
Ի՞նչն է դառնում լյարդի ուռուցքի առաջացման պատճառ, վտանգավո՞ր են արդյոք վիտամինները, բորբոսնած սնունդը
2019 թվականին Հայաստանում առաջին անգամ իրականացվեց լյարդի փոխպատվաստում։ Ո՞ր դեպքում է այն կատարվում, ի՞նչ անել՝ այդ փուլին չհասնելու համար։ Այս և այլ հարցերի մասին զրուցել ենք Աստղիկ ԲԿ վիրաբույժ, ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Հարությունյանի հետ։
– Բժի՛շկ, լյարդն ի՞նչ դեր է խաղում մեր օրգանիզմում։
– Լյարդը բավականին հետաքրքիր, կենսական կարևոր օրգաններից մեկն է։ Այն ամենախոշոր մարսողական գեղձն է, կշռում է մոտ 1000-1500 գրամ, կատարում բազմաթիվ ֆունկցիաներ, մասնավորապես սինթեզում է բոլոր այն կարևոր սպիտակուցները, մասնակցում բոլոր այն ածխաջրերի, նյութերի փոխանակությանը, որոնք մտնում են մեր օրգանիզմ։ Ունի հզոր պաշտպանիչ և թույները չեզոքացնող հատկություն։ Սինթեզում է նաև մի շարք նյութեր, որոնք պետք են մեր արյունաստեղծ համակարգի պրոցեսներին մասնակցելու, նյութափոխանակության համար։ Կարևոր է իմանալ, որ լյարդը երկար ժամանակ կարող է լինել ախտահարված, ու մարդը չիմանա այդ մասին։
– Ախտանշաններ կա՞ն, որոնք կհուշեն լյարդում խնդրի առկայության մասին։
– Կան հուշող նշաններ, բայց գուցե դրանք անմիջական կապված չեն լյարդի հետ։ Օրինակ ընդհանուր թուլություն, մկանացավեր, ախորժակի բացակայություն, մարսողության որոշակի խանգարումներ, որոնք անմիջապես լյարդի կողմը չեն գնում։ Դրա համար լավ կլինի ոչ թե հասնել լյարդային հիվանդության ու նոր հետազոտվել, այլ անկախ գանգատից՝ կատարել սոնոգրաֆիկ հետազոտություն, որոշակի բիոքիմիական անալիզներով ստուգել լյարդի ֆերմենտները և խնդիրների հայտնաբերման դեպքում վերջնական բուժել։ Ուշ փուլերում մարդը մեզ դիմում է դեղնած, որովայնում հեղուկ կուտակած, գլխուղեղի հետ կապված էնցեֆալոպաթիաներով, և, քանի որ լյարդը չի կարողանում թույները չեզոքացնել՝ դրանք ազդում են ուղեղի բջիջների վրա, սկսվում են զանազան փոփոխություններ և այս դեպքում բուժառուին օգնելը, վերջնական բուժում տրամադրելը բարդ է, գուցե նաև անհնար։
– Տղամարդկանց շրջանում տարածված է մեծ որովայնը, սա լյարդը ստուգելու ահազա՞նգ է։
– Այո։ Տղամարդկանց, ինչպես նաև կանանց մոտ որովայնի առաջնային պատի ճարպակալումը նախկինում եթե կարծում էին, որ հարստության, առողջության նշան է, հիմա այդպես չէ։ Ինչպես որովայնի առաջնային պատն է ճարպակալում, այնպես էլ՝ լյարդը։ Իսկ երկարատև ճարպակալած լյարդն առաջացնում է լյարդի բջիջների բորբոքում, ոչ ալկոհոլային ճարպային հեպատիտ, և ճարպային կաթիլների կուտակման հետևանքով լյարդի բջիջներն աստիճանաբար մահանում են, նրանց տեղում զարգանում է շարակցական հյուսվածք, որը կոչում են ֆիբրոզ փոփոխություններով լյարդ։
Մյուսն ալկոհոլի հետևանքով առաջացող խնդիրներն են։ Կարող են ազդել նաև որոշակի դեղորայքներն ու տոքսիկ նյութերը։ Հետևաբար, ճիշտ սնվելը, առողջ ապրելակերպ ունենալը, ավելորդ քաշի դեմ պայքարելը ոչ միայն լյարդի, այլև ամբողջ օրգան համակարգի համար է կարևոր։
– Դեղորայքից խոսեցիք։ Բուսական դեղերը, հատկապես կատվախոտը, կարո՞ղ է վնասել լյարդը։
– Դեղորայքն ունի ցուցում՝ ինչի՞ համար է մարդը խմում։ Մարդիկ կան՝ առանց իմանալու խմում են լեղամուղ դեղամիջոցներ, օրինակ, անթառամի թուրմ և ինչ-որ դառը լեղամուղ նյութեր, բայց իրենց հակացուցված է, որովհետև լեղապարկում, լեղուղիներում ունեն քարեր, նստվածքներ։
Լյարդը վնասում են նաև հորմոնալ դեղերը։ Օրինակ, կանանց մոտ հակաբեղմնավորիչ դեղորայքի հաճախակի և անտեղի օգտագործումը ևս կարող է լյարդում հանգեցնել բարորակ կամ չարորակ նորագոյացությունների առաջացման։ Հետևաբար՝ դեղ ուղղակի խմել առանց բժշկի նշանակման, հարևանի խորհրդով՝ չի կարելի։ Դեղը նշանակում են հստակ դոզայով, որոշակի ժամանակով։ Մարդիկ կան՝ դեղը տարիներով խմում են՝ առանց բժշկի դիմելու կամ անալիզ հանձնելու, որ հասկանան՝ այդ դեղն իրենց պե՞տք է, թե՞ ոչ։ Հաճախ ենք հանդիպում մարդկանց, որ տեղի-անտեղի իմունիտետը բարելավող, ցավազրկող դեղեր են խմում, հակաբիոտիկներ։ Բիոակտիվ հավելումները, վիտամիններն ինքնանպատակ խմել չի՛ կարելի։
Ինչ վերաբերում է կատվախոտին, չեմ կարող ասել, որ ունի լյարդը վնասող հատկություն, բայց կարելի է ուսումնասիրել։
– Հայ քիմիկոսները փորձում են բուսական ծագման դեղորայք ստանալ՝ լյարդի ցիռոզի բուժման համար։ Կա՞ գիտնական և բժիշկ համագործակցություն։
– Ցավոք, Հայաստանը դեղ արտադրող ընկերությունների ցանկում չէ, որոնք կարող են մեծ ներդրում ունենալ, որովհետև մեր ռեսուրսներն են սահմանափակ։ Դեղը մինչև անցնում է փորձարարական հետազոտությունները և արդեն թույլատրվում է, որ կիրառեն, ես՝ որպես բուժող բժիշկ, չեմ կարող մի գիտնականի հայտնագործությունը կամ հիպոթեզը, որ այսինչ խոտաբույսը կարող է օգնել՝ փորձարկեմ։ Ուրիշ բան, որ մենք գիտենք որոշ խոտաբույսերի լեղամուղ, հակաբորբոքային, հակաօքսիդանտ ազդեցությունները և ենթադրում ենք, որ դա գուցե մարդու օրգանիզմին վնաս չի տա, ինչո՞ւ չէ՝ որոշ դեպքերում կարող է նաև օգնել։ Բայց արմատապես հրաժարվել դեղորայքային բուժումից և անցնել խոտաբուսային բուժմանը, դրա հետ այնքան էլ համամիտ չեմ։ Շատ հաճախ լինում են բուժառուներ, որոնք ունենում են ուռուցքային հիվանդություններ և ուշ են դիմում բժշկի, ու երբ հասկանում են, որ արդյունավետ չէ անգամ ճառագայթային բուժումը, փորձում են տարբեր դեղամիջոցներ օգտագործել։ Նավթ, կարիճի թույն են փորձում օգտագործել։
Վերջերս պատմեցին, որ կա Պոնի ձիու կղանքից պատրաստված ինչ-որ մասնիկ, որ փորձում են։ Հասկանում եմ, մարդը ճարահատյալ հույսի ամեն շողից փորձում է կառչել, բայց դրանք արդյունավետ և բժշկության կողմից ապացուցված չեն։ Եթե ինչ-որ մեկը կասի, որ այս մարդը խոտաբույսը խմեց ու լավացավ, կարող եմ ասել, որ դա ոչ խոտաբույսն է, այլ մարդու հավատը։
– Լյարդի ուռուցքի առաջացման պատճառ ո՞ր հիվանդություններն են հանդիսանում։
– Հեպատիտ B-ն, C-ն, որոնք թիրախավորված վնասում են լյարդի բջիջները, ալկոհոլը, ճարպակալումը, թունավոր նյութերը, բորբոսասնկերը։ Օրինակ, տանը հացը, պանիրը, տոմատի մածուկը բորբոսնել է, մտածում են, այնքան էլ վնասակար չէ ու տոմատի մածուկի վերևի շերտը դեն են նետում ու մնացածն օգտագործում։ Պետք է հասկանանք՝ բորբոսասնկերի մեջ առկա թույները, որոնք անցնում են մեր օրգանիզմ, կամ նույնիսկ կենդանիները, որոնք այդ բորբոսասնկերով սնվել են, ու այդ կենդանիներով մենք ենք սնվում, մեր լյարդում այդ տոքսիններն աստիճանաբար կուտակվելով՝ կարող են վերածվել չարորակ փոփոխությունների։ Քրոնիկ բորբոքումները ևս կարող են վերածվել լյարդի չարորակ ուռուցքի։ Օրինակ, լեղապարկում կա քար, տարիներ շարունակ մարդը չի դիմում բժշկի, չի վիրահատվում, բորբոքումը վերածվում է լեղապարկի պատի ուռուցքի, որը ներաճում է դեպի լյարդ։
Ուռուցքները բաժանվում են երկու մեծ խմբի․ նրանք, որոնք առաջացել են լյարդում, և նրանք, որոնք այլ ուռուցքների մետաստազներ են։ Հիմնականում մարսողական համակարգի բոլոր օրգանների մետաստազներն անցնում են դեպի լյարդ, և դա է պատճառը, որ կոլոռեկտալ քաղցկեղի մետաստազներն առաջինը լյարդում են հանդիպում։
– Լյարդի ցիռոզի արդյունքում առաջացած ուռուցքը երբ վերածվում է քաղցկեղի, այդ դեպքո՞ւմ է լյարդի փոխպատվաստում կատարվում։
– Երկար ժամանակ Հեպատիտ B, C ունեցող բուժառուները, ովքեր չեն բուժվում, նրանց լյարդը ախտահարվում է։ Լյարդի ցիռոզից հետո ուռուցք կարող է առաջանալ, և վերջնական բուժումը համարվում է փոխպատվաստումը։ Բայց չպետք է ավելի շուտ սկսել փոխպատվաստումը, քան դեռևս լյարդաբանները դեղորայքով կարող են բուժառուին պահել, լյարդի բջիջներն ակտիվացնել, ուժեղացնել և կոմպենսատոր մեխանիզմներով աշխատել։ Մենք ցուցումը կդնենք այն ժամանակ, երբ մարդու ապրելիությունն առանց փոխպատվաստման ավելի քիչ կլինի, քան մեկ տարին։
Ինչ վերաբերում է ուռուցքներին, հատկապես հեպատոցելյուլար կարցինոմաներին, ապա այստեղ կա դասակարգում՝ ի՞նչ չափսի է ուռուցքը, դրանք քանի՞սն են, արդյո՞ք վիրաբուժական եղանակով հեռացնել հնարավոր չէ, նոր դիտարկենք՝ որպես փոխպատվաստման բուժառու։
Եթե ունենք մեկ ուռուցք՝ մինչև 5 սմ, կամ երեք տարբեր ուռուցքներ, կամ ամեն մեկի տրամագիծը չի գերազանցում 3 սմ-ն, ապա նման բուժառուն կարող է դիտարկվել որպես լյարդի փոխպատվաստման թեկնածու։ Բայց եթե լյարդում ունենք բազում օջախներ, մետաստատիկ ախտահարումներ, ուռուցքը ներաճել է հարևան օրգան, ապա նման բուժառուին փոխպատվաստում անել հնարավոր չէ, որովհետև աշխարհում ստատիստիկ տվյալներն ասում են, որ, եթե նույնիսկ վիրահատվի, ապրելիությունը չի տարբերվի։
Աշխարհում ցուցված է լյարդի ցիռոզ ունեցող բուժառուների լյարդի փոխպատվաստումը։ Որոշակի խումբ են կազմում նաև ալկոհոլի ֆոնին զարգացած ցիռոզով պայմանավորված փոխպատվաստումները։ Այստեղ կարևոր երկու հանգամանք կա․ բուժառուն փոխպատվաստման գնալիս առնվազն 6 ամիս պետք է ալկոհոլ օգտագործած չլինի։ Պետք է նաև վստահ լինենք, որ հետփոխպատվաստումային շրջանում ոչ մի կաթիլ ալկոհոլ չի օգտագործել, այլապես բուժումն օգուտ չի տա։
– Հաճա՞խ է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն լինում։
– 2019թ․-ից մինչ օրս թվով 8 լյարդի փոխպատվաստում ենք կատարել։ Շատ են դիմում լյարդի ցիռոզ ունեցող բուժառուներ, բայց նրանց հետ դեռևս լյարդաբանները կարող են աշխատել։ Ունենք սպասողների ցուցակ՝ բաղկացած 50 հոգուց, բայց այստեղ մի քանի խնդիր կա․ ոմանք չունեն դոնոր, ոմանք ունեն դոնոր, բայց անհամապատասխան է, որոշ դեպքերում կան ֆինանսական խնդիրներ, լինում է, որ բուժառուն համաձայն չէ, որ իր որդին կամ դուստրը որպես դոնոր հանդես գան։ Մեր մտածելակերպին ավելի բնորոշ է, որ ծնողը պատրաստ է իր սիրտը, հոգին, ամեն ինչ տալ երեխային, բայց երբ գալիս է երեխայի օրգանի մի մասը վերցնելու պահը, խնդիրներ են առաջանում, ասում է՝ ավելի լավ է մահանամ, քան երեխայիս լյարդի մի մասը վերցնեն։
Ընդհանրապես լյարդի փոխպատվաստման դոնոր լինում է երկու տեսակ՝ կենդանի, երբ դոնորի լյարդի մոտ 65 տոկոսը մասնատում, վերցնում ենք և մնում է 40 տոկոսը, և դիակային դոնորություն, երբ մարդու ուղեղը մահացել է։
ՀՀ-ում 2002թ․-ից օրենք կա կենդանի և դիակային դոնորության մասին, բայց մինչ օրս չի կատարվել դիակային փոխպատվաստում, որովհետև կարգավորումների հետ կապված շատ հարցեր կան։ Եվ ամենակարևորը, մեր ազգը դեռևս պատրաստ չէ սա ընկալել։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվող բուժառուի մոտ մահ է գրանցվել, սիրտը դեռևս բաբախում է սրտի ռիթմը խթանող դեղորայքի ազդեցության տակ, հարազատները երբ տեսնում են այդ վիճակում, կարծում են, որ եթե սիրտն աշխատում է, ուրեմն մարդն ապրում է։ Իսկ աշխարհում ամրագրված է, որ եթե մարդու ուղեղը մահացել է, դա հավասազոր է կենսաբանական մահվան։ Վստահ եմ, տարիներ անց ՀՀ-ում լինելու է կենդանի դոնորից բացի՝ նաև դիակային փոխպատվաստում, և կարող է մեկի մահը 8 մարդու կյանք փրկել։ Մարդը պետք է գիտակցի, որ եթե իր բարեկամի մոտ կենսաբանական մահ է գրանցվել, օրգաններն աղբամանում հայտնվելու փոխարեն՝ կարող են կյանքեր փրկել՝ կարելի է դրան դիմել։
Օրինակ, արտասահմանում այնպես չէ, որ գնում ես ու միանգամից քեզ համար դոնոր են գտնում։ Գրանցվում ես սպասողների ցուցակում և մոտավորապես 5 հոգուց 1-ին կարող է օրգանը հասնել։ ԱՄՆ-ում մոտ 105․000 հոգի սպասում է բաղձալի օրգանին։ Եթե կա լյարդի ցիռոզով 100 հիվանդ ու կա օրգան, որը կարող են տրամադրել, պետք է տրամադրել նրան, ով ապրելու քիչ ժամանակ ունի և սպասելու ժամանակ չունի։ Իսկ, եթե ՀՀ բնակիչը գնում է Եվրոպա և ցուցակագրվում, սկզբում այնտեղ բնակվող քաղաքացուն է տրամադրվելու, և երբ օրգանը որևէ մեկին չի համապատասխանում, նոր տրամադրվում է 3-րդ երկրների քաղաքացիներին։ Այն երկրները, որոնք ունեն դիակային փոխպատվաստում, որը ենթադրում է մեծ ֆինանսական ծախսեր՝ 160․000-200․000 դոլար, ավելի շուտ կարող են անցնել, բայց նման գումար հայթայթելը, գնալ, բուժվելը և հետ վերադառնալը բարդ է ու ոչ բոլորին հասանելի։
– Ինչո՞ւ են լյարդի մոտ 65 տոկոսը վերցնում դոնորից։
– Լյարդն ունի երկու բիլթ՝ աջ և ձախ․ ձախն ավելի փոքր է, աջը՝ ավելի մեծ։ Որպեսզի տանես բավարար չափի լյարդ, որը կբավականացնի բուժառուին, պետք է լինի բուժառուի քաշի 0,8 տոկոսը։ Դա մոտավորապես աջ բլթի չափսն է կազմում, և մենք մեծահասակի համար դոնորից վերցնում ենք աջ բիլթը, իսկ երեխայի դեպքում մայրիկից կամ հայրիկից վերցվում է ձախ բիլթը։ Դոնորի համար բավարար է 35-40 տոկոսը, քանի որ լյարդը 2-3 ամսում վերականգնվում է, չափսերով սկսում է մեծանալ, նախկին լյարդի չափի դառնալ և կարողանում է բավարարել ամբողջական լյարդի ֆունկցիան։ Դոնորը չի տուժում։
– Հիշո՞ւմ եք առաջին վիրահատությունը։ Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք։
– Իհարկե հիշում եմ։ Տպավորիչ օր էր՝ 2019թ․ ապրիլի 24։ Օրվա ընտրությունը համընկել էր, և կարծիքները երկու մասի էին բաժանվել․ Հայոց ցեղասպանության օրն է, և մյուսն այն էր, որ ընտրվել է օր, որ ոչ թե անընդհատ տխրենք, այլ այն, որ որպես փյունիկ՝ կարող ենք կրակներից հառնել, նոր ճյուղ զարգացնել վիրաբուժության մեջ։ Անցել է 6 տարի, մեր բուժառու տատիկն իրեն լավ է զգում, թոռնիկների հետ վայելում է կյանքը և պարբերաբար գալիս հետազոտության։