
«Մետրանպաժ»՝ ո՞վ է նա, որ մեծ խառնաշփոթ ու քաոս է ստեղծում. 15 տարի անց Աշոտ Հակոբյանը որոշեց իր բեմադրությամբ ևս «քաոս» ստեղծել

Երբեմն բավական է մեկ հազվագյուտ ու անհասկանալի բառ, որպեսզի ամեն ինչ դուրս գա վերահսկողությունից, և կյանքը վերածվի իսկական քաոսի։
«Մետրանպաժ», բառ, որն առաջին հայացքից ոչինչ չի ասում, բայց կարող է իրավիճակը գլխիվայր շրջել, ստեղծել խառնաշփոթ ու մարդկանց ստիպել փնտրել ելքեր։
Օրերս Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմում հենց այս անվանմամբ՝ «Մետրանպաժ», աբսուրդ ժանրի ներկայացման պրեմիերան էր՝ թատրոնի դերասան Աշոտ Հակոբյանի բեմադրությամբ։
Ներկայացման սկզբում ամեն ինչ հանգիստ էր մինչև այն պահը, երբ սովորական մի հյուրանոցի համարում հայտնվում է սովորական ու անսովոր մի մարդ, որի այցից հետո էլ սկսվում է ամբողջ խառնաշփոթը, որը լեցուն է մեծ ծիծաղով։
Ո՞վ է նա՝ «մենտրանպաժը», ով հայտնվել է մի հանգիստ հյուրանոցում՝ բանվո՞ր, շինարա՞ր, թե՞ բարձրաստիճան մի պաշտոնյա… նա պարզապես մի քիչ ցածրահասակ ֆուտբոլի մեծ երկրպագու է։
Ուղիղ 15 տարի առաջ նույն ներկայացումը կրկին բեմադրվել է. բեմադրիչ, այն ժամանակ դերասան Աշոտ Հակոբյանը ներկայացման դերասաններից մեկն էր, ով որոշեց, որ իր բեմադրությամբ ևս պետք է հանդիսատեսին մատուցի «Մետրանպաժ»-ը։
«Պիեսի հեղինակը Ալեքսանդր Վամպիլովն է, այս ստեղծագործությունը կոչվում է «Պատմություն մետրանպաժի հետ»: Աշխատեցինք գործի վրա, որի արդյունքում ստեղծվեց նոր ոճի կատակերգություն:
Պիեսին ինքս ծանոթ եմ դեռ ուսանողական տարիներից՝ արդեն 10 և ավել տարի: Շատ սիրել եմ ու սիրում եմ, որովհետև իմ ուսանողական տարիներին նաև գլխավոր հերոսի դերն եմ խաղացել: Մեծ ցանկություն ունեի կատակերգություն բեմադրել, ու հենց այս պիեսը հիշեցի: Առաջարկեցի մեր գլխավոր ռեժիսոր պարոն Հակոբ Ղազանչյանին, նա համաձայնեց, տնօրեն Կարո Շահբազյանը ևս համաձայնեց։
Դրանից հետո արդեն սկսեցինք աշխատանքները և իմ սիրելի ընկերների, դերասանական խմբի հետ, որի արդյունքը տեսաք բեմում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հակոբյանը։
Նա նշեց, որ մեծ ցանկություն է ունեցել հանդիսատեսի համար ապահովելու լիաթոք ծիծաղ, որպեսզի ներկայացումից հետո լավ տրամադրությամբ հանդիսատեսը գնա տուն: Ներկայացման հիմքում, ծիծաղի հետ միասին, բնականաբար, կա նաև լրջություն։
«Լրջությունը գլխավոր հերոսի մեծամտությունն է: Նա ինչ արել է, երբեք չի պատժվել, ոչ մի անգամ պատասխանատվության չի ենթարկվել, ու եկել է պահը ու հանդիպել է մետրանպաժին: Շատ կարևոր է, որ գլխավոր հերոսի սխալները ճակատագրական չեն եղել, ուստի, քանի որ ներկայացման ավարտը բարի էր, գլխավոր հերոսը որոշում է՝ այսուհետ պետք է ճիշտ ապրի և կյանքը ճիշտ ճանապարհով տանի»,- նշեց Աշոտ Հակոբյանը։
Ինչ վերաբերում է դերասանական անձնակազմի ընտրությանը, ապա բեմադրիչն ասաց, որ դերասաններն իր ընկերներն են՝ խոստովանելով, որ բնականաբար բեմադրության աշխատանքների ընթացքում եղել են բարդություններ։
«Մենք շատ լավ ընկերներ ենք, գաղափարն այն էր, որ «ես»-ը դառնա մենք։ Շնորհակալ եմ բոլորին և նրանց, ովքեր մեր թիմի կողքին են եղել, ովքեր չեն խանգարել։
Իհարկե, նաև մեծ ցանկություն ունեմ, որ ներկայացումը բարի ընթացքով շարունակական բնույթ կրի»,- ընդգծեց Աշոտ Հակոբյանը։