Այս դատախազի օրոք բողոքարկվում են բոլոր ակտերը,որոնք իրենց դիրքորոշման հետ չեն համընկնում. Աթանեսյան

«Մեր դատախազությունը, այս գլխավոր դատախազի օրոք, ինչ-որ պատանեկան մաքսիմալիզմով է. այսինքն՝ բողոքարկում է բոլոր ակտերը, եթե մինչդատական հսկողության ակտերը, դատավճիռները, եթե ինչ-որ բանով իրենց դիրքորոշման հետ չի համընկնում դատական ակտը»,- Դատախազության կողմից ոստիկանության պետի նախկին խորհրդական, հանրային գործիչ Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկուի գործով» առաջին ատյանի դատարանի վճռի բողոքարկման դատական նիստից առաջ 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ նշեց Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

Նա, սակայն, չբացառեց, որ դատական համակարգի վրա վերահսկողության պայմաններում, եթե լինի քաղաքական որոշում դատելու նաև այս հոդվածով, կդատեն:

«Դատարաններն այդ ուժը չունեն դիմագրավելու։ Եթե սովորական ընթացք է, հույս ունեմ՝ վճիռը կմնա ուժի մեջ»,- հավելեց նա:

Մեր հաջորդ հարցին, թե ե՞րբ դատարանները կունենան այդ ուժը, փաստաբանը պատասխանեց դիտարկմամբ, որ Հայաստանում, հայ հասարակության մեջ անկախ դատարանի գոյությունը բացառված է:

Կարդացեք նաև

«Դա չի կարող լինել և ոչ մի իշխանության օրոք։ Մենք այդ ազգը չենք, այդ մշակույթն ու գիտակցությունը չունենք։ Կարող են լինել ինքնուրույն դատավորներ, որոնք հարգում են իրենց անձը և չեն ենթարկվում այլոց ճնշումներին։ Ինչքա՞ն կարող էին դիմանալ դատավորները․ մի քանիսը մնացել են, մատների վրա կարելի է հաշվել։

Իսկ համակարգային անհնար է, որովհետև, ի վերջո, աշխատավարձը ստանում են գործադիր իշխանությունից, ԲԴԽ-ն ենթարկվում է գործադիր իշխանությանը, այդ մարդիկ կզրկվեն աշխատանքից, ամեն ինչից։ Իսկ կներեք՝ ուրիշին հերոսության կոչելը մեծ սրիկայություն է․ ուզում ես հերոսություն, ինքդ գործիր։ Եթե այդ մարդիկ էլ չեն դիմանում, մեղավոր ենք բոլորս։ Չէ՞ որ այդ մարդիկ ունեն ընկերներ, ընտանիք, ստանում են հանդուրժողականություն ինչ-որ տեղերից, որ իրենք էլ որոշել են «յոլա գնալ» այս դավաճանների հետ»,- պարզաբանեց փաստաբանը:

Տեսանյութեր

Լրահոս