Փաշինյանի՝ կոնֆիդենցիալ տեղեկություններ հայտնելու ընտրովի սովորությունը. Ո՞վ է Ադրբեջանի վրա հարձակման խորհուրդ տվել

2023 թվականի դեկտեմբերի 19-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Արցախում սեպտեմբերյան իրադարձությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե այլ երկրներից կոչեր էին հնչում Հայաստանում իշխանափոխություն անելու, և այլն:

«Այստեղ է հարցի կուլմինացիան և պատասխանը, որովհետև այդ մարդիկ, ովքեր այդ կոչերով հանդես էին գալիս, նրանք համարում էին, որ այդպիսով, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումով Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեց: Եվ հետևաբար՝ պետք է լուծվի նաև Հայաստանի Հանրապետության հարցը։ Այսինքն` հայեցակարգը պետք է հասնի իր լրումին։ Այսինքն` Հայաստանում պետք է հաստատվի դրածո իշխանություն, որը կասի` դե, պարզվեց, որ Հայաստանի Հանրապետության գոյությունն այլևս անիմաստ է»,- շարունակել է նա:

Հակադարձմանը՝ «իսկ ճի՞շտ է, որ այդ ժամանակ Ձեզ զանգահարել են և ասել, որ պետք է հարձակվել Ադրբեջանի վրա», Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր.

«Այդպիսի խոսակցություն չի եղել: Ոչ: Այլ խոսակցություններ եղել են, որոնք կարող են նշանակել, և թերևս հայեցակարգային մակարդակից պրակտիկ մակարդակ տեղափոխելու դեպքում, այո, կարող ենք մեկնաբանել այդպես»:

Կարդացեք նաև

Փաշինյանը հստակ պնդում չի անում, բայց չի էլ հերքում, ըստ էության, Պետրոս Ղազարյանին նախապես փոխանցված կոնֆիդենցիալ տեղեկությունը, միաժամանակ չի տալիս որևէ երկրի անուն, բայց հաշվի առնելով, որ իշխանության ներկայացուցիչներն ընդդիմությանն աջակցելու և «իշխանափոխության» մղելու համար որ երկրին էին մեղադրում, կարող ենք ենթադրություններ անել: Բացի այս, չմոռանանք, որ Փաշինյանը ՌԴ-ին ուղիղ մեղադրել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմը հրահրելու մեջ, ինչը քննության առարկա չդարձավ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի շրջանակում: Մենք կարող ենք նաև ենթադրել, թե Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում կոնֆիդենցիալ վերոնշյալ տեղեկության շրջանառումը ինչ հեռահար նպատակներ կարող է ունենալ, ում օգտին, ում դեմ կամ ում ձեռքին հնարավոր է այն որպես հաղթաթուղթ օգտագործվի:

Այս համատեքստում նշենք, որ 2022 թվականին Հայաստանի դեմ ադրբեջանական տեղեկատվական-քարոզչական պատերազմի տրամաբանության մեջ Ադրբեջանի լրատվամիջոցները Փաշինյանին մեղադրել էին Արևմուտքին ՀԱՊԿ-ի վերաբերյալ կոնֆիդենցիալ տեղեկություններ փոխանցելու մեջ:

«Օրինակ, հայկական կողմն Արևմուտքին է փոխանցել ՀԱՊԿ շրջանակում ռազմական պլանավորման և ՀՕՊ միացյալ համակարգի հետ կապված նրբությունները կամ տեխնիկական փաստաթղթերը: Հայաստանն արևմտյան խաղացողներին է փոխանցել նաև տեղեկություններ ռուսական սպառազինության համակարգերի տեխնիկական բնութագրերի և ռուսական ռազմական պլանների, ռուսական զինծառայողների պատրաստման մեթոդոլոգիայի մասին, որոնց «դոստուպ» ուներ՝ որպես դաշնակից: Բանը հասել է նրան, որ ռուսական ռազմական բուհերում սովորող հայ սպաներն իրենց արևմտյան «կուրատորներին» են փոխանցել ոչ միայն այն ամենը, ինչ սովորել են, այլև, անգամ, իրենց համակուրսեցիների անձնական գործերը՝ ռուս սպաներից»:

Ընդ որում, սա արվել էր Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ֆոնին, երբ կազմակերպության անդամ երկրների ղեկավարներ էին Հայաստան ժամանել:

Ավելին, նույն ժամանակ CBC TV-ին տված հարցազրույցում էլ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ակնարկել էր, թե «իր ժամանակին Ադրբեջանը տեսանյութեր և ապացույցներ կհրապարակի՝ ով է սկսել 2022-ի սեպտեմբերյան գործողությունները»:

Այդ ժամանակ 168.amգրել էր, որ սա լուրջ մեղադրանք է, որ գործ ունենք նենգ և խորամանկ թշնամու հետ, որն ագրեսիվ պատերազմ է վարում Հայաստանի դեմ բոլոր ճակատներում: Եվ խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է կամ պատրաստվում է տեղեկատվական պատերազմի դաշտում ադրբեջանական նոր հարձակումներին դիմակայել, արդյո՞ք աշխատում ենք ունենալ ծանրակշիռ հակափաստարկներ և ապացույցներ, որոնք միջազգային հարթակներում կարող են հաղթել թուրք-ադրբեջանական տանդեմի փաստարկներին: Իշխանական փորձագիտական, ռազմագիտական և համապատասխան այլ շրջանակները արդյո՞ք նման լրջագույն խնդրի ուղղությամբ աշխատում են, թե՞ իրենց փորձագիտական, գիտական, իրավաքաղաքական ամբողջ ներուժն օգտագործում են միայն ներքին քարոզչական խնդիրները լուծելու համար:

Ի դեպ, 44-օրյա պատերազմից օրեր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ:

«Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»,- զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանը, ով այդպես էլ չօգտագործեց իր ձեռքի տակ եղած այդ հաղթաթուղթը՝ առնվազն ապակայունացնելու Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակը, հատկապես, երբ Ադրբեջանն ինքն էր նման հնարավորություններ ստեղծում կամ սադրում գնալ դրան: Հակառակը, մենք հետո մի շարք իրադարձություններից տպավորություն ստացանք, որ կա սինխրոն աշխատանք Ալիևի և Փաշինյանի միջև, առնվազն հայտարարությունների և դրանց ժամկետների առումով:

Պատեհ առիթն օգտագործելով՝ պետք է հիշեցնել մեկ այլ հանգամանքի մասին, երբ ՀՀ գործընկերները թերահավատորեն են մոտեցել Նիկոլ Փաշինյանի ինչ-ինչ հայտարարություններին և փորձել են անձամբ համոզվել դրանում:

Օրինակ, 2022 թվականին ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ և ՆԱՏՕ անդամ պետությունների ռազմական կցորդներին տարել էինք ավիաբազա, որ նրանք համոզվեն՝ ռուսական բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղո՞ւմ են: Եվ սա այն դեպքում, երբ դրանից առաջ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկություններին՝ Սու-30ՍՄ-ները Ուկրաինա տեղափոխելու մասին, և շեշտել. «Մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել»:

Նման մի փաստի էլ 2023 թվականի մայիսին տարածած իր հայտարարության մեջ անդրադարձել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:

ՌԴ պաշտպանության նախարարի հետ Դավիթ Տոնոյանը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի բովանդակությունը քննարկել էր այն ժամանակ, երբ ռուսական կողմի համար պարզ էր դարձել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը հայկական կողմի կրակից չէ, որ խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ:

«Ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջևանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, և քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ»,- մանրամասնել էր Տոնոյանը:

Նշենք, որ այս դեպքից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը խոստովանել էր իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ», և ներողություն էր խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ են փոխհատուցում տրամադրել: Ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս օդաչուներ էին զոհվել:

Կարելի՞ է, ենթադրել, որ դեպքից հետո ռուսական կողմը նախ մտածել է, թե հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ նման սադրանքի՝ գուցե ինչ-ինչ նպատակներից ելնելով: Հետաքրքիր է, որ դեպքից հետո ռուսական կողմը չի կասկածել, որ իրենց պատկանող ուղղաթիռը կարող էր խոցել Ադրբեջանը կամ Թուրքիան:

Այսինքն, մենք գործ ունենք իրավիճակների հետ, երբ կարևոր հարցերում Նիկոլ Փաշինյանի խոսքին գործընկերները հեշտությամբ չեն հավատում: Եվ գործ ունենք մի իրողության հետ, երբ Փաշինյանը կոնֆիդենցիալ տեղեկություններ գաղտնազերծում է ընտրովի, ըստ հասցեատիրոջ և քաղաքական հետաքրքրությունների:

Տեսանյութեր

Լրահոս