Ո՞ւմ անուններն են շրջանառվում՝ որպես ՍԴ դատավորի թեկնածուներ

Այն բանից հետո, երբ Ազգային ժողովը, ոչ իշխանամերձ իրավաբանների պնդմամբ՝ հակասահմանադրական ճանապարհով նախաձեռնեց ու իրականացրեց ԱԺ քվեարկությամբ սահմանադրական փոփոխություններ, և երկրի վարչապետն էլ՝ ժամացույցը միացրած, րոպե-րոպե սպասում էր, թե երբ պետք է ժամացույցի սլաքներն ազդարարեն 00:01 րոպեն, որ կարողանա իր ֆեյսբուքյան էջում ազդարարել «ավետիսն» այն մասին, որ «Այս պահից սկսած Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ, իսկ Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Ալվինա Գյուլումյանը ՍԴ անդամ կամ դատավոր չեն։ Երկու ամսվա ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ երեք նոր դատավորներ», կրկին ակտիվացան Սահմանադրական դատարանի (ՍԴ) նոր դատավորների թեկնածուների վերաբերյալ խոսակցությունները:

Այսօր 168.am տեղեկություն ստացավ, որ ՍԴ դատավորի արդեն երկու թեկնածու իշխանություններն ունեն իրենց աչքի տակ՝ Վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանն ու նախկին զինվորական դատախազ, ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր. «Դուք չհոգնեցի՞ք ինձ տարբեր պաշտոններ առաջարկել, ես մենակ կարո՞ղ եմ 4-5 պաշտոն զբաղեցնել»՝ ըստ էության ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով տարածվող լուրերը:

Իսկ ահա Լիանա Հակոբյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել. նրա հեռախոսն անջատված էր:

Լիանա Հակոբյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1996-2003թթ. աշխատել է Սահմանադրական դատարանում՝ որպես աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետ: 2009թ. ՀՀ վարչապետի որոշմամբ ընդգրկվել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966թ. միջազգային կոնվենցիայով նախատեսված Ազգային զեկույցների մշակման հանձնաժողովի կազմում:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2015թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում առաջադրվել է՝ որպես Հայաստանի կողմից դատավորի թեկնածու, սակայն չի ընտրվել:

Լիանա Հակոբյանի մասին խոսում են՝ որպես բանիմաց, համեստ ու կոռեկտ դատավորի ու անձնավորության: Հետաքրքիր է՝ արդյո՞ք նա կհամաձայնի մաս դառնալ հակասահմանադրական այս գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս