Ընկերախմբերը վիթխարի ազդեցություն են ունենում երեխաների վրա
– Հա՛յր, ինչպե՞ս է պատահում, որ մանկությունից հոգևոր կյանքով ապրող ու բարեպաշտություն ունեցող երիտասարդն այնտեղ է հասնում, որ լիովին շեղվում է ուղուց և «ձեռքից գնում է»:
– Կարիք չկա (դյուրությամբ) դատել: Շատ պատճառներ կան: Աշխարհիկ, ուշադրությունից զուրկ կյանքով ապրող երեխաները, տեսնելով հոգևոր ու առաքինի կյանքով ապրող երեխաներին՝ դիմակազերծվում են և ուզում են նրանց էլ իրենց ետևից տանել դեպի այն կյանքը, որով իրենք են ապրում: Մի անգամ, ճանապարհով երկու տղաներ էին գնում: Հանկարծ, նրանցից մեկը սայթաքեց և մի կեղտոտ ջրափոսի մեջ ընկավ: Նրա հագուստն ամբողջովին կեղտոտվեց: Քիչ անց, երբ մի քիչ առաջացան ու մեկ այլ ջրափոսի մոտով էին անցնում՝ նա իր ընկերոջը հրեց ջրափոսի մեջ, որպեսզի նա էլ կեղտոտվի: Տղան այդպես վարվեց, որովհետև իրեն անհարմար էր զգում, որ ինքն աղտոտված է, իսկ ընկերը՝ մաքուր:
Ընկերախմբերը երեխաների վրա հսկայական ազդեցություն են ունենում: Մանուկ հասակից իմ մեջ բնածին սեր կար: Այն իմ էության մեջ էր: Երբ ջորիներով ինչ-որ տեղ էինք գնում, աշխատում էի կենդանու վրա իմ հասակակիցներին նստեցնել, իսկ իմ ուսերին կրտսեր եղբորս էի առնում: Մի անգամ, երբ եղբայրներիցս մեկը թռչուն սպանեց, ես շատ տխրեցի ու բարկացա նրա վրա: Հետո վերցրեցի այդ թռչունն ու լաց լինելով թաղեցի նրան: Ես իմ հասակակիցների հետ էի ընկերություն անում: Մենք անտառ էինք գնում, աղոթում էինք, Սրբերի վարքն էինք կարդում, պահք էինք պահում: Հետո այդ երեխաների մայրերն սկսեցին արգելել նրանց ինձ հետ շփվել: «Մի՛ շփվեք նրա հետ,- ասում էին,- Նա ձեզ թոքախտով կվարակի»:
Այդպես երեխաներն ինձ թողեցին ու ես ինձ միայնակ զգացի: Դրանից բացի, նրանք ինձ ծաղրում էին՝ ամեն կողմից բղավելով. «Վանական, վանական»: Նրանք իմ կյանքը տառապանքի վերածեցին: Եվ ես այլևս չէի կարողանում նրանց ծաղրուծանակը տանել: Այդժամ որոշեցի. «Ավելի մեծ երեխաների հետ ընկերություն կանեմ և կձևացնեմ (կարծես թե նրանց պես եմ ինձ պահում)»: Եվ ահա ես սկսեցի տարիքով ավելի մեծ պատանիների հետ ընկերություն անել: Ես մի ռետինե երիզ գտա ու պարսատիկ սարքեցի ինձ համար: Նախ, ես միայն երիզն էի ձգում՝ ձևացնելով, թե ուզում եմ կրակել:
Հետո ես կոտորակ ճարեցի ու դարձա պարսատիկով ամենադիպուկ կրակողը: Եվ ահա մի անգամ, ինձ բավարար եղավ միայն մի թռչնի կրակել և նրան սպանված տեսնել. ես մի ակնթարթում ուշքի եկա: Թե՛ ռետինե երիզները, թե՛ կոտորակը մի կողմ նետեցի ու ասացի ինքս ինձ. «Երբ քո եղբայրը թռչուն սպանեց, դու լաց էիր լինում ու նախատում էիր նրան դրա համար: Իսկ ինքդ մինչև ո՞ւր գլորվեցիր: Դու թռչուններ ես սպանում և կամաց-կամաց կհասնես այնտեղ, որ կսկսես կենդանիներ էլ սպանել»: Եվ իսկապես, եթե ես շարունակեի այդպիսի կյանք վարել, ապա պարսատիկով կրակելուց հետո կանցնեի կենդանիների որսին և դեռ ինքս էլ նրանց կաշին կհանեի:
Սկզբնապես նուրբ ու զգայուն հոգի ունեցող մարդն ինչպիսի՜ չարության կարող է հասնել: Դա կարող է այն դեպքում պատահել, երբ նա անուշադիր լինի ու տարվի վատ ընկերախմբերով: Իսկ բարի ընկերախմբերը մեծ օգուտ են տալիս: Աստված մարդկանց զանազան շնորհներով է օժտել: Մարդն ինչպես ուրիշի անբարոյությունն է տեսնում, այնպես էլ կարող է ուրիշի առաքինությունը տեսնել և ընդօրինակել դրան:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան Կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի