ԿԳՄՍ նախարարի պատվիրատուն համոզել է, որ կարող ենք զրկվել ազգային դիմագծից. Տ. Միքայել արք. Աջապահյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադարձավ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հայտարարությանը, որ պատմության դասագիրքը չեն պատրաստվում փոփոխության ենթարկել:

Նրա խոսքով՝ նախարարի այդ հայտարարությունը բնորոշում է այսօրվա իշխանության ընդհանուր մտածելակերպն ու վարվելակերպը:

«Նրանք հիացած են իրենք իրենցով և առաջնորդվում են միապետական լյուդովիկյան սկզբունքով: Կարծում են՝ պետությունն իրենք են: Իրենք չգիտեն, որ իրենք չեն պետությունը, իրենք ընդամենը ժամանակավոր մի ֆազ, մի փուլ են՝ այս պետության մեջ: Իրենց պետության հետ նույնացնելն ամբարտավանություն է, և դա բնորոշ է բոլոր հեղափոխականներին, դա մեզ համար անընդունելի է:

Իսկ չգործակցել իրականության մեջ հարատև կառույցի՝ եկեղեցու հետ՝ ամբարտավանության հիվանդագին ու ծայրահեղ դրսևորումն է, ինչը չունեցան նույնիսկ բոլշևիկները՝ 20-30-ական խանդավառությունից հետո»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Տեղի ունեցողը, նրա խոսքով, խոսուն վկայություն է, որ ամեն ինչ իրականացվում է հատուկ պատվերներով:

«Այդ ամենի հետևում երևում են իրենց պատվիրատուների ականջները, որոնք ոչինչ չունեն հայության, հայ, ազգային պետության ու պետականության հետ: Իրենց պատվիրատուները դրսից են ու անցած բոլոր տարիների ընթացքում նաև բոլոր, նաև նախորդ իշխանություններին էին համոզում, որ պետք է ռևիզիայի, վերատեսության ենթարկել ողջ պատմագիտությունն ու պատմագրությունը, ազատվել պատմությունից կառչվածությունից, թոթափել, այսպես ասած՝ «կոմպլեքսները», որոնցից մեկը, օրինակ, Ցեղասպանության հետ է կապված: Նրանց համոզմամբ՝ պետք է դառնալ համաշխարհային հանրության անդամներից մեկը՝ անդեմ և անդիմագիծ»,- համոզմունք հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս