Աշոտյանին ու Խաչատուրովին կալանքի տակ պահելու գինը. Սերգեյ Մարաբյանը դարձավ Վճռաբեկ դատարանի դատավոր

Այսօր Ազգային ժողովն (ԱԺ) դատավոր էր ընտրում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր պաշտոնը համալրելու համար:

Ցուցակում 3 անուն կար՝ 3 ուշագրավ անուն՝ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ի կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր չընտրված Մանվել Շահվերդյան, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ չընտրված Ռուբիկ Մխիթարյան և Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիոն հանցագործությունների գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայումն իրականացնող առանձին դատավոր Սերգեյ Մարաբյան:

168.amգրել էր, որ ի սկզբանե որոշում կա՝ վերջապես դուրս գալ Ռուբիկ Մխիթարյանի մատուցած ծառայությունների տակից, ում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը վաղուց է խոստացել պաշտոնեական առաջխաղացում: Եվ հատկապես ԲԴԽ անդամի ընտրությունների՝ Ռուբիկ Մխիթարյանի համար անփառունակ արդյունքներից հետո հիմա առնվազն կոռեկտ չի լինի ևս մեկ անգամ «գցել» Ռուբիկ Մխիթարյանին: Բայց… գցեցին… հերթական անգամ:

Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյան, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյան, Արմեն Չարչյան, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան… Նոր ժամանակներում՝ Տաթև Վիրաբյան: Այս անձինք ազատազրկվել կամ ազատազրկված են մնացել հենց Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ:

Կարդացեք նաև

Այսօր Ռուբիկ Մխիթարյանը չէր եկել ԱԺ, և հենց այդ պահից էլ պարզ էր, որ ՔՊ-ի պատգամավորների հեռախոսներին եկած հաղորդագրության մեջ գրված է՝ Սերգեյ Մարաբյան:

168.am-ի տեղեկություններով՝ ամեն ինչ որոշվել է երեկ երեկոյան՝ Սերգեյ Մարաբյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» ֆրակցիայի հետ հանդիպումից հետո:

Ինչևէ, մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն միաձայն քվեարկել է Սերգեյ Մարաբյանի օգտին, իսկ ընդդիմությունը քվեարկությանը չի մասնակցել:

Հիշեցնենք, որ Սերգեյ Մարաբյանը վերջերս իրար հետևից կալանքի տակ էր թողել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին ու Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ)  փոխնախագահ Արմեն Աշոտյանին: Վարձատրությունը չուշացավ, իսկ Կարեն Անդրեասյանը հերթական անգամ մնաց ձեռնունայն՝ չկարողանալով հերթական անգամ առաջխաղացում ապահովել իր թեկնածուի համար:

Տեսանյութեր

Լրահոս