Դասագրքի հեղինակն ինքը պետք է պատասխանի՝ ինչո՞ւ է ադրբեջանական կողմը համարում, որ ինքը ճիշտ գիտնական է, իսկ մենք՝ դասագիրքը քննադատողներս, պսևդո-գիտնականներ. Արման Մալոյան

Երեկ պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը սկանդալային «Հայոց պատմություն-7» դասագրքի սխալների հերթական խմբաքանակն էր ներկայացրել: Իսկ ընդհանուր առմամբ Արման Մալոյանն ուրարտագետ Միքայել Բադալյանի հետ միասին առաջիններից էր, ով դեռևս ամիսներ առաջ սկսեց վեր հանել այդ դասագրքի աղաղակող սխալները:

Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ Արման Մալոյանը ծանուցում է ստացել այն մասին, որ լուծարվում է Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) այն բաժինը, ուր ինքը պաշտոնավարում է՝ որպես բաժնի պետ:

Ինքը՝ պատմաբանը, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ բաժինը լուծարելու խոսակցություններն անցած տարվանից կային դեռ, երեկ նախորդ ուրբաթ օրվա ամսաթվով ծանուցում են ստացել, որ ԿԶՆԱԿ-ի իր ղեկավարած Վերապատրաստման ծրագրերի մշակման և վերապատրաստումների արդյունավետության գնահատման՝ 9 աշխատակից ու մեկ ղեկավար ունեցող բաժինը լուծարվում է:

Կարդացեք նաև

«Աշխատակիցներից ոմանց կպահեն որպես փորձագետ, կամ կառաջարկեն ծառայություն մատուցող այլ աշխատանքներ՝ լրավճարով: Իմ բաժնի մասնագետներին այլ բաժիններում աշխատանք չի առաջարկվել»,- ասաց Արման Մալոյանը՝ որպես մեր հարցի պատասխան՝ նշելով նաև, որ իրեն նույնպես որևէ աշխատանք չի առաջարկվել:

Պատմաբանը նկատեց՝ չգիտի՝ արդյո՞ք իր բաժնի լուծարումը կապ ունի այն քննադատության հետ, որն ինքը հնչեցնում է դասագրքի վերաբերյալ, բայց նշեց, որ երբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունում նախարար Ժաննա Անդրեասյանի ու դասագրքի հեղինակի ու պատվիրատուի մասնակցությամբ պատմաբանների հանդիպումն է եղել, հարցին՝ ո՞ւմ  դիտողություններն են ավելի շատ ընդունելի հեղինակի ու պատվիրատուի կողմից, դասագրքի պատվիրատուն՝ «Մասնակցային դպրոց» կազմակերպության տնօրեն Վահրամ Սողոմոնյանը, տվել է իր անունը:

«Բաժինը լուծարելու խոսակցությունները տարածվեցին անցյալ տարի կա՛մ դասագրքի վերաբերյալ իմ հետևողական քննադատությանը զուգահեռ, կա՛մ դրանից հետո: Կրկնում եմ՝ չգիտեմ՝ դա բաժինը լուծարելու հետ կապ ունի՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում ԿԶՆԱԿ-ի նոր կառուցվածքը հաստատվել է դեկտեմբերի 12-ին: Ի դեպ, մեր հանդիպման ժամանակ Ժաննա Անդրեասյանն ասաց՝ ես այն կառույցի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, որտեղ աշխատում է Մալոյանը: Դա լսել են 19 գիտնականները, ովքեր այդ հանդիպմանը ներկա են եղել: Բայց ես մնում եմ իմ կարծիքին: Ես հստակ գրել եմ՝ այս խոտելի ու խոտանելի դասագիրքն այս տեսքով դպրոցում չպիտի լինի: Ուսուցիչը հո չի՞ կարող ամեն դասից առաջ մտնել դասարան և երեխաների հետ սխալների ուղղում անի, ասի՝ երեխանե՛ր, այս էջում տպված է սա, բայց սխալ է, ուղղե՛ք: Այդքանը որ անի, դասից ամենաքիչը 10-15 րոպե կանցնի»,- ասաց Արման Մալոյանը:

Հարցին՝ որքա՞ն ժամանակ է ինքը ղեկավարում բաժինը, Արման Մալոյանը պատասխանեց՝ 2021թ. մայիսից:

«2019թ. հուլիսին նախկին Կրթության ազգային ինստիտուտը նոր իշխանությունները լուծարեցին, իսկ 2020թ. դեկտեմբերին ստեղծվեց ԿԶՆԱԿ-ը: 2021թ. փետրվար-մարտից էլ կառույցը մրցույթներով սկսեց համալրվել: Շուրջ երկու տարի նախկին կառույցի մասնագետները մնացին առանց աշխատանքի: Հիմա իրենք իրենց իսկ ստեղծած ու համալրած կառույցը որոշել են վերակազմավորել: Հիմնավորումն էլ այն է, թե աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման կամ արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների քանակի և հաստիքների կրճատման նպատակով է լուծարվում բաժինը»,- ասաց Արման Մալոյանը:

Նրա խոսքով՝ իր ղեկավարած բաժինը և ևս մեկ բաժին լուծարվում են ամբողջությամբ, և ևս 5 բաժին վերաձևավորվում է: 72 աշխատողներից մնալու են 55-ը:

«Բաժինը լուծարելու հարցում ի սկզբանե ԿԳՄՍ նախարարության թելադրանքը զգալի է եղել: Ամեն դեպքում արժե նշել, որ բաժնի որևէ մասնագետի կոմպետենտ չեն համարել, որ այլ աշխատանք առաջարկեն: Հիմա մենք պետք է հարց բարձրացնենք՝ ովքե՞ր են այն մասնագետները, որ մեզնից ավելի փորձառություն և այս ոլորտում ներդրած ավանդ ունեն: Անհետևանք չենք թողնելու: Մենք կսպասենք այդ ընտրություն կոչվածին, որ պետք է հանձնաժողով ստեղծվի նախարարության և ԿԶՆԱԿ-ի մասնագետներից, որոնք էլ պիտի ընտրեն, այսպես ասած, այդ բաժինների նոր մասնագետներին»,- ասաց Արման Մալոյանը՝ հավելելով՝ ծանուցում ստացել է միայն իր բաժինը, որ մարտի 27-ին ազատվում են իրենց հաստիքներից, այլ բաժինների մասնագետներ որևէ ծանուցում դեռ չեն ստացել:

Ինչ վերաբերում է 7-րդ դասարանի աղմկահարույց «Հայոց պատմություն» դասագրքին, պատմաբանը նկատեց՝ դասագրքի հեղինակը՝ Սմբատ Հովհաննիսյանը, համաշխարհային պատմության մասնագետ է, բայց եթե ինքն իրեն կոմպետենտ է համարել նման աշխատանք կատարելու համար, ինքը խնդիր չի տեսնում, բայց այդ դեպքում արդյունքն էլ պետք է գոհացուցիչ լինի, սակայն ունենք այն, ինչ ունենք:

«Ես կարծում եմ՝ ոչ թե պատահականություն է, այլ միտում կա դասագրքից Եկեղեցու պատմության թեմաները դուրս թողնելու մեջ, որովհետև այլ պարագայում ինչպե՞ս կարող էր դասագրքում Եկեղեցու պատմությունից ընդամենը 1-2 թեմա ներկայացված լինել: Իմ առաջին դիտարկման մեջ հստակ նշել եմ՝ որ թեմաներն ու ենթաթեմաները չկան դասագրքում կամ ներկայացված են լղոզված»,- ասաց Արման Մալոյանը:

Պատմաբանը նկատեց՝ այդ դասագրքի հեղինակին իրապես պետք է մտահոգի այն, թե ինչպե՞ս է լինում, որ Հայաստանում գրվում է Ադրբեջանի սրտով պատմության դասագիրք:

Հիշեցնենք՝ 168.am-ն անդրադարձել է ադրբեջանական հեռուստաալիքների ցնծությանը, ադրբեջանական քարոզչամեքենայի՝ «Հայոց պատմություն-7» դասագրքի հետ կապված նրանց պատրաստած ռեպորտաժին:

«Ինքը՝ հեղինակը, պետք է պատասխանի՝ այդ ո՞նց է, որ երեք դասագրքից հենց իր հեղինակած դասագիրքը հաղթեց մրցույթում, և հիմա էլ ադրբեջանական կողմը համարում է, որ ինքը ճիշտ գիտնական է, իսկ մենք՝ դասագիրքը քննադատողներս, պսևդո-գիտնականներ: Դասագրքում այնպիսի սխալներ կան, որ չեմ կարծում՝ լուրջ պատմաբանը կարող էր այսպիսի պնդումներ ու եզրակացություններ անել: Օրինակ՝ «Իր վեհությամբ հատկապես աչքի է ընկել մայրաքաղաք Անիի Մայր տաճարը, որը կառուցել է Մանուելի աշակերտ Տրդատ ճարտարապետը» (էջ 175): Ես ազգային գրադարանից բազմաթիվ հանրագիտարաններ եմ պատվիրել, բայց որևէ տեղ, որևէ մենագրության կամ սկզբնաղբյուրի մեջ մեզ չհաջողվեց որևէ վկայություն կամ ակնարկ գտնել այն մասին, որ Տրդատ ճարտարապետը աշակերտել է Մանուել ճարտարապետին: Նույնը կարելի է ասել հեղինակի այն պնդման մասին, թե հայ-արաբական պայմանագրից հետո բարենպաստ պայմաններ ստեղծվեցին, և ավարտվեց Հռիփսիմեի տաճարի կառուցումը, այնինչ Հռիփսիմեի տաճարի կառուցումը հայ-արաբական պայմանագրի կնքումից 34 տարի ավելի վաղ է ավարտվել»,- ասաց Արման Մալոյանը:

Տեսանյութեր

Լրահոս