«Հաղթանակից» հետո Ալիևի առաջին ուղերձը․ կայացել է ընտրություններից հետո Ալիևի առաջին աշխատանքային այցը
Ադրբեջանում փետրվարի 7-ին անցկացված արտահերթ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Իլհամ Ալիևը կատարել է իր առաջին աշխատանքային այցը։
Առաջին բանը, ինչ արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելել է երկրի Սալյանի շրջանի մի շարք ռազմական օբյեկտներ և դիտել ռազմաօդային ուժերի կողմից վերջերս ընդունված թուրքական «Աքինջի» նոր անօդաչու թռչող սարքերի թռիչքները։
Միջոցառմանը ներկա են գտնվել Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և թուրքական Baykar ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։ Ի դեպ, Ադրբեջանի բռնապետին ուղեկցել է որդին՝ Հեյդար Ալիևը, ով վերջերս ավելի ու ավելի հաճախակի է ուղեկցում հորը տարատեսակ միջոցառումների ժամանակ։
Թե կոնկրետ երբ են այդ անօդաչու թռչող սարքերը հասել ադրբեջանական ԶՈՒ, չի նշվում։ Սակայն պարզ է դառնում, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զինված են Bayraktar-TB2-ով, տեղական արտադրության մի քանի անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև այս նոր անօդաչու թռչող սարքերով։
168․am-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով ընտրություններից անմիջապես հետո կատարած Ալիևի այս այցը, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ բնականաբար սա պատահական կազմակերպված այց չէ, ու օրը ևս այս նոր ձեռքբերմանը ծանոթանալու համար պատահական չէ ընտրված։
Ըստ նրա, ընտրություններում հաղթանակից հետո այցը ռազմական օբյեկտ ու նոր թոչող սարքի թռիչքին հետևելը ցույց է տալիս այն կարևորությունը, որը տալիս է Ադրբեջանի այս իշխանությունը ռազմական ոլորտին, ռազմարդյունաբերությանը, զինված ուժերին և ընդհանրապես ուժին։
«Ընդհանրապես ընտրություններից հետո առաջին թե ներքին, թե արտաքին այցերը չափազանց կարևոր են, որոնք պարունակում են ուղերձներ ընտրված քաղաքական գծերի վերաբերյալ։ Այցը ռազմական ակադեմիա ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակելու է նույն քաղաքականությունը, ինչ նախկինում՝ հիմնվելով Ադրբեջանի ռազմական ուժի վրա, տրամադրված լինելով այն է՛լ ավելի զարգացնել։
Սա իր հերթին՝ նշանակում է, որ քաղաքականությունը հիմնվելու է ոչ թե դիվանագիտության, այլ ռազմական ուժի վրա։ Սա իր բացատրությունն ունի, Ադրբեջանը կշարունակի այս գիծը, քանի դեռ այն իրեն բերում է հաջողություններ։ Ինչպես բազմիցս ասել եմ, դա Ադրբեջանի համար հարցեր լուծելու ամենակարճ ուղին է։ Չէ՞ որ հենց ադրբեջանցի պաշտոնյաներն են ասում, որ ԵԱՀԿ ՄԽ-ի մի քանի տասնամյակ շարունակվող բանակցությունները որևէ արդյունքի չհանգեցրին։ Ուստի ընտրություններից հետո նոր Բայրաքթարի ցուցադրությունը, դրա ընդունումը, թռիչքին հետևելը յուրօրինակ ուղերձ է ռեգիոնին»,- նման կարծիք հայտնեց Խրամչիխինը։
Ըստ նրա, այս ամենին ամենաշատը պետք է հետևեն Երևանում՝ հասկանալով, թե այդ ուժն ամենահավանականն ում դեմ կարող է օգտագործվել։
Ռազմական վերլուծաբանի խոսքով, այս ընտրություններից հետո բարձրանալու է հիմնական թեման, թե արդյո՞ք հնարավոր է լինելու խաղաղության հասնել։
«Թվում է, թե այս ամենից հետո դա այնքան հեշտ պետք է լիներ, բայց կա ոսկե կանոն, որ պետք է լինի հավասարակշռություն, դա է որոշիչը։ Այս հակամարտությունն ապացուցեց հավասարակշռման քաղաքականության կարևորությունը։ Երբ չկա ռազմական, քաղաքական հավասարակշռություն, կողմերից մեկը՝ թելադրողի, պահանջողի, ուժ կիրառողի, իսկ մյուսը՝ հակառակ դիրքերում է։ Եվ որքան էլ թվում է, որ Ադրբեջանի համար գլխավոր հարցերը լուծվեցին, սակայն խաղաղության համաձայնագիր չկա, Ադրբեջանը շարունակում է ուժի ցուցադրություն, ռազմական ուժի ավելացում, Հայաստանը նոր սկսել է որոշ սպառազինություն ձեռք բերել, բայց հավասարակշռության համար, որը կապահովի խաղաղություն, բավական շատ կա։ Ուստի կարծում եմ, այս այցը ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչ սպառնալիքներ, բացեր, խնդիրներ կան կողմերի միջև, ու առանց դրանց լուծման պարզապես խաղաղություն չի լինելու»,- նկատեց նա։
Նշենք, որ սրան զուգահեռ էլ՝ գերմանական ZDF-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել է, թե «2020 թվականի եռակողմ հայտարարությամբ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան անխափան մուտք ապահովել, բայց դեռ չի կատարել իր պարտավորությունը»։
«Մենք հույս ունենք, որ Հայաստանը կկատարի իր պարտավորությունները»,- ասել է Հաջիևը։
Ճշտող հարցին, թե Ադրբեջանում քննարկվո՞ւմ է Հայաստանին ռազմական հարված հասցնելու տարբերակը, Ադրբեջանի նախագահի օգնականը պատասխանել է՝ Բաքվի համար ռազմական ցանկացած գործողություն ավարտված է։
«Ո՛չ, մեզ համար ցանկացած տեսակի ռազմական գործողություն ավարտված է, քանի որ Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը գործել է միայն Ադրբեջանի Հանրապետության տարածքում»,- ասել է Հաջիևը՝ նշելով՝ Ադրբեջանը գործել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։