«Սպեցնազը մտնելու է իմ տուն՝ կանդալի, վաստակավորի կոչման թղթերը վառի, մեդալներն էլ ձուլի՞». Արամ Թալալյան
«Ակադեմիական քաղաք»-ն ուրիշ բուհերի, մասնագիտությունների դեպքում՝ չգիտեմ, բայց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային միայն բարդություն է տալու»,- համոզված է ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանը:
Նրա փոխանցմամբ՝ վերջին 10 տարվա ընթացքում Կոնսերվատորիան հատկապես գրանտի շնորհիվ՝ Ճապոնիայից և այլ երկրներից ստացել է որակյալ դաշնամուրներ, ու դրանք տեղափոխելն արդեն խնդիր է:
«Հիմա, թե ի՞նչ է այդտեղ լինելու, ինչքա՞ն ժամանակահատվածում է կառուցվելու, մարդ չգիտի, որովհետև ինչքան հասկացա՝ աշխատանքները դեռ չեն սկսվել: Բացի դա՝ կա 10-ամյակներով ձևավորված սխեմա. Ես չէ, ուրիշ դասախոսներից շատերն այսպիսի գրաֆիկ ունեն՝ աշխատում են Չայկովսկու, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցներում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբում, ինչպես նաև Կոնսերվատորիայում: Այս ամենը 15-20 րոպե քայլելու ճանապարհ է: Քաղաքը հենց այնպես չեն կառուցել: Թեկուզև մեկը տեղափոխեն՝ արդեն պրոբլեմ է: Մարդիկ կա՛մ բոլոր տեղերից պետք է դուրս գան, մենակ դա անեն, կա՛մ հրաժարվեն այդտեղից: Եթե Կոնսերվատորիան տեղափոխեն՝ ինձ հարմար չէ, ու միանշանակ դուրս կգամ աշխատանքից, կաշխատեմ թեկուզև դպրոցներում, մենակ թե կարևոր կետերը չկորցնեմ»,- նշեց թավջութակահարը:
Խոսելով ՀՀ կառավարության կողմից պատվավոր կոչումների համակարգը չեղարկելու որոշման մասին՝ Արամ Թալալյանը նկատեց.
«Մեր ոլորտում և՛ ժողովրդական, և՛ վաստակավոր արտիստի կոչում ստանալու դեպքում աշխատավարձի ինչ-որ փոփոխություն եղել է: Վերջին տարիներին նկատել եմ այդ սուտ, դեմոկրատիկ միտումները, թե բոլորը հավասար են, ոչ մեկը մյուսից լավը չէ: Ամբողջը սեղանային կենացի բնույթի է: Կամ ասում են՝ մեկը գնացել, հայտնի պաշտոնյայի քեֆին երգել է, կոչում են տվել: Գիտեմ, որ նման դեպքերը մաքսիմում 1-2-ն են, լավ, 3-ը: Մնացածն իսկապես այն մարդիկ են, ովքեր նվիրյալներ են, աշխատում են այս երկրի համար: Չեմ ամաչում, այդ թվում՝ ես:
Ակադեմիական ոլորտում այդպիսի մարդ չկա, որ վաստակ չունի՝ ուղղակի ստացել է կոչում: Հայկական երաժշտությունը տարածել են և՛ դրսում, և՛ ներսում: Կոմպոզիտորների գրած երաժշտություններն ովքե՞ր են կատարում, կարո՞ղ է ռուսները կամ եվրոպացիներն ու ամերիկացիները. չէ՛, մենք ենք կատարում»:
Իսկ այն արդարացումը, թե կոչում ստացածներից շատերին չեն ճանաչում, թավջութակահարը ծիծաղելի համարեց:
«ԱԺ-ում նախագիծը ներկայացնող Արդարադատության փոխնախարարին որ հարցնեմ՝ Պասկալն ո՞վ է, կամ Իսլանդիայի ինչ-որ հայտնի դեմքը… պարտադիր չէ, որ բոլորը բոլորին իմանան: Դա ծիծաղելի է, հնարավոր չէ: Բացի այդ՝ պետք է նկատի ունենալ, որ ակադեմիկ արվեստը նեղ ոլորտ է: Մեր ամենամեծ դահլիճը Ֆիլհարմոնիայի կամ Օպերայի դահլիճն է: Մերը ստադիոնը չէ: Մեր արվեստի տեսակի մեջ արդեն դրված է, որ սա միայն հասկացողների ու ցանկացողների համար է: Դու պետք է այնպիսի կրթություն ունենաս, որ ցանկանաս այդ երաժշտությունը հասկանալ և լսել: Քչերն այդ ցանկությունն ունեն՝ շնորհիվ մեր հեռուստաալիքների վարած քաղաքականության: Առավոտվանից գիշեր տեսնում ես սարսափելի բաներ՝ դասական համերգ որտե՞ղ «բռնացնես»: Ալիքներ էլ կան՝ որ հետո չասեն, թե ցույց չեն տալիս, գիշերը 02:00-ից հետո են Ֆիլհարմոնիայի համերգ ցուցադրում, երբ ժողովրդի 99 տոկոսն այդ ժամին քնած է:
Հեռուստաընկերություններից մեկի տնօրենի հետ այդ թեմայով վիճել եմ, երբ ասաց, թե չեն սիրում, ժողովուրդը չի ցանկանում: Ասացի՝ մի հեռուստաընկերության օրինակ բերեք՝ նամակների ցանկով, որ սա են ուզում կամ նա: Նման բան գոյություն չունի: Ցուցադրվող երաժշտությունը երկու բանով է պայմանավորված՝ կա՛մ վճարովի է, կա՛մ հեռուստատեսության տնօրենի անձնական ճաշակն է: Այո՛, հենց այդպես, իր դուրն ինչ գալիս է՝ միացնում է: Եթե օրենք հանվի, որ 2-3 ժամ պետք է հատկացնեն միայն դասական երաժշտությանը, տեսեք, թե 2-3 տարի հետո ինչ է լինելու, մարդիկ փողոցներում Բեթհովեն սուլելով ման են գալու: Ավտոբուսների մեջ պարտադրեք միացնել Մոցարտի երաժշտությունը՝ այնպես, ինչպես արել են Լոնդոնի մետրոյում: Ի դեպ, Լոնդոնում դրանից հետո կտրուկ նվազել է կրիմինալը: Գիտությամբ ապացուցված է՝ այդպիսով հանգստանում է մարդու նյարդային համակարգը, սրտի աշխատանքը»:
Մեր դիտարկմանը՝ այսինքն, պետք է կոչումները մնան, բայց պետական ռազմավարությո՞ւն լինի, Արամ Թալալյանը պատասխանեց.
«Հենց այդ է՝ խնդիրը ռազմավարության մեջ է: Հիմա լավ, հե՞տ են խլելու կոչումները: Սպեցնազը մտնելու է իմ տուն, կանդալի, այդ թղթերը գտնի՝ վառի, մեդալները ձուլի՞: Բա այն մարդիկ որ մահացել են, նրանց ի՞նչ են անելու: Ուրիշ խնդիրներ չկա՞ն, չեմ հասկանում: Թող լինի դա. մեկ է՝ եզակի մարդկանց են տալիս: Այնպես չէ, որ մի 2 մրցույթի դափնեկիր ես դառնում՝ վաստակավորի կոչում են տալիս: Տարիներ պետք է անցնեն, նվաճումներ ունենաս, ազգանվեր աշխատանք կատարես: Սա հանրային ճանաչման ինչ-որ մի բան է»:
Տարածված տեսակետը, թե իշխանություններին հաճոյացած մարդկանց են տալիս կոչումներ, թավջութակահարը նշեց, որ նման դեպքեր եղել են և՛ ԽՍՀՄ տարիներին, և՛ հիմա:
«Այդպես բոլոր ոլորտներում է, բայց դրանք եզակի դեպքեր են: Երբեք որևէ կառավարության ջատագով չեմ եղել, բայց ժամանակն անցել է, մարդիկ նայել են… նախագահը չի որոշում, ստորագրում է: Գոյություն ունի նախարարություն, որ հետևում է քո գործունեությանը: Ես նույնիսկ չէի իմացել, որ նման պրոցես է տեղի ունենում, մինչև չկանչեցին, թղթերը չուզեցին:
Պրիմիտիվ օրինակ բերեմ. կան երեխաներ, որ շոկոլադ ուտում են, ալերգիա է առաջանում, դա նշանակում է, որ բոլոր երեխաները պետք է շոկոլադ չուտե՞ն: Արգելենք, քանի որ 2 հոգի կարող է հիվանդանա՞: Ով հենց այնպես է կոչում ստացել՝ երբեք դահլիճ չի լցնի: Ռաբիսն ուրիշ, ուրեմն արգելեք որոշ ոլորտների համար կոչում տալը: Կարող եմ հասկանալ սա, երբ արգելեն ոչ ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներին կոչումներ տալը: Եթե ինչ-որ ժամանակ մեկն իր սիրած ռաբիս երգչին կոչում է տվել, ես ի՞նչ մեղավոր եմ»,- եզրափակեց Արամ Թալալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում