5 միլիարդ դրամի պարգևավճար են բաժանել ընդամենը 4 գերատեսչությունում. Մկրտչյան

«Հարգելի հայրենակիցներ, իշխանազավթն ունի կիրառվող ընդամենը մեկ բանաձև` մարդկանց օգտագործի՛ր և դե՛ն նետիր: Եվ այս բանաձևը կիրառման որևէ բացառություն և սահմանափակում չունի՝ 2018թ.-ին անձայն ընդհատակ անցած պաշտոնյայից մինչև ակտիվիստ, վաստակավոր  և ժողովրդական կոչում ստացած ու 2018թ.-ին  դագաղների ու ծաղկեպսակների ֆոնին կոկորդ պատռողից մինչև օլիգարխ՝ հարմարված ու արդեն խոշոր սեփականատեր դարձած, կարմիր գծերի համար 2018թ.-ին փողոց դուրս եկած քաղաքացիներ, որոնք հիմա կամ հարյուրապատիկ ավել կվճարեն, կամ ընդհանրապես քաղաքում կանգնելու տեղ չեն ունենա»,- այսօր Ազգային ժողովում (ԱԺ) հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Պատգամավորը հաջորդիվ շարունակեց թվարկել մյուսներին:

«Դատարաններից դժգոհող քաղաքացի, որ հիմա արդեն տեխնիկական պատճառներով անգամ դատարան դիմելու հնարավորություն չունի ահռելի պետական տուրքերի պատճառով, ուսուցիչ, որ իր առաքելությունն էր համարում 2018թ.-ին անչափահասներին փողոց ուղղորդելը, հիմա արդեն, ցավոք, առանց աշխատանք է, լրագրողներ, որ 2018թ.-ին Աժ օթյակում պար էին բռնում, բլոգերներ, ստատուս գրողներ,  որի համար հիմա արդեն բանտ են նետում, «պրոֆեսիոնալներ», ոչնչին չխառնվող «մասնագետներ», բուհեր… Օրինակ, ինձ հետաքրքրիր է՝ Սարյան- Թումանյան փողոցները իշխանազավթի համար ո՞վ պիտի փակի, եթե ինքն արդեն Բրյուսովը փակում է…

Ավտոներկրողներ, որ 2018թ.-ին իրենց մեքենաները թողնում էին փողոցում, հիմա ձեզ չեն թողնում մեքենա ներկրել,  մսավաճառներ, ձկնորսներ, ձկնաբույծներ, խաղողագործներ, գյուղատնտեսներ,  Ստեփանակերտի հրապարակում իշխանազավթին ծափերով ողջունած մարդիկ, հիմա արդեն՝ առանց Արցախի, առանց Ստեփանակերտի ու ուղղակի փախստականի թուղթ ունեցող հասարակ քաղաքացիներ… Գոնե հմա հասկացե՞լ եք, թե ձեզ ո՞նց օգտագործեց ու դեն նետեց, հիմա հասկացե՞լ եք, որ այն ամենը, ինչից իբր խոսում էր, դժգոհում, բողոքում, այդ ամենը ենթադրում էր ինքն իր համար ունենալ»,- ասաց Աննա Մկրտչյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այդ մարդկանց վրա օրեցօր ավելացող ֆինանսական բեռը գնում է ընդամենն իշխանություններին պարգևավճար բաժանելուն և դրանց ֆոնդն ավելացնելուն:

«Էս վերջերս ընդամենը 4 գերատեսչության պարգևատրումներն եմ հաշվել. Գերազանցում է 5 միլիարդ դրամը: Եվ այս ամենն իրենք արեցին ամենակեղտոտ մեթոդներով ձեզ օգտագործելով: Ասում էին՝ իբր ձեզնից մեկն են, ձեր կողքին են: Բայց այս ամենին վերջ կա, և վերջը լինելու է, երբ մենք ազատվենք սրանից: Ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանից հետո երկրի անվտանգային համակարգն էլ է վերականգնվելու և  ձեր կյանքը բարդացնող բոլոր որոշումներն ուղղակի ուժը կորցրած են ճանաչվելու»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս