Ամունդի-Ակբայի տնտեսական համաժողովը՝ համաշխարհային ու ռեգիոնալ տնտեսական օրացույցի նոր հարթակ
2024 թվականի ներդրումային տեսլականն աշխարհի ու Հայաստանի համար, մակրոտնտեսական զարգացումները համաշխարհային և տեղական համատեքստում, արհեստական բանականությունն ու բնապահպանական, սոցիալական, կառավարչական սկզբունքների զարգացումը. Ամունդի-Ակբա տնտեսական համաժողովն այս բազմաձև խճանկարի շուրջ էր համախմբել Հայաստանից ու աշխարհի տարբեր կետերից Հայաստան ժամանած գաղափարական առաջնորդներին, ոլորտի փորձագետներին և նորարարներին:
Համաժողովը 2023թ.-ին կազմակերպած տնտեսական ֆորումի երկրորդ թողարկումն էր, և քննարկումների ծիրում էր նաև Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության ու Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցության համապատկերը:
Թեմային բացառիկ հարցազրույցով անդրադարձան ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ու աշխարհաքաղաքագետ, գիտնական Ֆրեդերիկ Անսելը, հարցազրույցը վարում էր Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանը:
«Դուք բոլորդ մի կոլեկտիվի ներկայացուցիչ եք, որը կոչվում է հայկական կոլեկտիվ: Մենք չենք սահմանափակվում միայն պաշտոնապես ճանաչված ՀՀ-ով, որովհետև հայությունը նաև Սփյուռքն է, ու այս ներկայացուցչական ոլորտում կա նաև Արցախը, որը կորցրել ենք թե՛ քաղաքական, ու թե՛ ռազմական առումով,- այս զրույցի ժամանակ տարածաշրջանային իրողությունների ու աշխարհաքաղաքականության առանցքային հայեցակարգի մասին իր դիտարկումներն այսպես սկսեց աշխարհաքաղաքագետ, գիտնական Ֆրեդերիկ Անսելը, ապա համոզում հայտնեց, որ իրավիճակը հնարավոր է փոխվի՝ սեփական տեսլականը վերլուծելու դեպքում,- Մենք չգիտենք էլ, թե ինչ կկատարվի այդ ամենի հետ 15-20 տարի հետո»:
Գիտնականը կարևորեց սեփական և թշնամական իդենտիկ ներկայացման վերլուծությունը՝ վստահեցնելով, որ չվերլուծելու պարագայում հնարավոր չի լինի հասկանալ հակառակորդի նպատակը, ռազմավարությունն ու մարտավարությունը:
«Թշնամու ռազմավարությունն ու մարտավարությունը պետք է միշտ գերազանց ձևով ճանաչել»,- շեշտեց նա:
Արձագանքելով Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի դիտարկում-հարցին՝ արդյո՞ք այսօր ականատեսն ենք միջազգային հարաբերությունների ռեկոնֆիգուրացիայի՝ հաշվի առնելով Ուկրաինայում ու Գազայում պատերազմը, Հարավային Կովկասում իրավիճակի փոփոխությունը, Ֆրեդերիկ Անսելը նկատեց, որ թեև ժամակակիցներն ու հատկապես տնտեսական աշխարհի գործիչները մեծապես զգայուն են ճգնաժամերի բազմապատկման հանդեպ, որովհետև դրանք կարող են շատ ուղղակի ազդեցություն ունենալ, որ թեև այսօր մեծ տատանումներ կան տնտեսական ռիսկերի առումով, բայց պատերազմները նոր բան չեն:
Երբ աշխարհում ավելանում են անորոշությունները՝ ինչպե՞ս պետք է գործի Կենտրոնական բանկը, ինչպե՞ս պետք է ապահովի ֆինանսական կայունություն՝ Ժան Մազեջյանի մյուս հարցադրումն ուղղված էր ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին:
«Կան բաներ, որոնք Կենտրոնական բանկերը պարտավոր են անել, բայց ամեն ինչ չէ, որ կարող են անել. նրանց կարողությունները սահմանափակ են, և դա պետք է նկատի ունենալ: Եվ կա նաև ԿԲ կարողության և լիազորության սահմանափակումներ,- ի պատասխան՝ նախ արձանագրեց ԿԲ նախագահը, ապա ընդգծեց,- Կենտրոնական բանկը՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում՝ զարգացա՞ծ, թե՞ զարգացող երկրներում, ունի շատ կարևոր մանդատներ՝ ֆինանսական կայունությունը, դրամավարկային քաղաքականությունը, ինֆլյացիայի դեմ պայքարը և մակրոտնտեսական կայունության ապահովումը: Սրանք այն կետերն են, որոնց շուրջ աշխատում ենք»:
Ըստ նրա՝ ԿԲ-ից չպետք է ակնկալել բազային սցենարների կանխատեսումներ, ապա նկատեց՝ իրենք վերջին տարիներին իրականացնում են սցենարների կառուցում, որով փորձում են որոշակիացնել ռիսկերի կառավարումը. «Հանրությանը հայտնում ենք՝ ինչպես է մտածում ԿԲ խորհուրդը»:
Խոսելով Հարավային Կովկասում ՌԴ դերի մասին՝ Հայաստանում հյուրընկալող գիտնականն արձանագրեց, որ ՌԴ-ն Հայաստանի համար լավագույն դաշնակիցը չէ, ապա ակնկալեց, որ ԵՄ-ն ու Արևմուտքը կաջակցեն Հայաստանին նոր դաշնակիցներ գտնելու հարցում և տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Ի դեպ, նա կարևորեց նաև Իրանի դերակատարումը տարածաշրջանում և մասնավորապես սեփական շահերից ելնելով՝ Իրանի հայանպաստ դիրքորոշումը:
Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ռելոկանտների բերած տնտեսական էֆեկտների մասին էլ մի քանի դիտարկումներ արեց Մարտին Գալստյանը՝ արձանագրելով ոլորտային աճերն ու նկատելով, որ պետք է պատրաստ լինել բոլոր հնարավոր զարգացումներին՝ այդ գործոնների թուլացման կամ վերացման պարագայում:
Ըստ նրա՝ ՀՀ ժողովրդավարությունն ու մակրոտնտեսական կայունությունը գրավիչ են օտարերկրացիների համար:
Ինչպես և կանխատեսելի էր, տարածաշրջանային հնարավոր զարգացումների մասին քննարկումները հանգեցին նաև «խաղաղության համաձայնագրի» մասին կարծիքների արտահայտմանը:
Ֆրեդերիկ Անսելը, օրինակ, վստահ է. «Այս պայմանագիրն ունի բոլոր շանսերը ստորագրվելու համար, որովհետև Արդբեջանը ստացել է այն, ինչ ուզում էր ի սկզբանե:
Ի դեպ, նա կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը ևս կախված է այդ համաձայնագրի իրողությունից. ըստ նրա՝ դա ևս հավանական է, քանի որ դրա համար Թուրքիան նաև ֆինանսապես խրախուսվում է ԵՄ-ի կողմից:
Միջազգայնագետը նաև համոզում հայտնեց, որ այն իր օգուտները կբերի ՀՀ տնտեսության զարգացման գործում:
Նմանատիպ տեսակետ ուներ նաև Մարտին Գալստյանը: Նա Թուրքիայի կողմից տնտեսական հնարավոր ճնշումների, այդ առումով հանրային վախերի մասին հարցազրուցավարի դիտարկումներին ի պատասխան՝ շեշտեց. «Պատմության մեջ չգիտեմ մեկ դեպք, երբ վախեցած լինելն օգնած լինի. պետք է իրատեսորեն նայենք հնարավորությունները: Եթե Թուրքիան ուզում է բացել սահմանը, պետք է պատրաստ լինել: Պետք է մտածել կարողությունը զարգացնելու մասին և ոչ թե՝ վախենալու»:
Հայ-թուրքական սահմաների բացման տնտեսական հստակ հաշվարկների մասին իրեն ուղղված հարցադրումներին ի պատասխան էլ՝ ԿԲ նախագահը նկատեց. «Ինձ համար Թուրքիայի սահմանը բացելու ալտերնատիվը Թուրքիայի սահմանը փակ պահելը չէ, որովհետև մենք իրատես ենք, հասկանում ենք, որ սահմանը փակ պահել չի լինելու, եթե պրոցեսները տեղի ունենան:
Սցենարներով կարելի է մտածել, բայց ճշգրիտ որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ է լինելու սահմանը բացելուց հետո. լինելու է թուրքական ապրանքների ներմուծո՞ւմ, միգուցե թուրքական կապիտալի մո՞ւտք ինվեստիցիաների տեսքով: Արդյո՞ք ես՝ որպես ԿԲ նախագահ, ու ԿԲ-ն իրադարձությունների նման զարգացմանը պատրաստ ենք՝ միանշանա՛կ:
Չկա իրավիճակ, որին պատրաստ չենք:
Կգան ներդրումները, արտաքին հոսքերը, իսկ կարո՞ղ է հնարավոր լինի, որ հայերն էլ, օրինակ, գնան Կարսում անշարժ գույք գնեն, և Կարսը նորից դառնա հայկական քաղաք, թե՞ ուտոպիա է: Այսինքն՝ այդ ֆոբիաները պետք է հանենք»: