Ո՞ւր մնացին ձեր ասած՝ «ապրելու ու աշխատելու համար ստեղծված նպաստավոր պայմանները»

Կար ժամանակ, երբ իշխանությունները հպարտանում էին, թե Հայաստանում ստեղծել են նպաստավոր պայմաններ ապրելու և աշխատելու համար, դրա համար էլ ռուսները նախընտրում են գալ Հայաստան։ Հիմա, երբ ռուսները հեռանում են, այլևս չեն խոսում «ապրելու և աշխատելու համար ստեղծված նպաստավոր պայմանների» մասին։

Ռուս-ուկրաինական հակամարտության սկզբնական փուլում իսկապես Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում՝ Հայաստանի նախկին քաղաքացիներ, հապշտապ տեղափոխվեցին Հայաստան։ Բայց դա որևէ կապ չուներ Հայաստանում ապրելու և աշխատելու համար ստեղծված նպաստավոր պայմանների հետ։ Դա հարկադրված տեղափոխում էր, երբ շատերը Հայաստանը հարթակ էին դիտարկում՝ այլ երկրներ մեկնելու համար։

Իրականում այդպես էլ եղավ։ Հայաստան եկած Ռուսաստանի քաղաքացիներից շատերը հեռացան։

Նախորդ տարի Հայաստանից ավելի քան 17 հազար Ռուսաստանի քաղաքացի է հեռացել։

Կարդացեք նաև

Չնայած Հայաստանը Ռուսաստանի հետ գտնվում է նույն տնտեսական տարածքում, ու թվում է, թե շատ ավելի նախընտրելի պիտի լիներ Հայաստանում ապրելն ու աշխատելը, տնտեսական գործունեություն ծավալելը, ռուսները Վրաստանում անգամներով ավելի շատ ընկերություններ են բացել, քան Հայաստանում։ Ընդ որում, ինչպես հակամարտության առաջին, այնպես էլ՝ հաջորդ տարում։

2022թ. ռուսները Վրաստանում գրանցել էին՝ 16 հազար, անցած տարի՝ 13 հազար ընկերություն։ Երկու տարում ընդհանուր առմամբ՝ 29 հազար ընկերություն։

Այնինչ՝ Հայաստանում գրանցել են 11 հազարից քիչ ընկերություն. առաջին տարում՝ 7,3 հազար, երկրորդում՝ 3,4 հազար։ Մեծ մասն անհատ ձեռներեցներն են՝ շուրջ 7 հազարը։

Հայաստանում գրանցված, այսպես ասած, ֆիզիկական ու իրավաբանական անձ ընկերությունների քանակը գրեթե 3 անգամ զիջում է Վրաստանին։

Հարց է առաջանում, եթե Հայաստանում ապրելու ու աշխատելու համար ստեղծված են այդքան նպաստավոր պայմաններ, ինչո՞ւ է այդպես։

Անցած տարի Հայաստանում գրեթե 4 անգամով ավելի քիչ ռուսական ընկերություններ են գրանցվել, քան Վրաստանում։

Ավելին՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանում գրանցված ռուսական ընկերությունների քանակն ավելի քան կիսով չափ կրճատվել է։

Դեռ հայտնի չէ, թե նախորդ տարի գրանցվածքներից քանիսն են փակվել։

Այդ մասին տվյալներ չեն հաղորդվում։ Բայց դատելով այն տեմպերից, ինչ տեմպերով ռուսները հեռանում են Հայաստանից, կարելի է ենթադրել, որ գրանցվածների մեծ մասը նույն արագությամբ փակվում են։ Հատկապես որ, հեռանում են հիմնականում նրանք, ովքեր տեղափոխվել էին ու աշխատում էին Հայաստանից։

Ի հեճուկս իշխանությունների հայտարարությունների, որոնք, ինչպես շատ հաճախ, իրականության հետ աղերս չունեն, ապրելու ու աշխատելու պայմանները Հայաստանում ամենևին էլ նպաստավոր չեն։ Դա է պատճառը, որ ռուսները նախընտրում են գնալ Վրաստան, նույնիսկ այն պարագայում, երբ վրացիները, մեղմ ասած, այնքան էլ բարյացակամ չեն տրամադրված իրենց նկատմամբ։

Ինչքան էլ իշխանությունները հպարտանան իրենց չեղած ձեռքբերումներով, միևնույն է, Վրաստանում պայմանները շատ ավելի նպաստավոր են, քան Հայաստանում։

Վրաստանում ապրելն անհամեմատ ավելի քիչ ծախսատար է։ Ոչ միայն սպառողական ապրանքներն ու սննդամթերքն է ավելի էժան, այլև ընդհանրապես կյանքը։

Վարձակալության գներն էլ այնքան բարձր չեն, ինչպես Հայաստանում։

Տարբեր գնահատումներով, Հայաստանում կյանքը գրեթե 40 տոկոսով թանկ է Վրաստանից։

Պարզ չէ՞, որ մարդիկ պետք է նախընտրեն Վրաստանը, քան նույն բանի համար 40 տոկոսով ավելի շատ վճարեն Հայաստանում։ Դա է պատճառը, որ հաճախ անգամ Հայաստանի քաղաքացիներն են նախընտրում հանգիստը Վրաստանում անցկացնել։

Թվում է, թե սա պիտի անհանգստացներ առաջին հերթին իշխանություններին։ Բայց չէ, մի բան էլ այնպես են անում, որ Հայաստանն էլ ավելի կորցնի գրավչությունը՝ ապրելու ու աշխատելու համար։

Ստվերի դեմ պայքարի անվան տակ ամենուրեք հարկերն ու տուրքերն են բարձրացնում՝ մեծացնելով ճնշումը գների ու թանկացումների վրա։

Հայաստանում ոչ միայն ապրելն է ավելի թանկ, այլև աշխատելու համար պայմաններն են ավելի վատը։

Միայն այն, որ մի կողմից՝ ամեն ինչ շատ ավելի թանկ է, քան հարևան Վրաստանում, մյուս կողմից՝ մարդկանց գրպանին մեծապես հարվածում է դրամի չափից դուրս ամրապնդումը։ Դրամի ամրապնդումը ոչնչով չի բխում Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիների շահերից, որոնց եկամուտները ձևավորվում են հիմնականում տարադրամով։ Նրանք կրկնակի են տուժում՝ թանկությունից ու փոխարժեքներից։ Դրա համար էլ նախընտրում են հարևան Վրաստանը, նույնիսկ Եգիպտոսը։

Այս իրավիճակը հիմք է տալիս ասելու, որ Հայաստանից հեռացողներն առաջիկայում ավելի շատ կլինեն։

Ավելի քիչ կլինի նաև Հայաստանում գրանցվող ռուսական ընկերությունների քանակը։

Թեպես այնպես չէ, որ բացառապես ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո են Հայաստանում ռուսական ընկերություններ սկսել բացվել։ Նախկինում էլ այդպիսի ընկերություններ բացվում էին, իհարկե՝ ավելի քիչ։ Հասկանալի պատճառներով, միտումն ակտիվացավ հակամարտությունից հետո, նաև Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով։ Երբեմն ընկերություններ գրանցում են պատժամիջոցներից խուսափելու համար։ Այդ ճանապարհով փորձում են քողարկված ձևով մատակարարումներ իրականացնել կամ ռուսական ապրանքների արտահանումներ կազմակերպել։

Սրանք կապ չունեն Հայաստանում ապրելու ու աշխատելու համար, իշխանությունների ասած՝ ստեղծված նպաստավոր պայմանների հետ։ Էլ չենք ասում, եթե այդքան նպաստավոր են պայմանները Հայաստանում ապրելու ու աշխատելու համար, ինչո՞ւ են հեռանում նաև Հայաստանի քաղաքացիները։

Վերջին երեք տարում գնացել է Հայաստանի ավելի քան 110 հազար քաղաքացի։

Այդքան խոսում էին նաև Արցախից բռնի տեղափոխված մեր հայրենակիցներին ամեն կերպ Հայաստանում պահելու ու ապաստան տալու մասին, այնինչ՝ շատերը նախընտրում են հեռանալ՝ այստեղ ապրելու ու աշխատելու պայմաններ չգտնելով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս