Փաշինյան հրեշը. Գալեյանի ո՞ր բնորոշումն էր սխալ
Փետրվարի 21-ին 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ խափանման միջոց տնային կալանքը մնաց նույնը, դատարանը չփոխեց այն։
Պատերազմում նահատակված Մխիթարի հայրը՝ Գարիկ Գալեյանը, դատարանին ընդամենը խնդրում էր փոխել խափանման միջոցը, որպեսզի կարողանա այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ամփոփված է իր նահատակված որդին։ Դատարանի դահլիճում վատացել էր նրա կնոջ՝ Աստղիկ Գալեյանի ինքնազգացողությունը:
«Երևի կհրաժարվեմ գնալ Եռաբլուր. էս պետությունից ոչինչ ինձ պետք չէ»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել էր Գարիկ Գալեյանը, որին դատարանը կրկին արգելել էր այցելել որդու շիրմին:
2023թ. նոյեմբերին դատական նիստի ընթացքում Գարիկ Գալեյանն իր խոսքում նշել էր՝ այս իշխանությունն իրեն տվել է ևս մեկ բնակարան… Եռաբլուրում: «Անդուռ, անլուսամուտ բնակարան է: Ես այնտեղ իմ տղայի հոտն եմ առնում»,- ասել էր նա:
Հիշեցնենք, Գարիկ Գալեյանին ձերբակալել, ապա կալանավորել էին 2023թ. սեպտեմբերին։ Գարիկ Գալեյանին մեղադրանք էր ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության և իրացնելու նպատակով թմրամիջոց պահելու հատկանիշներով։ Ընդ որում, խուլիգանության հատկանիշներով մեղադրանքը ներկայացվել էր հենց Գալեյանի հաղորդման հիման վրա հարուցված գործով։ Մասնավորապես, 2022թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ իրականացվող ակցիայի ընթացքում իշխանական սադրիչներից մեկը փորձել էր միջամտել ակցիային, Գալեյանը իր ձեռքի շշով ջուրը լցրել էր նրա գլխին, արարքը որակվել էր՝ որպես խմբի կազմում խուլիգանություն։ Միջադեպի ընթացքում վնասվածքներ էին ստացել հենց զոհվածների ծնողները՝ Վահիդ Սահակյանը, Գարիկ Գալեյանը, ինչով պայմանավորված էլ հաղորդում էին ներկայացրել։
Առողջական լրջագույն խնդիրներ ունեցող Գարիկ Գալեյանն ընդունել էր, որ թմրանյութ է օգտագործել դաժան ցավերը մեղմացնելու համար, սակայն մեղադրանքը չի ընդունում թմրանյութ պահելու և իրացնելու մասով: Այս անհիմն մեղադրանքը հետագայում վերացվեց: Գալեյանի պաշտպանը դատարանին ներկայացրել էր նրա առողջական խնդիրները՝ նշելով, որ իր պաշտպանյալն ունի կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ: Գալեյանի սիրտը ստենդավորված է, հինգ ստենդ է տեղադրված, բացի այդ՝ մասնակցել էր պատերազմին, վիրավորում ստացել, ինչի համար վիրահատվել էր։
2022թ. հուլիսի 15-ին լույս աշխարհ էր եկել պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի եղբայրը։ Ծնողները՝ Գարիկ և Աստղ Գալեյանները, նորածնին անվանակոչել էին իրենց հերոս որդու անունով՝ Մխիթար։
Իշխանությունները Գալեյանին ամիսներ շարունակ քաղաքական հետապնդման են ենթարկում իրենց քննադատելու, ճշմարտությունն ասելու համար:
«Մենք ընդամենը ուզում ենք, որ պատժվեն այն մեղավորները, որոնց շնորհիվ մեր տղաները այսօր չկան։ Լռել չկա։ Մինչև մահ եմ պահանջելու։ …Ես չեմ համակերպվելու իմ ՈՐԴՈՒ չլինելու հետ, չեմ ներելու մարդասպանների կառավարությանը»,- տարբեր առիթներով հայտարարել է նաև Մխիթարի մայրը՝ Աստղիկ Գալեյանը:
«Իմ տղային Փաշինյանն է սպանել՝ իր վարած քաղաքականությամբ: Նիկոլն ա իմ տղային սպանել, նա իմ համար վարչապետ չի… Մեր պայքարը չի ավարտվել. մինչև մահ պնդելու եմ՝ այս իշխանությունները դավաճան են: …Ես բազմիցս ասել եմ, սատանան էլ դուրս գա այս տականքների դեմ պայքարի, ես կմիանամ սատանային, կկանգնեմ կողքին ու իմ պայքարը կշարունակեմ։ Հետևաբար, մեկընդմիշտ պետք է բոլորը հիշեն՝ նահանջ չկա իմ պայքարից։ Ինձ ճանաչողները գիտեն, թե որքան ազնիվ եմ։ Գուցե շատերի մոտ այդ պայքարը դադարել է, բայց նրանք իրենց կարծիքն ունեն»,- տարբեր առիթներով հայտարարել էր Գարիկ Գալեյանը:
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանի դատական համակարգը վրեժխնդիր է լինում իրեն և իր քաղաքական թիմին քննադատող, «մարդասպանների կառավարություն» անվանող, ճշմարտության, հայրենիքի համար պայքարող, առողջական ծանր խնդիրներ ունեցող որդեկորույս ծնողից։
Եթե Գալեյանի արածը խուլիգանություն, հանցագործություն էր, ուրեմն պետք է կալանավայրում հայտնվի նաև փողոցից ԱԺ նախագահի աթոռին բազմած Ալեն Սիմոնյանը, որը քանիցս իրեն խուլիգանական արարքներ է թույլ տվել:
Գարիկ Գալեյանն այսօր՝ դատական նիստից 3 օր անց, ծանրագույն վիճակում գտնվում է հիվանդանոցում՝ վերակենդանացման բաժանմունքում:
«Վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Երեկ առավոտյան, «ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»,- այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գալեյանի փաստաբանը:
Նիկոլ Փաշինյանի համար ոչ հայրենիքն է արժեք, ոչ հայրենի հողը, ոչ զավակը, ոչ շիրիմը, ՈՉԻ՛ՆՉ:
ՓՈՂ և ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. սա՛ է Նիկոլ Փաշինյանի և նրա կողակցի թիվ մեկ հավատամքը:
Նա և նրա քաղաքական թիմը և նրա հրահանգներն անվերապահ կատարողները, այդ թվում՝ դատավորները, պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ հազարավոր տղաների զոհաբերելու, նրանց կյանքի լույսը մարելու, նրանց ընտանիքներին դժբախտացնելու, Արցախը և Հայաստանը թշնամուն հանձնելու, նոր պատերազմներ հրահրելու համար: