«Երեկ եկավ, մի կերպ տան վարձը տվեցինք, ասեցինք՝ մի քիչ սպասի». Արցախից բռնի տեղահանված ընտանիքը հանրության աջակցության կարիքն ունի
168.am-ի խմբագրություն է դիմել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Արեգա Բալայանը՝ իր հինգ հոգանոց ընտանիքի համար ակնկալելով մեր հայրենակիցների աջակցությունը:
«Սեպտեմբերի 19-ին տղաս վիրավորվեց պատերազմում: Հիմա ստիպված Երևանում ենք տուն վարձակալել 250.000 դրամով, որ տղայիս հիվանդանոցին մոտ լինի. այժմ Զինվորի տան վերականգնողական կենտրոնում է բուժումներ ստանում երկու վիրահատություններից հետո: Դեռ չգիտենք՝ գուցե երրորդ վիրահատության կարիքը լինի, քանի որ նորից ոսկոր է աճում»,- մեզ հետ զրույցում պատմեց Արեգա Բալայանը:
Նա տեղեկացրեց նաև, որ պետության կողմից տրվող 50 հազարական օժանդակությունը, երկու ամիս է՝ չեն ստանում, չեն կարողանում տան վարձը վճարել, կոմունալ վճարումները կատարել:
«70.000 կոմունալներն են, տղաս ամեն օր տաքսիներով գնում է Զինվորի տուն: Երեկ եկավ, մի կերպ տան վարձը տվեցինք, ասեցինք՝ մի քիչ սպասի՝ մինչև: Տղայիս կարգն էլ դեռ չեն որոշել, չեն պրոթեզավորել:
Ես առողջական լուրջ խնդիրներ ունեմ, չեմ կարող աշխատել, ամուսինս էլ արդեն քանի ամիս է՝ ամեն օր դուրս է գալիս, ուր գնում է՝ աշխատանք չկա. 50 տարեկան է, ոչ մի տեղ չեն վերցնում»,- մանրամասնեց մեր հայրենակիցը՝ նշելով, որ այս պահին ամեն ինչի կարիք ունեն՝ սնունդ, փող:
Նա խնդրեց տեղադրել նաև իր հաշվեհամարը՝ աջակցության համար:
22300065439002 (Արցախբանկ)
Բալայան Հայկ
Արեգա Բալայանն ու իր ընտանիքն Արցախի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում թողել են ամեն ինչ, Հայաստան են հասել միայն իրենց վրա եղած հագուստով:
«Տղաս որ վիրավորվեց, ամուսինս Ստեփանակերտ գնաց, որ տղայիս հիվանդանոցում պահի, ու երբ Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհը թուրքերը կապեցին, ես, հարսս, թոռս մի կերպ հարևանի մեքենայով մեր հագի շորերով եկանք»,- հուզմունքով հիշեց նա:
Արեգա Բալայանը նաև մեզ լուսանկար փոխանցեց, որն արվել էր վերջին օրը իրենց գյուղի տան բակում:
168.am-ը կապ հաստատեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանի հետ՝ ճշտելու աջակցության ուշացման պատճառները:
«Վճարումները շարունակվում են: Եթե ստացել է նոյեմբեր ամիսը, ու դեկտեմբերի պայմանները չեն փոխվել՝ քարտի ժամկետը չի լրացել, կամ որևէ այլ պայման՝ կստանա դեկտեմբերը»,- մանրամասնեց Զարուհի Մանուչարյանը:



