Ովքե՞ր են «Ո՞վ բերեց Նիկոլին» թեզի պատվիրատուները

Արդեն տևական ժամանակ է՝ կրկին դաշտ է բերվել «Ո՞վ բերեց Նիկոլին» անպտուղ դիսկուրսը: Եվ կանխատեսելիորեն կրկին թիրախավորել են Հայաստանի Հանրապետական կուսակցությանը և, մասնավորապես, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին: Հասկանալի է, որ վերջինս ամենահարմար թիրախն է՝ նախ և առաջ պայմանավորված Նիկոլից առաջ ՀՀ նախագահը լինելու հանգամանքով, և, բացի դրանից, Սերժ Սարգսյանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժն այսօր Նիկոլ Փաշինյանի համար եթե ոչ՝ ամենավտանգավոր, ապա խիստ վտանգավոր քաղաքական ուժերից են՝ բազմաթիվ օբյեկտիվ իրողություններից ելնելով:

Ո՞ւմ է ձեռնտու այդ թեմայի և թեզի շրջանառումը.

1. Գործող իշխանություններին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանին,

2. Արտախորհրդարանական հակառուսական շրջանակներին, որոնք դրսից հրահանգ ունեն՝ միավորվել մեկ քաղաքական առանցքի շուրջ և արտահերթ խորհրդարանական ընտրությունների հանրային և քաղաքական պահանջ ձևավորելով՝ մուտք գործել խորհրդարան՝ ԱԺ-ից դուրս մղելով ազգային ուժերին՝ ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր կուսակցություններին,

Կարդացեք նաև

3. Ընդդիմության թևերից մեկի հետ առնչվող քաղաքական ուժին։

Հիմա՝ ավելի մանրամասն:

Նիկոլ Փաշինյանը խնդիր ունի Սերժ Սարգսյանին հարվածել հնարավորինս ուժգին և բոլոր կողմերից, և քանի որ ինքն այլևս նախկին վարկանիշի փշրանքներն անգամ չունի, դա անում է 3-րդ կողմի ձեռքերով, և հաճախ այդ ձեռքերի դերում հանդես են գալիս ընդդիմադիր դիրքավորում ունեցող կամ, համենայն դեպս, իրենց այդպիսին ներկայացնող շրջանակները:

Այս համատեքստում ամենավտանգավորն այն է, որ նրանք, իհարկե, շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալն աշխարհաքաղաքական խոշորագույն դերակատարների աշխարհաքաղաքական վերաձևումների արդյունք էր՝ չանտեսելով, իհարկե, այն օբյեկտիվ, իսկ ավելի շատ՝ ոչ օբյեկտիվ, տարբեր շրջանակների կողմից գեներացված դժգոհությունն ու ատելությունը, որը տարիներ շարունակ գեներացվում էր նախկին իշխանությունների նկատմամբ: Մի կողմից՝ նրանք լավ հասկանում են և իրենց հարցազրույցներում էլ նշում են, որ սա մեծ ծրագիր էր, որն ուղղորդվում է, այսպես կոչված, «սորոսական», թուրք-ադրբեջանական և տարածաշրջանային գլոբալ վերաձևումների շրջանակում, որի հիմնական նպատակը տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելը և Իրանի դիրքերը թուլացնելն է, մյուս կողմից՝ նրանք թիրախավորում են մեկ մարդու՝ Սերժ Սարգսյանին: Ավելին, այդ թեզը շրջանառողները բառացիորեն շատ ակտիվ մասնակցել են 2018-ի «թավշյա հեղաշրջմանը»՝ ողջունելով և տոնելով Նիկոլ Փաշինյանի հաղթանակը:

Հետևաբար, թե ո՞ւմ է ձեռնտու այս դիսկուրսը, դժվար չէ գլխի ընկնել: Սրա շահառուն, նախ և առաջ, ինչպես արդեն վերը նշեցինք, Նիկոլ Փաշինյանն է: Շահառուների թվում է նաև հակառուսական դիրքավորված «3-րդ ուժ» հորջորջված այն խումբը, որը հույս ունի ստանալ կամ որին խոստացել են Ազգային ժողովում ֆիքսված թվով պատգամավորական մանդատներ՝ ներկայումս այդ տեղերը զբաղեցնող ազգային ուժերի՝ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների փոխարեն:

Սերժ Սարգսյանը բազմիցս ասել է՝ իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ բոլոր ընդդիմադիր թևերի նպատակը կլինի ոչ թե իշխանության գալը, այլ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը:

Դժվար է չհամաձայնել այս ձևակերպման հետ, հատկապես հիմա, երբ թողած Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը՝ «ընդդիմադիր» կոչվող ուժերը նոր արշավ են սկսել Սերժ Սարգսյանի դեմ՝ վերջինիս մեղադրելով Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ: Եվ սա այն դեպքում, երբ այդ թեզերը շրջանառողներից շատերն այսօր ոչ միայն տարբեր թելերով կապված են Փաշինյանի հետ փոխկապակցված օլիգարխների, առանձին գործիչների հետ, այլև մեգա-բիզնես իրենց նախագծերն են անխափան իրագործում:

Ո՞վ է այս ամենի շահառուն:

Նիկոլ Փաշինյանը, իրականում պրոիշխանական, սակայն կեղծ ընդդիմություն ներկայացող շրջանակները, ինչպես նաև Փաշինյանի գործընկեր Ալիևը: Չի բացառվում նաև, որ ընդդիմության մի թևը նոր լիդերի կերտման ճանապարհին ցանկանում է հասարակական կարծիքի մարտերում նվազեցնել ՀՀԿ-ի դերակատարումը, որի վարկանիշը, այդ թվում՝ ՀՀԿ-ի առանձին գործիչների, հասարակության շրջանում բարձրանում է:

Նիկոլ Փաշինյանին պետք է շեղել հանրության ուշադրությունը, զբաղեցնել այլ թեմաներով, որպեսզի իրագործի իր պլանի հաջորդ արարը՝ Զանգեզուրի միջանցքի հանձնում և Սահմանադրության փոփոխություն, որը նա իրականացնում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով (վերջերս Ալիևը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը բարձրաձայնել է): Իսկ  Սահմանադրությունը փոխելով՝ մեկընդմիշտ կջնջի Արցախը, Արարատը, ազգային եկեղեցին, Ցեղասպանության ճանաչումը…

Սերժ Սարգսյանին ոչ միայն վերոնշյալ շրջանակներն են թիրախավորում, այլև Ալիևը, որը նրան անդրադառնալու առիթը երբեք բաց չի թողնում: Նա ևս հասկանում է՝ քաղաքական երկու միավորներ կան, որոնք կարող են այդ գործընթացը տորպեդահարել՝ ՀՀԿ-ն և Դաշնակցությունը՝ իր ոչ մեծ ներքին ռեսուրսներով: Եվ ուրեմն՝ ում պետք է փորձեն հեռացնել, մեկուսացնել այդ գործընթացներից: Այո, իհարկե, նրանց, ովքեր կարող են իսկապես խոչընդոտել:

Եվ ուրեմն պրոցեսի մեկնարկը տրված է: Եվ դա, բնականաբար, ըստ խաղի կանոնների, արվում է բոլոր նրանց ձեռքերով, ովքեր հանրության գոնե մի մասին հայտնի են «ընդդիմադիր» խոսույթով: Հանրությունը խոհանոցի ողջ մանրամասներին չի տիրապետում՝ որն է իրական, որն է կեղծ ընդդիմությունը:

Այստեղ հասարակությունը մեկ պարզ հարց կարող է տալ և պատասխանը ստանալով՝ իր օբյեկտիվ հետևություններն անել: Իսկ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ են «ընդդիմադիր» բառապաշարով ելույթներ ունեցող այդ շրջանակները Նիկոլ Փաշինյանին թողած՝ Սերժ Սարգսյանի դեմ պայքարում:

Տեսանյութեր

Լրահոս