Մինչև սահմանադրական փոփոխությունների գնալը՝ նիկոլական այս խմբակը մեր երկրի գլխին նոր փորձանք է բերելու. Դավիթ Ջամալյան

«Մեր խնդիրն է՝ հասկանալ, թե ինչու է մեր միջավայրն ագրեսիվ մեր նկատմամբ»: «Իրար հետ, գիտենք, թե ուր ենք ուզում գնալ, մենք այդ ճանապարհով քայլում ենք և տեսնում, որ ճանապարհի երկու եզրերին ցուլ է կանգնած, և նայում ենք իրար՝ տեսնում ենք, որ մենք կարմիր զգեստներով ենք»,- ահա այս ձևակերպումներով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հիմնավորել ՀՀ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ինչպես խաղաղության պայմանագիր կոչվածի դեպքում, այս դեպքում ևս նա չերաշխավորեց, թե դա կլինի արդյունավետ:

Այս հայտարարությունները ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը պատահական չի համարում, իսկ 2018 թվականից Հայաստանում մեկնարկած գործընթացները, առհասարակ, առաջարկում է դիտարկել աշխարհաքաղաքական կոնկրետ գործընթացների համատեքստում:

«Թուրք-ադրբեջանական տանդեմն ունի հեռահար ծավալապաշտական նպատակներ և այսօրվա իրողությունների համատեքստում՝ այդ հեռահար նկրտումները լիովին համահունչ են Մեծ Բրիտանիայի նեոկայսերական քաղաքականությանը:

Մասնավորապես, «թուրանի» գաղափարը, ինչը դրոշ է դարձրել Էրդողանը, ըստ էության, բրիտանական՝ այս նոր կայսերական քաղաքականության միջոցներից մեկն է՝ ամրապնդելու իր դիրքերն աշխարհում և հարվածելու ստրատեգիական մրցակից Ռուսաստանին:

Կարդացեք նաև

Այս զարգացումներում Նիկոլ Փաշինյանը չնչին մեկն է. ուղղակի նրա և նրա պես մտածողների շնորհիվ՝ Բրիտանիան դեպի արևելք ձգվող ուղղության մեջ հայկական խաչմերուկը փորձում է կառավարելի դարձնել և Հայաստան անունով պետությունը վերածել նոր բրիտանական կայսրության ձևավորման մի հանգույցի,- նշեց փորձագետը՝ արձանագրելով,-  Թուրք-բրիտանական այս խարդավանքում Հայաստանը՝ իբրև հայ ժողովրդի, հայոց քաղաքակրթությունը կրող էթնիկան միավորի ստեղծած պետականություն, գոյություն չունի, այլ ինչ-որ քվազի պետական կազմավորում է՝ թուրքական վեահսկողության տակ. ահա՛ այն հեռանկարը, որը նախանշել են մեր իրական թշնամիները մեզ համար, և որն առաջ է մղում Նիկոլ Փաշինյանն  իր համախոհների հետ: Մնացյալը՝ «Հայկական ժամանակի» կլյաուզնի տրամաբանությամբ առաջ մղվող ինչ-որ մանիպուլյացիոն թեզեր են»:

Դավիթ Ջամալյանը շեշտեց՝ մեծ խելք պետք չի հասկանալու համար, թե ինչու է մեր շրջապատը մեր նկատմամբ ագրեսիվ՝ ռեգիոնում արժանապատիվ ապրելու մեր իրավունքն իրացնելով: Մենք վտանգում ենք  թուրանի ծավալապաշտական գաղափարը, որով ապրում է թուրքական մի քանի սերունդ:

Անդրադառնալով Փաշինյանի՝ «ցլերի տեսությունը» ներկայացնելու ժամանակ հնչեցրած  հիմնավորումներին՝ նա նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես իր առաջարկները մատուցում է՝ չերաշխավորելով դրանք:

«Նա ապահովագրում է իրեն այդ վերապահումներով»,- շեշտեց ռազմական փորձագետը:

Ըստ Ջամալյանի՝ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի զարհուրելի զեղծարարությունների գնով Սահմանադրություն փոխել, որով կհրաժարվենք Արցախի հայապատկանության հեռանկարից, զրկվելու ենք ազգային նկարագրից, անգամ ազգային խորհրդանիշներն ենք պետականորեն ուրանալու, ապա Թուրքիայում, Ադրբեջանում, Լոնդոնում գրված Սահմանադրության հիման վրա ծնվող պետությունն այլևս հայոց պետականություն չի լինելու:

«Հայաստանի թրքացման Սահմանադրություն է լինելու,- հավելեց մեր զրուցակիցը՝ այդուհանդերձ չբացառելով,-  մինչև սահմանադրական փոփոխությունների գնալը՝ նիկոլական այս խմբակը մեր երկրի գլխին նոր փորձանք է բերելու. Սյունիքի համար պատերազմ է լինելու, սրանք էլի՝ երկիրը պաշտպանելու, ագրեսիան հետ մղելու անվան տակ, բանակը կոտորածի տանելով՝ հանձնելու են Սյունիքը, ու արդեն այդ սարսափելի աղետի ֆոնին՝ վերջնականապես կոտրված հանրությանը մատուցելու են Սահմանադրությունը՝ իբրև փրկություն»:

Այս համատեքստում ռազմական փորձագետը հիշեցրեց նաև ԱՄՆ դեսպանության տարածած զգուշացում-հայտարարության մասին:

Հիշեցնենք՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիների համար հերթական անվտանգային նախազգուշացումն էր տարածել օրերս՝ մասնավորապես շեշտելով.  «ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգույշ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններին։ Իմացեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են առանց ծանուցման հատել միջազգային սահմանները: Ճանապարհները կարող են վերահսկվել անցակետերով կամ փակ լինել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման:

Անհրաժեշտ գործողությունները՝

* Գրանցվեք Smart Traveler Enrollment Program-ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար:

* Տեղեկացրեք ընկերներին և ընտանիքին ձեր ճանապարհորդության մասին:

* Տեղյակ եղեք ձեր շրջապատի մասին»:

Սակայն Դավիթ Ջամալյանը վստահեցրեց՝ անգամ հիմա կա դիմադրության ռեսուրս, որը կարող է ազգային վերելքի համար կայծ դառնալ, իսկ մեր ազգային վերելքը, մեր զրուցակցի արձանագրմամբ, միշտ ամենակրիտիկական պահերին փոխել է աշխարհաքաղաքական զարգացումների, խարդավանքների ընթացքը:

«Եթե երկրի ղեկավարն ուզում է կանխել նոր աղետը, օր առաջ պետք է վերականգնի ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ-ի հետ ամբողջ ծավալով, և գտնի բարեկամ Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները, որոնք առկա են: Մինչդեռ նոր աղետի ֆոնին վարչապետ կոչեցյալը հայտարարում է, որ չի պատրաստվում նախկին ծավալով համագործակցել ՌԴ-ի հետ,- նշեց փորձագետը՝ արձանագրելով, որ բանակի մարտունակության վերականգնման համար ոչինչ չի արվել,- Թեպետ ԶՈՒ-ում կան նվիրյալ սպաներ, որոնք կարող են դիմադրություն կազմակերպել, բայց ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ առանց հաստատուն, հետևողական մատակարարումների, որակյալ սպառազինության՝ մեր բանակը շատ բան անել չի կարող»:

 

Տեսանյութեր

Լրահոս