«Չկրակելու հրաման տվող ցանկացած անձ, ով էլ լինի, դավաճան է. չվախենա՛ք ռազմական ոստիկանության սպառնալիքներից». Գրիգոր Գրիգորյան
Այն ամենը, ինչն այս իշխանությունն ու նրա ղեկավարը հայտարարում են, արդեն իսկ պայմանավորված է դրսի ուժերի հետ, կլինի դա Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, թե բոլորը միասին՝ կարևոր չէ։ Բոլոր այն գործողությունները, որոնք սկսվել են 44-օրյա պատերազմից առաջ, շարունակվել պատերազմի ավարտից հետո՝ տարաբնույթ պայմանագրեր կնքելով և դրանք խախտելով, հանգեցրին նրան, որ ամբողջ Արցախը փուլ առ փուլ հանձնվեց Ադրբեջանին, թշնամական զորքերը ներխուժեցին նաև ՀՀ որոշ տարածքներ։ Այս իշխանությունը փորձում էր ամեն գնով հիմնավորել, թե իբր դրանք մեր տարածքները չեն, նույն կերպ նրանք փորձում են ոչնչացնել, քար գցել նույնիսկ մեր Սահմանադրության, զինանշանի և բոլոր այն արժեքների վրա, որոնք դարեր ի վեր մեր ազգն ունեցել է, և այդ ամենն աշխարհի կողմից ճանաչվել է՝ որպես հայկական։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանը։
«Չի բացառվում, որ այս ամենը նրանք անում են մեկ նպատակով՝ այն, որ վաղը ՀՀ չլինի, և իրենց դեմ որևիցե պետական ատյան կամ դատարան քննություն չսկսի և պետական դավաճանության մեղադրանք չառաջադրի։ Սրանք գնում են այդ ճանապարհով՝ պայմանավորվելով Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց դա փրկություն չէ իրենց համար։ Բացառված է, որ իրենք կարողանան հանգիստ ապրել, որովհետև հայ վրիժառուն միշտ էլ գտել է այն բոլոր դավաճաններին ու դահիճներին, որոնք հայ ազգի գլխին պատիժ են բերել, և չկա այդպիսի դահիճ, որը չի պատժվել։ Տեղեկատվություն կա, որ ոմանք ռազմական ոստիկանություն են կանչվել և հրահանգվել, որ դիրքերում չկրակեն, այլապես պատասխան են տալու դրա համար»,- ասաց ռազմական գործիչը։
«Այսօր համեմատաբար դժվար դիրքերը պահում են հին տղաները՝ լինեն ԵԿՄ-ից թե այլ ջոկատներից։ Նրանք քիչ թե շատ վճռականորեն են պահում սահմանը, քանի որ գիտակցում են այդ հողի նշանակությունը։ Այս իշխանական ոհմակը կարողացել է հասնել նաև բանակի և զինվորի բարոյահոգեբանական վիճակի զրոյացմանը։ 44-օրյա պատերազմում մեր զինվորը տապալեց հինգ պետության, այդ թվում՝ այս իշխանության, ծրագրերի իրականացումը։
Թշնամու ծրագրով՝ Արցախը պետք է գրավվեր հինգից յոթ օրում, բայց պատերազմը տևեց 44 օր, և մեր զինվորի քաջագործությունների արդյունքում հակառակորդը, կարելի է ասել, պարտվեց։ Նա հաղթեց դիվանագիտական դաշտում՝ այս կառավարության բացահայտ դավաճանության արդյունքում։ Ներքին Հանդում, օրինակ, ոչ թե ԵԿՄ-ն է, այլ Նոր Նորքի ԵԿՄ-ականները, որոնք ավելի քան երեք տարի է՝ հրաժարվել են ԵԿՄ-ից և հանդես են գալիս առանձին կարգավիճակում։ Նույնիսկ Դիմադրության շարժման օրերին ԵԿՄ-ի միակ կառույցն էր, որ վրան էր խփել Ֆրանսիայի հրապարակում և օրուգիշեր հերթապահություն էր իրականացնում»,- նշեց Գրիգորյանը։
Զինվորականի պնդմամբ՝ համաձայն ԶՈՒ կանոնագրքերի՝ յուրաքանչյուր մարտական դիրք ունի իր մարտական հաշվարկը, և գրված է, թե դիրքի հրամանատարն ինքնուրույն որոշումով որ դեպքում ինչ գործողություններ պիտի իրականացնի․
«Զինվորականը չպետք է սպասի, որ պաշտպանության նախարարը կամ գնդի հրամանատարն իրեն թույլ տան կամ թույլ չտան կրակել։ Այսինքն, եթե նա նկատում է բացահայտ հարձակում, զորքերի առաջխաղացում կամ հակառակորդի կողմից զենքերի կիրառում, բնականաբար, համաձայն մարտական հաշվարկի՝ պետք է բացազատի մարտական դիրքը և պահպանությունից անցնի պաշտպանության։ Չկրակելու հրաման տվող ցանկացած անձ, ով էլ լինի, դավաճան է»:
«Առաջիկա պատերազմի հավանական ուղղություններն են Մեղրի-Կապանը, հատկապես որ, այդտեղ ուզում են նաև, այսպես կոչված, միջանցք բացել, Ջերմուկը, Վայքը, Եղեգնաձորը, Երասխ-Տիգրանաշենը, Սևանի ավազանը»,- ամփոփեց Գրիգոր Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում