ՍԴ կազմը պետք է համալրի Հայաստանի կապիտուլյացիային կողմ քվեարկող դատավոր. Կառավարություն կանչվելու՝ Լիլիթ Թադևոսյանի հերթը նորից է եկել
Նախորդ տարվա վերջում հայտնի դարձավ, որ ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավոր Արայիկ Թունյանը դեկտեմբերի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Հենց այդ օրը 168.am-ը տեղեկացրել էր, որ հրաժարականի պատճառը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի դատավոր ընտրվելն է:
Հունվարի 8-ին ՍԴ-ն հայտարարություն տարածեց առ այն, որ ԵԱՏՄ դատավոր ընտրվելու կապակցությամբ դադարել են ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի նախագահին վերապահված լիազորության ուժով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը 2024 թ. հունվարի 5-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանին գրություն է ուղարկել՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու վերաբերյալ, քանի որ Արայիկ Թունյանից հետո ՍԴ դատավորի պաշտոնի թափուր տեղը դատավորի քվոտա է: Այլ կերպ ասած՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է առաջադրի ՍԴ դատավորի թեկնածու դատավորի: Ըստ այդմ Դատավորների ընդհանուր ժողովը պարտավոր է մեկամսյա ժամկետում ՍԴ դատավորի թեկնածու առաջադրել:
Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն այսօր հրաման հրապարակեց փետրվարի 2-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողով հրավիրելու մասին:
Ուշագրավ իրավիճակ է ստեղծվում արտաքին քաղաքական ու ներքաղաքական ստեղծված բարդագույն իրավիճակում: Ստացվում է, որ ՍԴ պետք է գնա դատավորների թեկնածուն, իսկ սա բարդագույն խնդիրներ կարող է առաջացնել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի համար, ով հերթական անգամ Նիկոլ Փաշինյանին կխոստանա, որ որևէ խնդիր չկա, ում կասեն, նա էլ կառաջադրվի, բայց միգուցե հերթական անգամ կկանգնի կոտրած տաշտակի առաջ՝ հաշվի առնելով նախորդ փորձերը:
Մինչև փետրվարի 2-ը, իհարկե, բավարար ժամանակ կա, ու դեռ շատ ջրեր կհոսեն, բայց որ Դատավորների յուրաքանչյուր ընդհանուր ժողով ծանր փորձություն է Կարեն Անդրեասյանի համար, անառարկելի է:
Բնականաբար, Լիլիթ Թադևոսյանին հերթական անգամ կհրավիրեն Կառավարություն, ինչպես դա եղավ նախորդ տարվա հուլիսի 19-ին անփառունակ կերպով տապալված Դատավորների ընդհանուր ժողովից հետո, կասեն, որ պետության համար կարևորագույն, կենսական նշանակություն ունի, թե ով կլինի ՍԴ դատավոր, որ սուսուփուս կողմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի հերթական, այս անգամ՝ Հայաստանի կապիտուլյացիայի պայմանագրին, որը, անշուշտ, կունենա «խաղաղության պայմանագիր» անունը, շատ այլ «փաստարկներ» ևս կներկայացնեն՝ ի օգուտ իշխանական թեկնածուի, բայց թե ինչ ազդեցություն դա կունենա Ժողովի ընտրության վրա, կերևա փետրվարի 2-ին:
Այս պահին, 168.am-ի տեղեկություններով՝ ՍԴ դատավոր դառնալու ցանկություն ունի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Լիանա Հակոբյանը, ով 2022թ. հունիսի 27-ին 68 կողմ ձայնով ընտրվեց Ազգային ժողովի (ԱԺ) կողմից:
Ի դեպ, հատկանշական է, որ երբ 2020թ. հունիսին իշխանություններին վերջապես հաջողվեց ազատվել ՍԴ-ի՝ իրենց վերահսկողության ներքո չգտնվող դատավորներից, 168.am-ը գրել էր, որ Լիանա Հակոբյանը ՍԴ դատավոր դառնալու հավակնություններ ունի: Եթե իշխանությունն այլ թեկնածու չունենա, Լիանա Հակոբյանը ԱԺ կողմից ընտրվելու լավ հնարավորություններ ունի, բայց մինչ այդ պետք է հաղթահարի Ընդհանուր ժողովի արգելքը:
Մեր տեղեկություններով՝ ՍԴ գնալուն դեմ չէ նաև Վճռաբեկ դատարանի Հակակոռուպցիոն պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը, ով Սերգեյ Մարաբյանի՝ Վճռաբեկի Հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր հաստիքը 2023թ. դեկտեմբերի 5-ին համալրելուց հետո իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում նշված Պալատում: Եվ թեև Ելիզավետա Դանիելյանը համարվում է իշխանությունների սրտի դատավոր, Ընդհանուր ժողովի կողմից նրա ընտրվելը գրեթե անհավանական է: