Սա հաղորդագրություն է օտարերկրյա ներդրողների համար. Հայաստանը հեռանկարային չէ. բանկային գործարքների հետքերով
Հայաստանից օտարերկրյա կապիտալի արտահոսք, պետության հանդեպ բիզնեսի անվստահության դրսևորում. տարբեր մասնագետներ այսպես են գնահատում ֆինանսական համակարգի վերջին մի քանի գործարքները:
Օրերս պաշտոնական հայտարարություն էր տարածվել, որ «Արդշինբանկը» HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության է եկել Հայաստանում գործող բանկի մասնաճյուղը ձեռք բերելու շուրջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Վիվա-ՄՏՍ հեռահաղորդակցության օպերատորի վաճառքի մասին, ու նաև տեղեկություններ՝ «Ամերիա» բանկի բաժնեմասերի վաճառքի վերաբերյալ:
Ի դեպ, դեռ 2023 թ. հոկտեմբերին 168.am-ը «Ամերիայի» հնարավոր վաճառքի ու գնորդ վրացական Bank of Georgia Group PLC բանկի մասին հարցադրումներ էր ուղղել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին:
Նա վստահեցրել էր. «Նման գործարք չկա այս պահի դրությամբ»:
Իսկ այսօր արդեն գործարքի մասին տեղեկությունները հաստատում է պոտենցիալ գնորդը՝ Վրաստանի Bank of Georgia Group PLC բանկը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը 168.am-ի հետ զրույցում այս գործարքները համարեց մտահոգիչ:
«Ցանկացած դեպքում, եթե միջազգային բանկը դուրս է գալիս ՀՀ-ից, դա նաև հաղորդագրություն է օտարերկրյա ներդրողների համար,- HSBC-ի վաճառքի մասին իր դիտարկումներում շեշտեց Թադևոս Ավետիսյանը և հավելեց,- Հենց իրենց հաղորդագրության մեջ, երբ նշում են՝ բանկի մասնաճյուղերը տեղափոխում են ավելի հեռանկարային կենտրոններ, դա նշանակում է, որ Հայաստանն իրենց գնահատմամբ՝ հեռանկարային չէ»:
Անդրադառնալով վաճառքի հնարավոր պատճառներին՝ տնտեսագետը հիշեցրեց արտաքին գործոններով պայմանավորված տնտեսական իրողությունների ուղղակի ազդեցության մասին:
«2022 թվականին բանկային ոլորտը գրեթե եռապատկեց իր շահույթները՝ էական աճ գրանցելով ֆինանսական ծառայությունների մասով: Դա արտածին գործոնների ուղղակի հետևանքն էր, իսկ 2023 թվականին այդ գործոնները թուլացան. 2022 թվականին ֆինանսական ծառայությունների ծավալը 47 տոկոսով աճել էր նախորդ տարվա համեմատ, իսկ արդեն երկնիշ նվազում ունեցանք 2023 թվականին:
Կարծում եմ, որ բանկային ոլորտի ներկայացուցիչները լավ կանխատեսում են, որ այսպես շարունակելով՝ ունենալու են լրացուցիչ դժվարություններ, քանի որ թուլացող արտաքին գործոնը մի պահից դադարելու է, իսկ ֆինանսական շուկան տնտեսական ռիսկերով պայմանավորված՝ ունենալու է ռիսկերի աճ, ծավալների շահույթի նվազման իրական պատկեր»,- մանրամասնեց նա:
Շուրջ 3.5 միլիարդ դոլարի ակտիվներ ունեցող «Ամերիա»-ի վաճառքն ի՞նչ ուղիղ հետևանքներ կունենա ֆինանսական համակարգի վրա՝ մեր հաջորդ հարցմանն ի պատասխան էլ՝ Թադևոս Ավետիսյանը նշեց. «Այս բանկն առաջնային շահութաբերություն ունեցող բանկերից է և միշտ կայուն աճ է գրանցել ստեղծման օրվանից ի վեր:
Երբ վաճառում են շահութաբեր կայուն բիզնեսը, սա ինքնին արդեն մտահոգիչ է, քանի որ, նախ՝ պարզ է դառնում, որ վաճառող կողմի ապագա կանխատեսումները լավը չեն, և երկրորդ՝ սա կարող է ցնցում առաջացնել, քանի որ «Ամերիան» փոքր ազդեցություն չունի մեր բանկային շուկայում»:
Ըստ տնտեսագետի՝ այս գործարքները նաև անորոշություն են ստեղծելու բանկի շահառուների համար, քանի որ բանկի բաժնետերերի փոփոխությունը կարող է բերել բանկի ռազմավարության և ընթացիկ քաղաքականության փոփոխությունների:
«Երկու բանկերի պարագան էլ մտահոգիչ է, թե ինչու պետք է կայուն աճող ու շահութաբեր բիզնեսը՝ այն էլ բանկային ոլորտում: Իսկ առաջինի դեպքում՝ ունենալու ենք ընդհանուր տնտեսական վարկանիշի հետ կապված լուրջ խնդիրներ, հաղորդագրություն միջազգային պոտենցիալ ներդրողներին, քանի որ, ի վերջո, ՀՀ-ում տասնյակ տարիներ գործող միջազգային բանկը հեռանում է ՀՀ-ից»,- ամփոփեց մասնագետը: