Ադրբեջանը մեղադրում է Փաշինյանին Արևմուտքին ՀԱՊԿ-ի վերաբերյալ կոնֆիդենցիալ տեղեկություններ փոխանցելու մեջ. Հայաստանի արձագանքը չպետք է ուշանա

Հայաստանի դեմ Ադրբեջանը շարունակում է պատերազմել ոչ միայն առաջնագծում, այլև տեղեկատվական-քարոզչական դաշտում, ընդ որում, այդ տեղեկատվական պատերազմը, հնարավոր է՝ նոր թափ առնի:

Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ֆոնին, երբ կազմակերպության անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանել, ադրբեջանական լրատվամիջոցները իրար հերթ չտալով գրում են, թե իբր Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանը պարբերաբար իր արևմտյան գործընկերներին կոնֆիդենցիալ տեղեկություններ է փոխանցել չափազանց նուրբ և անվտանգային հարցերի վերաբերյալ:

«Օրինակ, հայկական կողմը Արևմուտքին է փոխանցել ՀԱՊԿ շրջանակում ռազմական պլանավորման և ՀՕՊ միացյալ համակարգի հետ կապված նրբությունները կամ տեխնիկական փաստաթղթերը: Հայաստանը արևմտյան խաղացողներին է փոխանցել նաև տեղեկություններ ռուսական սպառազինության համակարգերի տեխնիկական բնութագրերի և ռուսական ռազմական պլանների, ռուսական զինծառայողների պատրաստման մեթոդոլոգիայի մասին, որոնց «դոստուպ» ուներ՝ որպես դաշնակից: Բանը հասել է նրան, որ ռուսական ռազմական բուհերում սովորող հայ սպաներն իրենց արևմտյան «կուրատորներին» են փոխանցել ոչ միայն այն ամենը, ինչ սովորել են, այլև, անգամ, իրենց համակուրսեցիների անձնական գործերը՝ ռուս սպաներից»,- գրել են ադրբեջանական լրատվամիջոցները:

CBC TV-ին տված հարցազրույցում էլ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ակնարկել էր, թե «իր ժամանակին Ադրբեջանը տեսանյութեր և ապացույցներ կհրապարակի՝ ով է սկսել 2022-ի սեպտեմբերյան գործողությունները»:

Կարդացեք նաև

«Ֆրանսիացիները գնում են և ցույց տալիս արբանյակային ինչ-որ լուսանկարներ, որ Ադրբեջանն է եղել նախաձեռնողը սեպտեմբերյան ամբողջ գործընթացի, բայց մենք էլ ունենք ցույց տալու բաներ, վստահեցնում եմ: Երբ այդ ապացույցների բազան տարածվի յութուբում, ապա ֆրանսիացի դիվանագետներին, նաև՝ այլ երկրների, շատ դժվար է լինելու ստել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում»,- շեշտել է ադրբեջանցի դիվանագետը:

Մեր խնդիրը, բնավ, ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները տարածելը չէ, մենք գործ ունենք նենգ և խորամանկ թշնամու հետ, որը, կրկնում ենք, ագրեսիվ պատերազմ է վարում Հայաստանի դեմ բոլոր ճակատներում:

Խնդիրը հետևյալն է՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստ է կամ պատրաստվում է տեղեկատվական պատերազմի դաշտում ադրբեջանական նոր հարձակումներին դիմակայել, արդյո՞ք աշխատում ենք ունենալ ծանրակշիռ հակափաստարկներ և ապացույցներ, որոնք միջազգային հարթակներում կարող են հաղթել թուրք-ադրբեջանական տանդեմի փաստարկներին: Իշխանական փորձագիտական, ռազմագիտական և համապատասխան այլ շրջանակները արդյո՞ք նման լրջագույն խնդրի ուղղությամբ աշխատում են, թե՞ իրենց փորձագիտական, գիտական, իրավաքաղաքական ամբողջ ներուժն օգտագործում են միայն ներքին քարոզչական խնդիրները լուծելու համար:

Ի դեպ, 44-օրյա պատերազմից օրեր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 25-ին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ:

«Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառնալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով»,- զգուշացրել էր Նիկոլ Փաշինյանը, որ մինչև հիմա չի օգտագործել իր ձեռքի տակ եղած այդ հաղթաթուղթը՝ առնվազն ապակայունացնելու Ադրբեջանի ներքին քաղաքական իրավիճակը, հատկապես, երբ Ադրբեջանն ինքն է նման հնարավորություններ ստեղծում կամ սադրում գնալ դրան:

Շատ կարևոր է նաև՝ Ադրբեջանին մեր դեմ տեղեկատվական դաշտում աշխատելու հիմքեր, ավելի ճիշտ՝ մեր դաշնակիցներին ադրբեջանական պնդումները «վաճառելու» առիթ կամ հնարավորություն չտալ:

Օրինակ, ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներին չտանել ավիաբազա, որ նրանք համոզվեն՝ ռուսական բոլոր 4 ՍՈՒ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, ավելին, հրապարակել ռազմական անգարների լուսանկարները:

Եվ սա այն դեպքում, երբ դրանից առաջ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած տեղեկություններին՝ Սու-30ՍՄ-ները Ուկրաինա տեղափոխելու մասին, և շեշտել. «Մեր Սու-երը Հայաստան ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել»:

 Մյուս կողմից, եթե նշված դեպքում ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ իրականության հետ աղերս չունենալը ապացուցեցինք ԵՄ և ՆԱՏՕ-ական երկրների ռազմական կցորդների այցը ՊՆ ավիաբազա կազմակերպելով, ապա ադրբեջանական այսօրվա վերը հիշատակված մեղադրանքները շատ ավելի լուրջ են, և դրանց ՀՀ ղեկավարությունը պետք է համարժեք պատասխանի, ընդ որում, ոչ միայն հերքելով, այլ ծանրակշիռ հակափաստարկներով և, ինչո՞ւ չէ՝ կոնֆիդենցիալ տեղեկություններ հրապարակելով:

Տեսանյութեր

Լրահոս