Փաշինյանի ծրագիրը թույլ և կամազուրկ դարձնելն է, նա դավաճանական կեցվածք է ընդունել․ Արամ Մանուկյան

Ի՞նչն էր խանգարում Փաշինյանին, երբ կար պայծառագույն Շարժում, հզոր ժողովուրդ, որը հանրաքվե արեց, ինքն էլ դրա զավակն է եղել։ Դա հպարտության, պարծենալու աղբյուր է, երեխա դաստիարակելու պես մի բան։ Ինչո՞ւ է նա զրկում իրեն այդ ամենից։ Մի՞թե սա մոլուցք է, հիվանդագին երևակայություն՝ ամեն ինչ անել այնպես, որ ժամանակը սկսի քեզնից։

Նման Հերոստրատներ էլի են եղել, որոնք փորձել են պատմության մեջ մնալ թեկուզ հայհոյանքով։ Այս տղան այդ հիվանդության ախտանիշն ունի, իրեն թվում է, թե իրենից առաջ ոչինչ չի եղել, եթե անգամ եղել է՝ լավը չէ։ Նա միշտ ասում է՝ զրոյական կետից պետք է սկսվի, Չորրորդ Հանրապետություն պետք է ստեղծվի։ Հիվանդագին երևակայության արդյունք է, երբ ինքն իրեն Քրիստոսի հետ է համեմատում, համարում է, թե ինքը Սկիզբն է, որ հետո սերունդներն ասեն՝ Նիկոլի օրոք այսպես էր։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

«Ցավալի է, որ նման ոչ ստանդարտ, ոչ մարդկային և անտրամաբանական դրսևորումներն անգամ համախոհներ ունեն։ Կան մարդիկ, կա ոչ մեծ շրջանակ, որը գնում է այդ հիմարությունների հետևից, տուրք է տալիս դրանց, նույնիսկ ելույթներ է ունենում, ճիշտ է՝ շատ անհաջող, անգրագետ, անփորձ, չհիմնավորված։ Դա վերաբերում է և՛ հիմնին, և՛ զինանշանին, և՛ Սահմանադրությանը, և՛ Հռչակագրին։ Սկզբում, երբ եկավ իշխանության, մտածում էինք՝ սխալմունքի մեջ է, Անկախության միջոցառումներ էլ չէր անում։ Առաջին սեպտեմբերի 21-ին, երբ իշխանության էին, Հայ ազգային կոնգրեսին անգամ չէին հրավիրել միջոցառման։ Ուզես-չուզես՝ Կոնգրեսը ՀՀՇ-ն է, ՀՀՇ-ն էլ այս երկրի ակունքներում կանգնած քաղաքական ուժն է, և քո քիմքի հետ դա կապ չունի։ Բացի ՀԱԿ-ից՝ բոլորին հրավիրել էր, ինչպես հիմա է այդ անհայտ կուսակցականներին նստեցնում իր չորս կողմը, որ իրեն գովերգեն»,- ասաց քաղաքական գործիչը։

Կարդացեք նաև

«Հետո տեսանք, որ այդ միտումը շարունակվում է հաջորդ տարիների ընթացքում, չէին գովերգում մեր արժեքները, Անկախության մասին ֆիլմերի ցուցադրումն էր արգելվում։ Ոչնչով Անկախությունը, Շարժումը չի գովերգվել, ընդհակառակը՝ նպատակային կերպով գնում է սևացնելու, վարկաբեկելու, արժեզրկելու, պատմությունից հեռացնելու ճանապարհով։ Վերջին մեկ-երկու ամսվա՝ ստանդարտից դուրս իրենց հայտարարություններն արդեն թիմային են։ Եթե առաջ միայն Փաշինյանն էր տարօրինակ հայտարարություններ անում, կողքինները փորձում էին արդարացնել, հիմա ֆրոնտալ են գնում։ Ակնհայտորեն երևում է, որ նա ծրագրի տակ է, իսկ ծրագրի խնդիրն է Հայաստանը դարձնել թույլ, կամազուրկ, մանկուրտ»,- նշեց Մանուկյանը։

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ Փաշինյանի ծրագրով ոգևորվողները հակառուսականության ջատագովներն են, որոնք պնդում են, թե որքան Ռուսաստանին դուրս մղես, հայհոյես, վատ վերաբերվես, մեղքերն իր վրա գցես, այնքան աջակցություն կստանաս Արևմուտքից․

«Փաշինյանի խմբագրած թերթը քսան տարի շարունակ տպագրել է հետևյալ սկզբունքը՝ հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու ռուսամետ, ամերիկամետ, եվրոպամետ, միաժամանակ հայ ժողովուրդն իրավունք չունի լինելու հակառուս, հակաամերիկյան, հակաեվրոպական։ Սա պարզ և բոլորին հասկանալի բանաձև է։ Եթե ուզում ես գործոն լինել, չպետք է լինես որևէ մեկի ենթական, ստրուկը կամ ֆանատը, պիտի արժանապատիվ կեցվածք ցուցաբերես»:

«Փաշինյանը Բաբկեն Արարքցյանի հետ է աշխատել, Վանո Սիրադեղյանն է նրա դաստիարակության և կրթության վրա այդքան ջանք թափել՝ նաև նրան և իր թերթը պահելու իմաստով։ Ի վերջո, 2008-ին նա ՀԱԿ-ի թիմում էր, գովերգել է, ելույթ է ունեցել։ Բայց նրա սկզբունքներն ու գործունեությունը բացարձակ հակասում են իրար։ Այսօրվա Նիկոլ Փաշինյանը կապ չունի երբեմնի Փաշինյանի հետ։ Չէր կարող նա այն ժամանակ Վանո Սիրադեղյանի կողքին նման հիմարություններ անել, կամ Արարքցյանի պաշտպանությունն ունենար և նման դավաճանական կեցվածք ընդուներ»,- ամփոփեց Արամ Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս