Պիեսը տարածաշրջանում ավարտվում է. Թուրքիան Ալիևին կացին է տալիս, ասում է՝ գնա հայերին սպանի, Փաշինյանն ասում է՝ էկեք Թուրքիայի հետ սահմանը բացենք. Արման Աբովյան

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Վերջին մեկ ամսում իշխանությունն ու, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն անում են ամեն ինչ՝ վերականգնելու համար իրենց ընկած վարկանիշը՝ ցնցուղ, կախիչ և այլն։
  • Այն, ինչ կատարվում է իշխանության՝ ՔՊ-ի ներսում, ինձ շատ քիչ է հետաքրքրում։ Յուրաքանչյուր քաղաքական կառույց իր մեջ ունի տարբեր թևեր, խմբավորումներ։ Դա սրվում է այն ժամանակ, երբ մարդիկ ֆինանսական և կառավարչական շատ լուրջ լծակներ են ստանում։ Ու դա թրիգեր է հանդիսանում։
  • Ալեն Սիմոնյանի, նրա եղբոր ընտանիքի շուրջ կատարվողը, հնարավոր է, միմյանց միջև պայմանավորված գործընթաց է, հնարավոր է՝ ոչ, բայց դա մեզ չպետք է հետաքրքրի։
  • Այն աշխարհաքաղաքական իրավիճակում, որին հասցրեցին գործող իշխանությունները Հայաստանը, այս կարգի ներքին գզվռտոցները թույլ չեն տալիս, որ մենք տեսնենք ընդհանուր պատկերը։ Իշխանությունը շատ լավ գիտի, որ իրենք ունեն խայտառակ ցածր ռեյտինգ։ Իրենք շատ լավ են կարողանում դիտարկել «սիրելի ժողովրդի» տրամադրությունները, որն իրենց նկատմամբ կտրուկ փոխվել է:
  • Հասարակ մարդիկ չեն սիրում, երբ իրենց խաբում են։ Կարող են լռել մի քանի անգամ, բայց երբ տեսնում են, որ այն նարատիվները, որոնցով իրենց այս իշխանությունները կերակրում են՝ սուտ են, բացի դրանից, դրանք ազդում են իրենց կենցաղի վրա, և մարդիկ իրենց ներսում որոշում են կայացնում։ Ժողովուրդը չի սիրում, երբ իրեն խաբում են ու ասում՝ դու ես մեղավոր, որ մեզ բերել ես «վլաստի», քո հայրն է մեղավոր, որ Ղարաբաղում կռվել է, քո պապն է մեղավոր, որ Ցեղասպանությունից փրկվել է… Ու ժողովուրդը սկսում է ընդդիմանալ։ Հիմա մենք այդ փուլում ենք։
  • 2024թ․ սկզբին մեկնարկեց լրջագույն էլեկտորալ գործընթաց։ Մեր առջև հարց է դրվել՝ մենք լինելո՞ւ ենք, թե՞ չէ, ապրելո՞ւ ենք այստեղ, թե՞ ստիպված ենք լինելու գնալ այստեղից։
  • Չեմ կարծում, որ խաղն ավարտվել է։ Երբ ԱԺ ՔՊ ֆրակցիան հայտարարում է, որ երաշխավորելու է՝ կալանավորվածներն ազատ արձակվեն, ես չեմ հավատում, որ դա արվում է առանց Նիկոլ Փաշինյանի «դաբրոյի»։ 

Հիշեցնենք, այսօր Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ ՔՊ-ն Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ համար երաշխավորություն կներկայացնի:

Կարդացեք նաև

  • ՔՊ-ն չէր սպասում այն կատաղի անհանդուրժողականությունը, որը ցույց տվեց հասարակությունը Սահմանադրությունը փոխելու՝ Նիկոլ Փաշինյանի որոշմանը։ Ինչպես ասում են՝ մանգաղը հագավ քարին։
  • 2024թ․սկզբին Փաշինյանի կողմից ասվեց հետևյալը՝ «ժողովո՛ւրդ, դու վատ ես ապրում, որովհետև դու հայ ես։ Ոչ թե՝ որովհետև ես վատ ղեկավար եմ, թուրքը մեր թշնամին է, այլ, որ մենք հայ ենք։ Ուրեմն՝ հետևություն՝ մեզ սպանում են, որովհետև մենք հայ ենք»։
  • Նիկոլ Փաշինյանը մեզ առաջարկում է հանել կարմիր շորը, այսինքն՝ հրաժարվել հայկականությունից, որ ցուլը մեզ չուտի, այսինքն՝ թուրքը չսպանի։ Ընդ որում, այդ դեպքում էլ նա ասում է՝ չի կարող երաշխավորել, որ կարմիր շորը հանելու դեպքում էլ չեն սպանի մեզ:
  • Մեզ գցել են արտաքին կառավարման տակ։
  • 1933-1939թթ․ աշխարհի ամենաքաղաքակիրթ ժողովրդին՝ գերմանացիներին, սարքեցին անասուն, երբ այդ ազգը սկսեց նորմալ վերաբերվել նրան, որ մանկահասակ երեխաների մաշկերից դրամապանակներ էին կարում… Դա կատարվեց այն ժամանակ, երբ սկսեցին գերմանացիներին դրսից կառավարել։

  • Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրություն փոխելու գործընթացին դեմ է թե՛ Իրանը, թե՛ Արևմուտքը։ Երբ դու քո ծննդյան վկայականը հասցնում ես մի բիզնես կառույցի կանոնադրության մակարդակի, որում չկա գաղափարախոսություն, դու քո պետությունը դարձնում ես մի բիզնես կառույց, որը կարելի է մասնատել ու վաճառել։ Դու դառնում ես ամորֆ պետություն, և դա հասկանում են թե՛ Իրանը, թե՛ Ռուսաստանը, և թե՛ Արևմուտքը։ Այդ փոփոխությունը պահանջում են Թուրքիան և Ադրբեջանը:
  • Իշխանությունը թույլ է տալիս մեծ սխալ․ իրենք համոզված են, որ ժողովուրդը ոչինչ չի հասկանում։
  • Սահմանադրություն փոխելու որոշումը Թուրքիայի և Ադրբեջանի պարտադրանքն է։ Այս երկու միավորից բացի, աշխարհում որևէ մեկը չի ողջունում այդ որոշումը։
  • Ժողովուրդ ջան, մի հավատացեք։ Սահմանադրությունը փոխում են, որ Ադրբեջանի հետագա ագրեսիան լեգիտիմացնեն ոչ միայն քաղաքական, այլև բարոյական առումով։
  • Լուսահոգի Ռոբերտ Աբաջյանը, երբ տրաքացնում էր նռնակը, դա անում էր ոչ թե նրա համար, որ ինքը սոսկ հարկ վճարող էր, այլ՝ որովհետև հայ էր։ Այդ ինքնազոհությանը նա չգնաց այդ պատճառով, որովհետև դու կարող ես հարկ վճարել նաև ԱՄՆ-ում, Թուրքիայում, Ռուսաստանում կամ այլ երկրում։ Միակ երաշխիքը, որ մեր տղերքը ողջ-առողջ լինեն, որ պատերազմ չսկսվի, դա քո ազգային դիմագիծն անխախտ պահելն է։
  • Ինձ մոտ տպավորություն է, որ այս իշխանություններն անդառնալի մնացել են 2000-ական թվականներում։
  • Ես ավելի քան համոզված եմ, որ ժողովուրդը գիտակցում է՝ ինչ է կատարվում, և Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու այդ պրոցեսը շրջելի դարձնել։ Կցանկանան կրոնն էլ փոխել, բայց չեն հասցնի։ Իրենք «Ինչպես «գժվցնել» ժողովրդին» բրոշյուրից մի էջ այն կողմ չեն կարդացել։ Այս իշխանությունը հայրենիք համարում է այն տեղը, որտեղ դու հարկ ես վճարում։
  • Ավելի քան համոզված եմ, որ այս տարածաշրջանային պիեսն ավարտվում է։ Հայ ժողովուրդը չի սիրում, երբ իրեն դնում են գժի տեղ։ Իշխանությունն անդառնալի սխալ է գործել։ 
  • Բրավո Իրանին։ Ինչպես Իրանն է խաղում տարածաշրջանում, ոչ ոք չի խաղում և չի խաղալու, բայց միայն հրաշքը մեզ կփրկի Իրանի շուրջ սրացումից։ Ուզում եմ նաև նշել Վրաստանին, որը վերջին 5 տարում դիվանագիտական մաստեր-կլաս է ցույց տալիս թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Ու այս ամենի մեջ՝ Հայաստանը՝ թուրքերի հետ բարեկամություն անելու, Սահմանադրություն փոխելու խոսույթով։ 
  • Գլուխները պատով են տվել բոլոր նրանք, ովքեր համարում են հայ ժողովրդին կոտորվելու մատերիալ: 
  • Իշխանություննե՛ր, ձեր պրավալի մեջ այսօր մեղադրում եք այն մարդկանց, ովքեր ձեզ հավատում էին: 
  • Թուրքիայի նախկին պաշտպանության նախարար Աքարը կացին է տալիս Ալիևին, ասում է՝ գնա հայերին սպանի, սրանք ասում են՝ Մարգարայի անցակետը պատրաստ է, եկեք Թուրքիայի հետ սահմանը բացենք:

Հիշեցնենք, որ «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարարը վերջերս հայտարարել էր, թե «որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը տեսնել պրոքսի երկրի հագուստով»։ «Հայաստանը պետք է, որքան հնարավոր է՝ շուտ, ընդունի Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը, և խաղաղությունն ու հանգստությունը պետք է, որքան հնարավոր է՝ շուտ, գան տարածաշրջան: Մենք ձգտում ենք դրան: Որովհետև Երևանը պետք է իմանա, որ ցանկացած նախաձեռնություն, որ ինչ-որ ձևով, խթաններով և ուղղություններով ձեռնարկվելու է, ոչ մի օգուտ չի բերելու իրեն, տարածաշրջանին և չի դյուրացնելու մարդկանց կյանքը, քանի որ որոշ երկրներ ինչ-որ կերպ ցանկանում են Հայաստանին հագցնել «պրոքսի պետության» համազգեստ։ Եթե Հայաստանը կատարի նրանց հրամանները, ապա լուրջ վնաս կկրի, ինչպես դա եղավ 44-օրյա պատերազմի դեպքում։ Դա չի կարելի թույլ տալ։ Մեզ համար գլխավորը խաղաղությունն է, հանգստությունն ու Կովկասի ապագան»,– սպառնացել էր Աքարը:

2024թ. հունվարի 29-ին Իլհամ Ալիևն ընդունել էր Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությանը: Բանակցությունների ավարտին Աքարն Ալիևին նվիրել էր հիշարժան նվեր՝ մարտական և խորհրդանշական ​​կացին՝ սառը զենք, որն օգտագործվում էր հին ժամանակներում թյուրք ռազմիկների կողմից։

Ինչպես հայտնի է, Ալիևն անձամբ է պարգևատրում ադրբեջանցի զինվորականներին, ովքեր «առանձնացել են» հայերի սպանությամբ և գլուխները կտրելով։ 2020թ. աշնանը Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ Թուրքիան օգնություն է ցուցաբերել Բաքվին, ներառյալ՝ Մերձավոր Արևելքից վարձկանների տեղափոխումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս