Պատերազմը չի վերջացել, մեզ հետ ոչ ոք չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել. Արշակ Կարապետյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը Ռուսաստանից հեռավար տարբերակով ներկայացրել է քաղաքական իր պայքարի նպատակները, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտարարել էր քաղաքական պայքար սկսելու մասին՝ նշելով, որ դրան մղել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը և Հայաստանի գոյատևմանը սպառնացող վտանգը: Վերջին միտքն Արշակ Կարապետյանը կրկնել է նաև news.am-ի հետ զրույցում:
«Ազգային անվտանգության ապահովման հարցերում իմ տեսակետը երբեք չէր համընկնում Հայաստանի գործող իշխանությունների տեսակետի հետ այն պարզ պատճառով, որ նրանք, մեղմ ասած, կոմպետենտ չեն այս հարցում։ Նրանք չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է և բաղկացած է ռազմական, տնտեսական, էներգետիկ անվտանգությունից, և այլն»,- շեշտել էր գեներալը:
Ի դեպ, նույն հարցազրույցում Արշակ Կարապետյանը դավաճանություն էր համարել գիտակցված գործողությունը կամ անգործությունը հօգուտ թշնամու, որը հանգեցրել է լուրջ հետևանքների, օրինակ, Արցախի կորստի:
Իսկ «ԱրմԻնֆոյի» հետ զրույցում էլ, անդրադառնալով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի արձագանքին՝ «եթե Արշակ Կարապետյանը փաստեր ունի, թող հանրայնացնի», պաշտպանության նախկին նախարարն ասել էր, որ դա կանի միայն իշխանափոխությունից հետո, հիմա դա անիմաստ է:
168.am-ը փորձել էր կապ հաստատել Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հետ և մի քանի կարևոր փաստ հիշեցնել, բայց Արշակ Կարապետյանը մեզ խնդրել էր անցյալի հետ կապված հարցերը մոռանալ, իսկ Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին փաստեր կներկայացնի իշխանափոխությունից հետո:
Մասնավորապես, գեներալին հիշեցրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը նրան 2020 թվականի սեպտեմբերի 2-29-ը արձակուրդ էր տրվել, իսկ առնվազն սեպտեմբերի 25-ին Փաշինյանն իմացել է պատերազմի մասին, արդյո՞ք իրեն հետ է կանչել արձակուրդից, կամ ինքը ե՞րբ է իմացել պատերազմի ժամկետների մասին և ի՞նչ խորհուրդ է տվել իր ղեկավարին:
Մենք Արշակ Կարապետյանին նաև հիշեցրել էինք, որ երբ 2021 թվականի օգոստոսի 3-ին Նիկոլ Փաշինյանն իրեն ՊՆ աշխատակազմին և ԶՈՒ սպայակազմին էր ներկայացնում, հայտարարել էր. «Ճակատագիրը հենց մեր վրա է դրել՝ այս օրակարգն առաջադրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերներից: Պարոն Կարապետյան, Ձեզ հաջողություն եմ մաղթում այս օրակարգը սպասարկելու և առաջ տանելու գործում»:
Իսկ պաշտպանության նախկին նախարարն էլ պատասխանել էր. «Ուզում եմ Ձեզ հավատացնել, որ մենք հասկանում ենք ստեղծված իրավիճակը, մենք հասկանում ենք, թե ինչ պայմաններում ենք ստանձնում այս պաշտոնները, և չենք վերաբերվում դրանց՝ որպես պաշտոն: Ես խոսել եմ Կորպուսի հրամանատարների հետ, որոնք մեզ լսում են, խոսել եմ Պաշտպանության բանակի հրամանատարի հետ: Մենք սա համարում ենք՝ որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:
Այսինքն, Արշակ Կարապետյանը լավ գիտեր Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը, այդ թվում՝ սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ կապված: Էլ չասենք, որ դրանից ամիսներ առաջ՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր պահանջել՝ ասելով, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում, որ գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:
Գուցեև չպետք է խանգարեի գործող իշխանությանը…
Այսօր կազմակերպված հեռավար ասուլիսի ժամանակ Արշակ Կարապետյանը ևս լրագրողներին հորդորեց անցյալից և Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարաբերություններից հարցեր չտալ:
«Եթե խոսքը վերաբերում է անցյալին, կամ ինչ հարաբերություններ եմ ունեցել պարոն Փաշինյանի հետ, չեմ կարծում, որ դա պետք է այսօր հանրությանը հետաքրքրի: Ինչ վերաբերում է, թե ինչի ես 2 տարի ձայն չէի հանում, շատ պարզ պատճառով՝ ես պետականամետ մարդ եմ: Իմ կարծիքով, գուցեև չպետք է խանգարեի գործող իշխանությանը, չպետք է փորձեի ինչ-որ ապստամբություններ բարձրացնել կամ սենսացիաներ անել իմ հայտարարություններով: Ես քաղաքականությամբ զբաղվել չէի էլ պլանավորում, չէի մտածում, որ երբևիցե կմտնեի քաղաքականություն: Բայց իմ համբերության բաժակը լցվեց, երբ Արցախն առանց կրակոցի հանձնվեց»,– նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:
Ի՞նչ է ստացվում՝ Արշակ Կարապետյանը պատերազմից հետո չի ցանկացել խանգարել Նիկոլ Փաշինյանի՞ն, այն բանից հետո, երբ, իր խոսքով, Փաշինյանը նրան ազատել է, որովհետև 44-օրյա պատերազմից հետո գնացել է Արցախ, կրակելու հրաման է տվել և հրաժարվել է կատարել թուրքական պահանջները:
Իմ որոշումներն իրագործելի են
Արշակ Կարապետյանն այսօր ՌԴ-ում է, և ասում է, որ սա ևս այն հարցը չէ, որ պետք է հանրությանը հետաքրքրի՝ ինչի է այնտեղից փորձում երկիրը փրկել, մյուս կողմից՝ ակնարկում է, որ հնարավոր է՝ իր դեմ էլ գործ հարուցեն, քանի որ, ըստ նրա, մայորից բարձր շատ զինվորականների դեմ գործեր կան հարուցված: Բայց կարևորը՝ ինքը գիտի՝ ինչ է անում, ուր է գնում և ոչ մի երկրի չի ծառայում, այդ թվում՝ ՌԴ-ին:
«Ես երբեք ոչ մեկին չեմ դիմել օգնության համար, երբևիցե ոչ մեկի չեմ նվաստացրել, բայց չեմ էլ ուզում նվաստացված զգալ: Ես երբևիցե չեմ վախեցել, որովհետև ես մարտական գեներալ եմ, բայց չեմ ուզում, որ ինձ խանգարեն, ես ուզում եմ հասնել հաջողության: Իմ որոշումները ես կայացնում եմ, երբ դրանք համարում եմ իրագործելի: Ես հաստատ գիտեմ՝ ինչ եմ անում, հաստատ գիտեմ՝ ոնց եմ անում, ու հաստատ գիտեմ՝ ուր եմ գնում»,- ընդգծեց գեներալը:
Զորքը հետ քաշելը, չկրակելը հանցագործություն է
Այս համատեքստում Արշակ Կարապետյանը լրագրողներին կոչ արեց իրեն հարցեր տալ ոչ թե անցյալից, այլ ապագայից: 168.am-ը հիշեցրեց, որ նրան իր իսկ խնդրանքով նաև ներկայի և ապագայի հետ կապված անվտանգային հարցեր է ուղղել գրավոր և հեռախոսով, բայց դրանք անպատասխան են մնացել:
Եվ պատեհ առիթն օգտագործելով՝ ներկայի և ապագայի հետ կապված հարց ուղղեցինք ՀՀ պաշտպանության նախկին նախարարին՝ միևնույն ժամանակ հիշեցնելով իշխանական թեզը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը 2016 թվականի ապրիլյան քառօրյայի շարունակությունն էր, վերջինի ժամանակ ինքը ռազմական հետախուզության պատասխանատուն է եղել: Մենք փորձեցինք պարզել գեներալից՝ Երասխից, Տավուշից զորքերի հետքաշումից հետո ինչ է սպառնում մեզ, և ինչպես է ինքը դա կանխելու:
«Ես խնդրում եմ այդ հարցը տալ նրանց, ով այդպես կարծում է 2016-ի և 2020-ի հետ կապված: Ես էլ Ձեզ կասեմ, որ պատերազմը 1994 թվականից հետո չի էլ վերջացել, երբ հրադադար ենք կնքել: Մենք 30 տարի պատերազմ ենք վարում, այն ունեցել է էտապներ. մեկ ակտիվացել է, մեկ դադարել է: Եվ պատերազմը չի վերջացել, մեզ հետ ոչ ոք չի պատրաստվում խաղաղության պայմանագիր կնքել: Զորքը հետ քաշելը, չկրակելը հանցագործություն է: Եթե զորքը թեկուզ մի մետր հետ քաշեցինք, կապ չունի՝ որտեղից, շատ հնարավոր է՝ Հայաստանը կորցնենք, ինչպես Արցախը կորցրեցինք: Պետք է անպայման դիմադրենք»,- շեշտեց Կարապետյանը:
Թե ինչպես, ըստ նրա, առանց մարտի չպետք է հանձնվել: Բայց թե կոնկրետ ինքն ինչ է անելու, չմանրամասնեց:
ՀՀ պաշտպանության նախարարը խոստացավ, որ կգա Երևան և առավել մանրամասն կպատասխանի բոլոր հարցերին: