Տնտեսական կտրուկ աճը՝ գյուղացու դառը կյանքի և անընդհատ ավելացող պարգևավճարների ֆոնին

Անցնող ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի իշխանություններն անդադար հայտարարում էին Հայաստանի տնտեսական կտրուկ ու թռիչքային աճի մասին:

Ընդ որում, ՀՀ Էկոնոմիկայի նախարարն այդ մասին խոսում էր անգամ այն ժամանակ, երբ լրագրողները հետաքրքրվում էին բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցների խնդիրներից:

«Մեր ֆունկցիան մենք տեսնում ենք՝ մեր գործը մաքսիմալ լավ կատարել: Եվ դուք տեսնում եք, որ առաջին 5 ամիսների տնտեսական աճն աշխարհում ամենաբարձրերից է: Արդեն երկրորդ տարին է՝ 12 ամսից ավելի է… »,- լրագրողների հետ զրույցում ավելի վաղ ասել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ «իր կատարած լավ աշխատանքով օգնում է նաև մյուս ոլորտներում առկա խնդիրների կարգավորմանը»:

Իսկ տնտեսական այդ բարձր ցուցանիշը, ըստ տնտեսագետների, ոչ թե ՀՀ Էկոնոմիկայի նախարարի կամ ՀՀ կառավարության տքնաջան աշխատանքի, այլ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած հազարավոր ռելոկանտների շնորհիվ է:

Կարդացեք նաև

Ներկայացվող ցուցանիշներն էլ Հայաստանի ներուժի կամ տնտեսական քաղաքականության հետ որևէ կապ չունեն:

«Գործող կառավարության ներկայացրած ցուցանիշները Հայաստանի ներքին ներուժի հետ որևէ կապ չունեն: Եթե դեպի Հայաստան եկող գումարների շարժը հետագայում դադարի, մեր երկրի տնտեսական աճը մեկ օրում պարզապես կանհետանա»,- 168.am-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

Հայաստանի տնտեսական աճը, ի դեպ, ամենաբարձրն է գնահատվել ԵԱՏՄ անդամ երկրների շարքում։ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում ավելացել է 42 տոկոսով: Իսկ արդյո՞ք նույնը կարող ենք ասել Հայաստանի ներքին գործոնների ցուցանիշների մասին:

«Սոթքը չի աշխատում, հանքերը կիսատ են աշխատում, հանքերի մեծ մասում 50 տոկոս փայատերեր են, ընդերքն օգտագործվում է, բայց այդ գումարները չեն ներմուծվում պետական բյուջե: Ի՞նչ տնտեսական աճի մասին է խոսքը: Իսկ թանկությո՞ւնը… կենսաթոշակը… կիսատ-պռատ խոսք է տալիս մինիմալ զամբյուղ փոխել՝ դա էլ չեն կատարում: Ժողովրդին ո՞ւր են տանում՝ չգիտեմ: Կոմունալ ծախսերը… ով եկավ՝ ջրի գին բարձրացրեց, ով եկավ՝ գազ գին բարձրացրեց, լույսի  գին բարձրացրեց… »,- մեզ հետ զրույցում ասում էին մեր հայրենակիցները:

Եկող տարում էլ 7 տոկոս տնտեսական աճ են կանխատեսում: Ցուցանիշների շարունակական աճի պայմաններում, սակայն, չգիտես՝ ինչու, մեր երկրում չեն զարգանում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

Երկրում անընդհատ պակասում են ցորենի ցանքատարածքները: Գյուղացիներն ահազանգում են՝ բերքն ունեն, չեն կարողանում իրացնել: ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն այս երևույթին յուրահատուկ բնութագիր է տվել:

«Ո՛չ թե գյուղատնտեսություն է, այլ գյուղԱՆտնտեսություն: Այսօր ՌԴ-ում կա մեծ քանակությամբ կուտակված ցորեն, ռուբլի-դրամ կուրսը հաշվի առնելով՝ այսօր ՀՀ է հասնում ցորենի մեկ կգ-ն 70 դրամով: Գուցե մի փոքր ավել-պակաս… Այսինքն, այսօր նորմալ պետությունն ու նորմալ կառավարությունը ջանք ու եռանդ չպետք է խնայեր… առավել ևս, գիտեն, որ դաշտերում ցորեն չկա ցանած, բերքատվությունը ցածր է, պատերազմի վտանգն ու Արցախի օրինակն ունենալով աչքի առաջ՝ պետք է բոլոր շտեմարաններն ու ամբարները լեցուն լինեին ցորենով: Պատկերացնո՞ւմ եք, 70 դրամ՝ 1 կգ-ն: Ի՞նչ է արվում: Եվ լավագույն սերմերն այս պահին պետք է ներկրվեին Հայաստան: Չի արվել: Արտադրված ցորենն էլ մրցակցություն չունի շուկայում: Ինքնարժեքը գյուղացու մոտ նստում է 100 դրամ և ավելի, իսկ եթե շուկայում կա 70 դրամով ցորեն, նշանակում է, որ ինքը վաճառքի խնդիր ունի»,- 168.amPressing հաղորդաշարի եթերում ասել էր Աշոտ Հարությունյանը:

Բայց, օրինակ, պատգամավորների պարգևավճարներն այս տարի էլ չեն ուշացել: ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության պետ Լաուրա Անտոնյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ այս տարվա պարգևավճարների գումարը նախորդ տարվա համեմատ քառապատիկ ավելացել է: Եթե նախորդ տարի պատգամավորներին, աշխատակազմին ու աշխատակիցներին 300.000 դոլար էին հատկացրել, ապա այս տարի գումարը կազմել է 1,25 միլիոն դոլար:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս