Միշուստինը Մոսկվայում հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահին
Ռուսաստանը հանդես է գալիս հօգուտ ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման:
Այս մասին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է Մոսկվայում Իրանի առաջին փոխնախագահ Մոհամադ Ռեզա Արեֆի հետ կայացած հանդիպման ժամանակ։ Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Մենք հանդես ենք գալիս հօգուտ ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման, որոնք հիմնված են բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու վրա», – ասել է Միշուստինը ՇՀԿ-ի նիստի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ։Նա մատնանշել է երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հաջող զարգացումը։
Միշուստինի խոսքով՝ կողմերը հատուկ ուշադրություն են դարձնում «Հյուսիս-Հարավ» փոխադրամիջանցքի զարգացմանը, ամրապնդում փոխգործակցությունը գիտության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում։
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի է ունենում Մոսկվայում նոյեմբերի 17-18-ը։ Հանդիպմանը նաև հրավիրված են երկխոսության գծով գործընկերների և դիտորդների, շահագրգիռ երկրների, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ու միավորումների գործադիր մարմինների ներկայացուցիչներ։

