսանք՝ ինչ եղավ Արցախի հետ:
  • Այսօրվա ճգնաժամերի մեջ ամենամեծ ճգնաժամն անվստահության ճգնաժամն է, ու դա մեծ խնդիր է․ ոչ ոք ոչ ոքի չի վստահում ու չի հավատում։

Կարդացեք նաև

  • ՀՀ իշխանությունն անգամ չի հստակեցնում՝ իրենք պատրա՞ստ են, կապված Հռոմի ստատուտի վավերացման հետ, Վլադիմիր Պուտինին երաշխիքներ տալ, թե՞ ոչ։ Հիմա Պուտինը գա՞, թե՞ չգա։ Կրեմլի խոսնակը մի քանի անգամ հստակեցում պահանջեց ՀՀ իշխանություններից:
  • Ես վստահ չեմ, որ Զելենսկին կգա Հայաստան։ Եթե լինի նման բան, մենք ավելի մեծ վտանգի առաջ կկանգնենք։ Չպետք է մոռանալ, որ Ուկրաինան ոչ միայն զենք էր վաճառել Ադրբեջանին, ողջունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլև այն բացառիկ երկրներից էր, ով ողջունեց Ղարաբաղյան հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը։ 
  • Հայաստանի իշխանությունները Պուտինի անվտանգությունը չեն երաշխավորում, իսկ Զելենսկունը երաշխավորում են:
  • Միանգամից միգուցե մի ցուցակ տան մեզ՝ ո՞ր գույնի շոր կարող ենք հագնել, որ ցլերին չկատաղեցնենք, որովհետև պարզվում է՝ կարմիրը հարմար չի, բայց ոնց որ դեղինն ու սպիտակն էլ հարմար չեն… 
  • Այս կյանքում ամեն ինչ գին ունի։ Եթե դու խաղաղության համար տալիս ես մի գին, որից հետո ամեն ինչ պիտի կորցնես, գալու է մի օր, երբ դու այլևս տալու բան չես ունենալու։
  • Անկախ ամեն ինչից, այս ամենն անցողիկ է, և մենք լինելու ենք երջանիկ ազգ։ Ինձ համար իմ կյանքը մեծ ու բացառիկ արժեք չէ, բայց շատ ցավալի է ոչ պատահական մարդկանցից՝ իշխանության ներկայացուցիչներից, լսել, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։
  • Հիմա ՀՀ իշխանությունը Ռուսաստանին է մեղադրում, վաղն էլ կարող է Ֆրանսիային մեղադրել, հետո՞… հաջորդն ի՞նչ է լինելու, ո՞ւմ է մեղադրելու:
  • Հաջողության հասնում է այն քաղաքական ուժը, որը շարունակաբար մի ուղղությամբ է շարժվում, մինչդեռ ՀՀ իշխանությունների զիգզագաձև քայլերը չեն ամրապնդում վստահությունը և հարգանքը ներսում և դրսում:
  • Ընդդիմությունը պետք է որոշի իր օրակարգը և ոչ թե քննարկի, թե իշխանությունն ինչ նոր թեզեր է մտցնում:
  • Ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ, գործող իշխանություններն են իրավասու, լիազորված դրսում մեր բոլորի անունից խոսել։ Եվ նրանց բոլոր հայտարարությունները հետևանք են ունենում Հայաստանի, հայ ժողովրդի կյանքի վրա: 
  • Հիպոկրատի «Մի՛ վնասիր»-ը շատ ավելի կարևոր է իշխանության, քան բժշկության համար:
  • Ամենակարևոր լուծումը կլինի այն, որ երկու ծայրահեղությունները շարժվեն դեպի կենտրոն։ Պետք է լինի համախմբում, ու կայացվեն ողջամիտ որոշումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս