ՇՄ նախարարությունը ՏԿԵ նախարարությունից ակնկալում է ստանալ 252 միլիոն 558.000 դրամ փոխհատուցում

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի կողմից Կառավարությանը գրավոր ընթացակարգով քվեարկության է ներկայացվել նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքների հետևանքով օտարման շերտում ընդգրկված շուրջ 44 հեկտար մակերեսով անտառային հողերի համար Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեին հատկացնել 252 միլիոն 558 000 դրամ փոխհատուցում՝ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված ՏԿԵՆ-ի խնայված ֆինանսական միջոցներից:

Ըստ նախագծի՝ այդ գումարով Շրջակա միջավայրի նախարարությունը կիրականացնի 132 հա անտառապատման ընթացիկ աշխատանքներ:

«Անտառապատման աշխատանքների ժամանակին և պատշաճ իրականացման անհրաժեշտությունից ելնելով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ աշխատանքների կատարման և վճարման վերաբերյալ համաձայնությունները, Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից կատարվում են անտառմշակույթների հիմնադրման աշխատանքներ, որի դիմաց անհրաժեշտ է վճարել մինչև 2023 թվականի ավարտը։

Անտառապատման աշխատանքներում ընդգրկված են 200 սեզոնային աշխատակիցներ, որոնցից 69-ը Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված քաղաքացիներ են։ Հայցվող գումարից վճարվելու են նաև աշխատողների աշխատավարձերը»,- նախարարությունից պարզաբանել են նախագծի հիմնավորման մեջ:

Կարդացեք նաև

Նշվում է նաև, որ նախագիծն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերի պահանջներից, սակայն կապված է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ հաստատված Հավելված 1-ի Շրջակա միջավայրի նախարարություն բաժնի 6.9 ենթակետով սահմանված խնդիրների և ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների հետ։

Թեև չի նշվում, որ նախագծի անհրաժեշտությունը բխում է հետպատերազմական իրողություններից և խաղաղության օրակարգերից, սակայն ծանոթանալով կառուցվող ու վերակառուցվող ճանապարհների ցանկին, դա կարելի է ենթադրել. «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից իրականացվող՝ Քաշունի գյուղի խաչմերուկից Բարձրավան ավտոճանապարհի, Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի, Կապան-Ծավ ավտոճանապարհի՝ Կապան-Ճակատեն շրջանցիկ ճանապարհահատվածի, Սյունիք-Աղվանի-Տաթև-ավտոճանապարհի՝ Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման, Լծեն ավտոճանապարհների վերակառուցման, Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածի հիմնանորոգման արդյունքում ճանապարհների օտարման շերտում ընդգրկվել է ընդհանուր 44 հա մակերեսով պետական անտառային հողեր»:

Տեսանյութեր

Լրահոս