Ռազմական նախկին ղեկավարության 2023թ. հայտարարությունները, դրանց և այդ մեսիջների հասցեատերերը. Ում, ինչ ցանկացան հասկացնել

2023 թվականին Արցախի ՊԲ և ՀՀ զինված ուժերի, պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարությունը և՛ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի տրամաբանության մեջ, և՛ դրանից դուրս ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում՝ խախտելով տևական լռությունը:

Ո՞ւմ շնորհիվ Մեղրիում խաղաղապահներ չտեղակայվեցին՝ Տոնոյանի՞, թե՞ Փաշինյանի

Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 2023 թվականի մայիսի 29-ին հայտարարություն էր տարածել,l որտեղ պատրաստակամություն էր հայտնել խոսել ԱԺ քննիչ հանձնաժողովում՝ թույլատրելիության սահմաններում, բաց, հրապարակային նիստին Նիկոլ Փաշինյանի մասնակցության պայմանով` «հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով»:

168.amանդրադարձել էր Տոնոյանի նշված հայտարարության տողատակերին: Նշել էր, որ ռուս գործընկերոջ հետ ինքը 4 ժամ քննարկել է հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլ կարևոր հարցեր։

Կարդացեք նաև

Բայց մի ուշագրավ փաստ. ՌԴ պաշտպանության նախարարի հետ Դավիթ Տոնոյանը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի բովանդակությունը քննարկել էր այն ժամանակ, երբ ռուսական կողմի համար պարզ էր դարձել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը հայկական կողմի կրակից չէ, որ խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ:

«Ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջևանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, և քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ»,- մանրամասնել էր Տոնոյանը:

Նշենք, որ այս դեպքից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը խոստովանել էր իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ», և ներողություն էր խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ են փոխհատուցում տրամադրել: Ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս օդաչուներ էին զոհվել:

Կարելի՞ է, ենթադրել, որ դեպքից հետո ռուսական կողմը նախ մտածել է, թե հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ նման սադրանքի՝ գուցե ինչ-ինչ նպատակներից ելնելով: Հետաքրքիր է, որ դեպքից հետո ռուսական կողմը չի կասկածել, որ իրենց պատկանող ուղղաթիռը կարող էր խոցել Ադրբեջանը կամ Թուրքիան:

Իսկ Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց Տոնոյանի հետ միասին մասնակցել Քննիչ հանձնաժողովի նիստին, և նրանք առանձին-առանձին «հարցաքննվեցին». Նախ՝ Փաշինյանին լսեցին հանձնաժողովում, այնուհետև՝ Դավիթ Տոնոյանին:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի՝ Քննիչ հանձնաժողովում արված հայտարարությունների տողատակերը և մեսիջները մանրամասն վերլուծել ենք՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին և ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին: Դրանց հիմա նորից նույն ծավալով չենք անդրադառնա, և կսահմանափակվենք մի քանի ընդհանրական մտքերի փոխանցմամբ.

ԶՈՒ-ն պատրաստ էր իրենից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայել,

– Պաշտպանական մարտ վարելու համար ԶՈՒ պատրաստությունը բավարար էր՝ Արցախի անվտանգության ապահովման առումով,

ՀԱՊԿ անդամ լինելը չի խոչընդոտում այլ երկրներից սպառազինության ձեռքբերմանը,

Հրթիռներն անպիտան չեն եղել, իսկ Սու-25 ինքնաթիռների արդիականացման պայմանագիրը կյանքի չի կոչվել,

Նիկոլ Փաշինյանն արգելել էր ՊՎԾ ստուգումներ իրականացնել ՊՆ-ում,

Տոնոյանը չի կարողացել կանխել պատերազմը,

Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն առաջարկել է կանգնեցնել պատերազմը, Տոնոյանին այդ զեկույցը դուր չի եկել,

Սպառնալի իրավիճակի վերաբերյալ տեղյակ է եղել, պատերազմի կոնկրետ օրը հայտնի չի եղել,

– Նիկոլ Փաշինյանը նրան պատերազմի օրերին Մեղրի է ուղարկել և չի ասել՝ ինչու: Տոնոյանը, մասնավորապես, ասել էր. «Նախարարը պետք է լինի ՊՆ-ում, բայց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում և վարչապետի բաց քննարկումների ժամանակ իմ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գտնվել: Խոսքը գնում է բանակցային գործընթացի ժամանակ Մեղրի ուժերի տեղակայման հետ կապված, ես այդպես եմ կարողանում սինթեզել այս վիճակը», և այլն:

Բացի այս, ավելի ուշ մոտ 2 տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ուշագրավ հայտարարություններ էր արել նաև հարցազրույցների ընթացքում:

Պետք է սեղմ ժամկետում գնալ նոր ընտրությունների

Մասնավորապես, 2023 թվականի հոկտեմբերի 22-ին նա «Մեդիամաքսին» տված հարցազրույցում անվտանգային մարտահրավերների համատեքստում սեղմ ժամկետում նոր ընտրությունների գնալու անհրաժեշտություն էր տեսել:

«Հայաստանի Զինված ուժերը բարոյահոգեբանական շոկային իրավիճակից հանելու և մարտունակության նոր մակարդակի վրա դուրս բերելու համար պետք է առնվազն 5 տարի, իսկ ԱԺ ընտրություններ Հայաստանում կլինեն միայն 2.5 տարի հետո:

Արդյո՞ք կառավարությունում առկա է ռիսկերի գնահատում առաջիկա 5 կամ 10 տարվա համար, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումից կամ առավել ևս չստորագրելուց հետո ինչպիսին է լինելու մեր արտաքին և պաշտպանական քաղաքականությունը: Գրեթե համոզված եմ, որ այդպիսի միջգերատեսչական վերլուծություն կամ գնահատական իրավիճակին տրված չէ:

Մասնավորապես, խիստ կասկածում եմ, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը կառավարությունից ստացել է ԶՈՒ կիրառման խնդիրները և նպատակները` նոր «հետ-Արցախյան» պայմաններում:

Արդյո՞ք պաշտպանական բարեփոխումների տեմպը բավարար է: Ինչպես տեսնում եմ, հայ-ադրբեջանական մոտ 1000 կիլոմետրանոց սահմանի երկայնքով մարտական հերթապահությունը մեծամասամբ շարունակում են իրականացնել ժամկետային զինծառայողները:

Համոզված եմ, որ հրատապ է միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության «տասնապատկումը»:

Հակառակ դեպքում ՀՀ Զինված ուժերը Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը ունակ չեն լինելու իրագործել:

Զինված ուժերի զարգացումն ապահովելու նպատակով հրատապ խնդիր է ՀՀ անվտանգության ապահովման համար ռազմաքաղաքական դաշինքային հարաբերությունների կամ ոչ բլոկային` չեզոքության կարգավիճակի ընտրությունը, որը նույնպես պետք է ամրագրվի միջազգային եղանակով»:

ՀՀ իշխանությունները պարտավոր են նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից հաշվի առնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ Հարավային Կովկասում «մնայուն շահերը» և հավաքական Արևմուտքի «մնայուն հավակնությունները»:

Եթե այսօրվա իշխանություններն ունակ չեն այդպիսի հրատապ որոշում կայացնել և գնում են հայ ժողովրդի դիմակայունության պաշարի մնացորդները սպառելու ճանապարհով, ապա պետք է սեղմ ժամկետում գնալ նոր ընտրությունների՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալով ընտրել այն ուժերին, որոնց կվստահեն ՀՀ անվտանգության ապահովման, դաշնակիցներին ընտրելու կամ ոչ բլոկային չեզոքության կարգավիճակի ընտրության հարցը»,- նշել էր Տոնոյանը:

Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ

Իսկ 2023 թվականի նոյեմբերի 8-ին 168.am-ին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանը հետևյալ ուշագրավ հայտարարություններն էր արել.

Ինձ ձերբակալելու համար քաղաքական համաձայնություն է տրվել ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ, որի բոլոր մասնակիցներն ինձ և հանրությանը հայտնի են: Ընդ որում, նրանցից 2-ն արդեն չեն պաշտոնավարում, և համոզված եղեք, որ ուշ թե շուտ վերոնշյալ որոշման կայացմանը մասնակցություն ունեցած բոլորը պատասխան են տալու: 

 Քրեական վարույթներ դեռ լինելու են, իսկ թե ում նկատմամբ, կախված է այդ պահի քաղաքական կոնյունկտուրայից:

Մինչև 2020թ. նոյեմբերի 9-ը հայկական զինված ուժերը կռվել են, կազմակերպված նահանջել են, բայց չեն փախել:

Ամեն ինչ արել են դաշնակցից աջակցություն ստանալու նպատակով և փաստացի զգալի չափերով ստացել են:

– Արյունահեղությունը դադարեցնելու նպատակով ապահովել են դաշնակցի ԶՈՒ-ի ներկայությունն Արցախում, որն առաջին հերթին ու հիմնականում պահանջված է եղել Արցախի իշխանությունների և մերձիշխանական ուժերի կողմից, և դա անհերքելի փաստ է:

Եթե դաշնակիցը ՌԴ-ն է, ապա համագործակցությունը պետք է «տասնապատկվի» ՌԴ ԶՈՒ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եթե ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ապա համապատասխանաբար իրենց հետ պետք է «տասնապատկվի» համագործակցությունը: Եթե դա Իրանը, Հնդկաստանը կամ Չինաստանն են, ապա պետք է սկսել 0-ից և համապատասխան համագործակցություն ծավալել:

– Ստեղծված պայմաններում «կոմպլեմենտար» համագործակցությունը ռազմական ոլորտում խիստ վտանգավոր է:

Մինչ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը ներկայացնելը պետք էր սպառնալիքների և ռիսկերի գնահատման վարժություն իրականացնել և ՀՀ քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով որևէ ձևաչափով դրա մասին իրազեկել հանրությանը: 

Արշակ Կարապետյանի քաղաքական պայքարը

Arshak Karapetyan

Քանի որ շոշափեցինք նոր ընտրությունների թեման, այս համատեքստում հավելենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 4-ին, 2 տարվա դադարից հետո, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել էր, որ մտնում է քաղաքական պայքարի մեջ, և Նիկոլ Փաշինյանին մեղադրել դավաճանության մեջ: Այլ հարց է, որ հետո Փաշինյանի խորհրդականը եղած Արշակ Կարապետյանը հրաժարվել էր նրա դեմ դավաճանական փաստեր ներկայացնել՝ լրատվամիջոցներին վստահեցնելով, որ դա կանի իշխանափոխությունից հետո, թեպետ իրենց ծրագիրը ոչ թե Փաշինյանի հեռացմանն է ուղղված, այլ երկիրը փրկելու: Թե ինչպես է դա հնարավոր, մեղմ ասած, տրամաբանական չէ: Բայց Կարապետյանը, ով մի քանի անգամ լրագրողներին հորդորել էր իր անցյալից և Փաշինյանի հետ ունեցած հարաբերություններից հարցեր չտալ, վստահեցրել էր, որ իր ծրագրերն իրագործելի են, և ինքը հաստատ գիտի՝ ինչ է ուզում և ուր է գնում: Թեպետ Արշակ Կարապետյանի ընտրովի հարցազրույցները թույլ են տալիս ինչ-ինչ ենթադրություններ անել, ամեն դեպքում, սպասենք 2024 թվականի զարգացումներին՝ գուցե հիմա էլ չպետք է խանգարի գործող իշխանությանը, թեպետ 168.am-ի հարցին ի պատասխան՝ հեռավար ասուլիսի ժամանակ պնդել էր՝ պատերազմը չի վերջացել, մեզ հետ ոչ ոք չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել, և, որ, «եթե զորքը թեկուզ մի մետր հետ քաշեցինք, կապ չունի՝ որտեղից, շատ հնարավոր է՝ Հայաստանը կորցնենք, ինչպես Արցախը կորցրեցինք»:

Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկը և նախազգուշացումները՝ ՀՀ քաղաքական ղեկավարությանը

Լսելով 2023 թվականի հունիսի 20-ին և հատկապես 27-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ վարչապետի ներկայացրած բացատրությունները, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ գնդապետ Օնիկ Գասպարյանը հունիսի 28-ին հայտարարություն էր տարածել, որտեղ անդրադարձել էր 2020 թվականի նոյեմբերի 17-ին իր ուղերձում արած պնդումներին և սառը հաշվարկին, վերջինին 168.am-ը մանրամասն անդրադարձել էր: Մենք չէինք անտեսել նաև գեներալի հունիսի հայտարարության մեսիջները, որտեղ, մասնավորապես, Օնիկ Գասպարյանը նշել էր.

Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար:

«2020թ. հուլիսի 4-ին, զինված ուժերի գլխավոր շտաբում ՀՀ Վարչապետին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին, գլխավոր շտաբի պետի տեղակալների ու հիմնական վարչությունների պետերի մասնակցությամբ ներկայացրել եմ զեկույց, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.

– ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն…»:

– «2020 թվականի հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար…

– «2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները»:

Իր հայտարարության մեջ ԳՇ նախկին պետը նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնահատի ոչ թե միայն զինված ուժերի գործունեությունը, այլև ներկայացնի պետական կառավարման ողջ համակարգի գործունեությունը` նշելով դրական և բացասական կողմերը, ինչպես նաև անհաջողությունների օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները:

Որպես թիրախ եմ ընտրվել

2023 թվականի հուլիսի 6-ին անազատության մեջ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը հայտարարություն էր տարածել և պնդել՝ «որպես թիրախ եմ ընտրվել, որպեսզի ինչ-որ անձինք փորձեն իրենց ուղղված մեղադրանքները փաթաթել իմ վրա»:

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկազմակերպելու համար: Ի դեպ, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը չցանկացավ լսել Արզումանյանին, ինչն անգամ Դավիթ Տոնոյանն էր առաջարկել, հատկապես՝ Շուշիի հետ կապված: Ավելին, 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարած ՊԲ երկու հրամանատարներին՝ Ջալալ Հարությունյանին և Միքայել Արզումանյանին, չլսեցին Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում:

Ի դեպ, 2023 թվականին Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը 44-օրյա պատերազմի ժամանակ տեղի ունեցած հակահարձակման դրվագով դադարեցվեց, ինչը և սպասելի էր, իսկ Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի կորուստների մասով դրվագը պահպանվեց և գործը մտավ դատարան:

Հանրագումարի բերելով վերը շարադրվածը, պետք է փաստել՝ չնայած ռազմական նախկին ղեկավարության ուշագրավ հայտարարություններին, Նիկոլ Փաշինյանն ինքն է գրում իր մեղադրական եզրակացությունը, թեպետ գտել է 44-օրյա պատերազմում պարտության պատճառը՝ «բանակում 5-րդ շարասյուն է եղել»: Իսկ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցից, որը, հնարավոր է՝ ունենա Ապրիլյան պատերազմին առնչվող զեկույցի ճակատագիրը, մեծ բան սպասել չի կարելի ոչ միայն՝ վերևում նշվածի պատճառով, այլև՝ որովհետև առանցքային ռազմական դեմքեր այդպես էլ չհարցաքննվեցին:

Տեսանյութեր

Լրահոս