«Խոպանչին»՝ պետական երկու կարգավորումների արանքում. ո՞ր սկզբունքով առաջնորդվի արտագնա աշխատողը
Գեղարքունիքի մարզի բնակիչներն այսօր փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են ՊԵԿ-ի հարկային վարչարարության դեմ, ըստ որի՝ արտագնա աշխատանքի մեկնողներն այլ պետություններում ստացված եկամուտից պետք է եկամտային հարկ վճարեն Հայաստանում:
«ՊԵԿ-ը պարտավորություն է կրում իրականացնել հարկային վարչարարություն, ես կարծում եմ, որ որոշակի եկամուտների տեսակների մասով ու որոշակի սահմանաչափով կարող են կիրառվել արտոնություններ, այդ մասով մենք Ֆինանսների նախարարության հետ սկսել ենք որոշակի կոմունիկացիա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս իրողությանն արձագանքել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ hազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, Հայաստան վերադարձից հետո նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100.000 դրամից մինչև 1 միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն։
Պետեկամուտների կոմիտեից հիշեցրել էին, որ ԱՊՀ կառավարությունները 2018թ. Աստանայում կնքել են մի համաձայնագիր, որով էլեկտրոնային եղանակով հարկային տեղեկատվություն է փոխանցվում ԱՊՀ անդամ երկրներին։ Հայաստանն արձանագրությունը վավերացրել է 2020թ. փետրվարին։ Հենց այդ արձանագրության շրջանակում էլ ՊԵԿ-ը ստացել է ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկատվությունը և սկսել է գումարային պահանջներ ներկայացնել։
Այս համաձայնագրի մասին 168.am-ի հետ զրույցում նշեց նաև տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը:
«Մենք մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ, որտեղ առավելապես մեկնում են մեր արտագնա աշխատողները, ունենք կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր, ինչը նշանակում է՝ փոխադարձ ծագման երկրում առաջացած եկամուտը հարկվում է հարկային դրույքաչափերի տարբերությամբ:
Այսինքն՝ եթե ՌԴ-ում եկամտահարկը ռեզիդենտների համար 13 տոկոս է, մեզ մոտ՝ 20-21 տոկոս, ապա մեզ մոտ պետք է հարկվի տարբերությունը՝ շուրջ 7-8 տոկոս,- մանրամասնեց տնտեսագետը, ապա ուշադրություն հրավիրեց խնդրի շերտերի վրա,- ՌԴ-ում մինչև 6 ամիս աշխատած քաղաքացին հարկվում է 30 տոկոսով, 6 ամսից ավելին՝ որպես ռեզիդենտ է համարվում և 13 տոկոս հարկման ներքո է հարկվում:
Եթե ծագման երկրում դրույքաչափն ավելի բարձր է, քան քո երկրում, ուղարկված գումարը ենթակա չի լինում հարկման: Գործատուն պետք է տեղյակ լինի, որ, օրինակ, 6 ամսից պակաս է մարդն այնտեղ գտնվել, ենթադրենք, 5 ամիս աշխատել ու վերադարձել է իր երկիր, որ ՌԴ-ում 30 տոկոսի ներքո դա գրվի, բայց եթե գործատուն տեղյակ չի լինում (ինչը մեծ մասի դեպքում հենց այդպես էլ լինում է), ապա ստացվում է՝ ինքն ի սկզբանե դիտարկվում է 13 տոկոսի ներքո, ու նա արդեն Հայաստանում կրկնակի հարկման խնդրի առջև է կանգնում:
Սա, ինձ թվում է, 2 երկրների հարկային համագործակցության հարցն է. այսինքն՝ այստեղ պետությունը պետք է առաջնորդվի սեփական քաղաքացու շահով և փորձի խնդրին ինչ-որ լուծում գտնել։
Այդ բոլոր ծանուցումների ու պարզաբանումների ներքո պետք է հասկանանք՝ իրականում արդյո՞ք այդ մեխանիզմով է հարկման գործընթացն իրականացվել. քաղաքացին վստա՞հ լինի, որ այդ կրկնակի հարկման բացառման սկզբունքով է հարկվում»:
Խոսելով հարկային պարտավորության ծանուցման խնդիրների մասին՝ Լիլիա Ամիրխանյանը շեշտեց դրա բարոյական կողմը. թեև քաղաքացին ինքը պետք է տեղեկանա պարտավորությունների մասին, բայց քանի որ 2018 թվականին կնքված այդ համաձայնագիրը վավերացվել է 2020 թվականին, ու փաստացի 2020 թվականից հետո է հարկային մարմինը ստանում հարկային տեղեկատվություն, ըստ նրա, առնվազն բարոյական տիրույթում անհրաժեշտություն կար մարդկանց զգուշացնելու այդ մասին:
«ՊԵԿ-ի պարզաբանումը, թե կարգավորումները նոր չեն, վիճելի է. այնքանով նոր չեն, որ ցանկացած եկամուտ ենթակա է հարկման, բայց կա նոր համաձայնագիր, ու քաղաքացիները պետք է տեղեկացվեին, որ տույժ ու տուգանքների խնդրին չբախվեին»,- հավելեց նա:
Նկատենք՝ շատ քաղաքացիներ նշել էին, որ ժամանակին չեն իրազեկվել ՊԵԿ-ի կողմից մատնանշված արձանագրության մասին:
Մասնագետը հարցը դիտարկեց նաև եկամուտների հայտարարագրման ինստիտուտի ներդրման համատեքստում:
«Այս ամենն անուղղակիորեն, իսկ 2023 թվականից սկսած՝ արդեն փաստացի ուղղակիորեն կապ ունի եկամուտների հայտարարագրման ինստիտուտի հետ: Դրան առնչվող այդ ամբողջ գործընթացում, քննարկումներում, երբ ասվում էր, որ փաստորեն արտագնա աշխատողների եկամուտները հարկվելու են, կային հակառակ պնդումները, թե այդ կարգավորումները հարկման խնդիր չեն հետապնդում:
Այդ նույն համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի մեխանիզմի ներքո, քանի որ քննարկումները շատ էին, որոշում էր կայացվել 5 տարի անցումային շրջան նշանակել արտագնա աշխատողների համար, ու 2023 թվականից սկսած՝ արտագնա աշխատողների կողմից ուղարկված եկամուտները չպետք է հարկել, եթե դրանք չեն գերազանցում ամսական 1 միլիոն դրամ:
Ստացվում է մի իրավիճակ, երբ մի կարգավորման ներքո 2023 թվականից անցումային ժամանակաշրջան է տրամադրվում արտագնա աշխատողներին, մյուս կողմից՝ դրանից երեք տարի առաջվանից սկսած՝ սկսում են հարկվել նույն արտագնա աշխատողների եկամուտները,- պարզաբանեց տնտեսագետը, ապա ուշադրություն հրավիրեց մեկ այլ հարցի վրա ևս,- Իսկ կարո՞ղ է պատահի մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ հարկվում է նա, ում արտագնա աշխատողն ուղարկում է իր եկամուտը: Եթե մենք հանկարծ դրա հետ գործ ունենք, ապա այդ եկամուտը դիտարկվում է երրորդ անձի անջատ եկամուտ, որը ենթակա է եկամտահարկի 20-21 տոկոս դրույքաչափով հարկման. այդ հարցերը հստակեցման կարիք ունեն»:
Սոցիալական հետևանքների մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ մասնագետը կարևորեց պետության կողմից զարգացած պետությունների փորձին հենվելու անհրաժեշտությունը, քանի որ այդ փորձը ցույց է տալիս, թե ինչպես պետք է իրականացնել հարկային վարչարարությունը:
«Այս համատեքստում մեզ մոտ հարցադրում է առաջանում՝ արդյո՞ք մեզ մոտ եկամտի ինստիտուտը զարգացած է այնքան, որ տարանջատվի սոցիալական նշանակության եկամուտը, նվիրատվությունը, ժառանգությունը և այլն:
Տեղեկատվությունը, որը ստանում են հարկային մարմինները, հավանաբար, նաև բանկային տվյալների հասանելիության արդյունքում է կատարվում (բանկային գաղտնիքի լրացուցիչ հասանելիություն տրվեց օրենքով)։ Մենք, օրինակ, ունե՞նք հստակություն, որ տարանջատված է նվիրատվությունն ու ժառանգությունը:
Այսինքն, ցանկացած պարագայում, երբ խնդրի սոցիալական բաղադրիչին ենք անդրադառնում, պետք է որոշակի մեխանիզմներ զարգացնել այնքան, որ դրանից չտուժի հանրությունը»,- ընդգծեց նա:
Ըստ տնտեսագետի՝ թափանցիկության ու հստակեցումների բացակայությունը կհանգեցնի արտագաղթի. արտագնա աշխատողը նաև ընտանիքին կփոխադրի այն երկիր, որտեղ աշխատում է: