Այդ դեպքից հետո ԳԱԱ-ում ամեն ինչ փոխվել է, ներքին բոլոր գրագրությունները կատարվել են հայերեն, նիստերը ևս անցկացվել են հայերեն լեզվով․ Լույս է տեսել «Վիկտոր Համբարձումյան» գիրքը
Վիկտոր Համբարձումյանի լավագույն աշակերտներից՝ Բյուրականի աստղադիտարանի նախկին փոխտնօրեն, աստղաֆիզիկոս Հայկ Հարությունյանը վերջերս հրատարակել է մեծանուն գիտնականին նվիրված իր «Վիկտոր Համբարձումյան» գիրքը։
Նա հիշում է, որ աստղագետներից մեկը, խոսելով աշխարհահռչակ աստղաֆիզիկոս և տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանի մասին, ասել է․ «Եթե 2000 տարի հետ գնանք մեր պատմության մեջ՝ նրա նման մեծ գիտնականի չենք գտնի, իսկ եթե 2000 տարի առաջ գնանք՝ դժվար թե նրա նման գիտնական ծնվի»։
«Վիկտոր Համբարձումյան» գրքում ներկայացվում է աստղաֆիզիկոսի կյանքն ու գործունեությունը, հայտնի ու անհայտ դեպքերը։
«Մինչև Բյուրական գալն ու աշխատանքի անցնելն ինձ ոչ մի անգամ չէր հաջողվել Համբարձումյանին նույնիսկ հեռվից տեսնել։ Երազում էի տեսնել նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ չէի որոշել կյանքս կապել աստղագիտության հետ։ Բայց ճակատագիրը բարեհաճ գտնվեց իմ հանդեպ՝ տարիներ հետո աշխատեցի նրա հետ։ Երբեմն մտածում եմ, թե ինչքան բան այնպես չէի իմանա, ինչպես գիտեմ հիմա, եթե չլիներ այդ շփումը։
Երբ աշխատում էի Վիկտոր Համբարձումյանի հետ, արդեն կար հետագայում գիրք գրելու գաղափարը, որովհետև մեր իրականության մեջ, թերևս, ամենախոշոր անհատներից մեկն էր, որից ընդօրինակելու շատ բաներ ունեինք։ Գիրքը, կարելի է ասել, գեղարվեստավավերագրական է․ կան երկխոսություններ, պատմություններ նրա կյանքի մասին՝ սկսած մանկությունից։ Կյանքի որոշ դրվագների մասին շատերը չգիտեն։
Օրինակ, ոչ մի տեղ չկա գրված, որ Համբարձումյանը հանդիպել է Մարգարետ Թետչերին, բայց ես գիտեի այդ մասին։ Գիտական միությունների միջազգային խորհրդում նրա պաշտոնավարման ժամանակ Միջազգային աստղագիտական միության հերթական համագումարը տեղի ունեցավ 1970թ․ Անգլիայում։ Այդ ժամանակ Անգլիայի Կրթության և գիտության նախարարը Մարգարետ Թետչերն էր, իսկ հետագայում դարձավ վարչապետ։
Երբ ռեստորան են գնում՝ Թետչերը Համբարձումյանին և մեկ այլ գիտնականի հրավիրում է իր սեղանի մոտ։ Ընթրիքից հետո Համբարձումյանը Թետչերի հետ դուրս է գալիս ու որոշ ժամանակ միասին քայլելով՝ զրուցում են գիտության շուրջ։ Երկուսն էլ համամիտ են եղել՝ կրթության ոլորտում թույլ տված սխալները միշտ ծանր են անդրադառնում տվյալ երկրի տնտեսության բոլոր բնագավառների ապագայի վրա, և, որ առանց բարձրակարգ կրթության՝ որևէ երկիր չի կարող զարգացում ունենալ։
– Ձեզ հետ խոսելուց հետո հասկացա, թե ինչու վերջին ընտրություններում հաղթեցին տորիները,- նկատում է Համբարձումյանը։
Թետչերը շնորհակալություն է հայտնում հաճոյախոսության համար»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Հայկ Հարությունյանը։
Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրենի խոսքով՝ Համբարձումյանը շատ լավ է տիրապետել ռուսերենին, Հայաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադիր անդամների մեծ մասը եղել է ռուսախոս, և մի անգամ, երբ ակադեմիկոսները մի թեմայի շուրջ թեժ բանավիճել են, ակադեմիկոսներից մեկը դիմելով Վիկտոր Համբարձումյանին՝ ասել է․ «Կարո՞ղ եմ հայերեն խոսել, ռուսերեն լավ չգիտեմ»։
«Տասնամյակներ անց Համբարձումյանն այս մասին պատմել է՝ ասելով․ «Ես հանկարծ գիտակցեցի, թե ինչ հիմար վիճակի մեջ ենք հայտնվել բոլորս։ Պատկերացնո՞ւմ եք անհեթեթ իրավիճակը, երբ Հայաստանի Գիտությունների ակադեմիայում ակադեմիկոսը սեփական մեղքի զգացումով ու մի տեսակ խեղճացած խնդրում է, որ իրեն թույլ տան հայերեն խոսել։ Ինչպե՞ս դա կարող էր տեղի ունենալ ԳԱԱ-ում, որի կարևոր պարտականություններից մեկն ազգային լեզվի պահպանումն ու զարգացումն է»։
Վերոնշյալ դեպքից հետո ԳԱԱ-ում ամեն ինչ փոխվել է։ Ներքին բոլոր գրագրությունները կատարվել են հայերեն, նիստերը ևս անցկացվել են հայերեն լեզվով։
Ավելին, Բյուրականում կարգ էր սահմանվել, որ այլազգի ցանկացած մասնագետ, որ ցանկանում էր ասպիրանտուրա ընդունվել, անպայման պետք է հայոց լեզվից քննություն հանձներ»,- ընդգծեց գրքի հեղինակը։
Հայկ Հարությունյանը շեշտեց՝ Համբարձումյանն իրականում բացարձակ մեծություն է։ Աշխարհում շատ քչերը կային, որ 20-րդ դարում կարող էին նրա հետ համեմատվել։
Այն, թե հիմա ինչո՞ւ չկան նման մեծություններ, մեր զրուցակիցը նկատեց․
«Միշտ կատակում եմ՝ ասելով, որ գոյություն ունի համաշխարհային ինտելեկտի չափ, որը ո՛չ ավելանում է, ո՛չ պակասում է, սակայն հիմա այնպես է ստացվել, որ մարդկանց քանակը գնալով ավելանում է, և այդ պատճառով ամեն մեկին քիչ է այդ ինտելեկտից հասնում։ Իր ժամանակ էլ Համբարձումյանն ասում էր՝ հիմա Նյուտոն չկա, և այլն։ Համբարձումյանը ժամանակից առաջ ընկած էր։ Շատ են խոսում Սև խոռոչի կամ Մեծ պայթյունի մասին։ Համբարձումյանը դա չէր ընդունում։ Ինքն ուներ ուրիշ գաղափարներ, որոնք այդպես էլ չկարողացավ իր ժամանակ ապացուցել։ Սակայն մահվանից 3-4 տարի հետո կատարվեց հայտնագործություն, որը կապված էր մութ էներգիայի առկայության հետ։ Երբ գիտեք Համբարձումյանի մեթոդները՝ այդ դեպքում հասկանում եք, թե ինչպես է լուծումը գալիս։
Ինքը հրաշալի մաթեմատիկոս ու ֆիզիկոս էր, ուներ գիտական ինտուիցիա։ Տարբեր հարցերի շուրջ հայտնի գիտնականների հետ է վիճել ու միշտ հաղթող է դուրս եկել։ Համբարձումյանը շատ բան է տվել մարդկությանն ու գիտությանը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Հավելենք, որ գիրքը միայն հայերեն լեզվով է։