«Սա միտված է՝ հետագայում չարգելափակել արցախցիների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքը». Հակոբ Բադալյան
Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, «Ազատության» հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։
Ավելի ուշ արդեն Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Սամվել Շահրամանյանն այսօր հանդիպել է պետական այն մարմինների ղեկավարների հետ, ովքեր շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով:
Հանդիպման ժամանակ Արցախի նախագահն անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած իր՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին, ընդգծել է, որ՝ «Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները»:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը 168.am–ի հետ զրույցում խոսելով Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի այս հայտարարության մասին, ասաց, որ փաստացի կա օկուպացված, էթնիկ զտված ու հայաթափված Արցախի Հանրապետություն, սակայն կա իրավիճակ, երբ այդ ամենն Արցախի իսկ ձեռամբ լեգիտիմացված չէ։
«Եթե որևէ հղում լինի հրամանագրին, անշուշտ, դա կնշանակի, որ առկա իրավիճակը լեգիտիմացվում է Արցախի ձեռքով, փաստացի ունենք իրավիճակ, որ դա այդպես չէ։ Հայտարարությունը, որ Արցախի նախագահի այդ հրամանագիրն իրավական ուժ չունի, միտված է նրան, որպեսզի հետագայում հնարավորություն ստեղծել կամ չարգելափակել արցախցիների իրավունքների պաշտպանության ուղղված աշխատանքը։ Մեծ հաշվով, թերևս, այսպիսի մեկնաբանության առաջին ազդակը հենց ինքը՝ Սամվել Շահրամանյանն էր տվել՝ ասելով, որ դրան ավելի ուշ անդրադարձ կլինի։ Հիմա մենք այդ անդրադարձը տեսնում ենք, չեմ բացառում, որ գուցե լինի ավելի հանգամանալից անդրադարձ։
Մյուս կողմից՝ այստեղ նույնիսկ մեկնաբանության հարց էլ չէ, որովհետև չի կարող լինել որևէ պետական կազմավորում՝ ճանաչված թե ոչ ճանաչված, որտեղ նախագահի ստորագրությունը դառնա այդ կազմավորման լուծարման իրավական ծանրակշիռ հիմք»,- նշեց Հակոբ Բադալյանը։
Քաղաքական վերլուծաբանի խոսքով՝ եթե պատկերացնենք որևէ պետություն՝ լինի մեծ կամ փոքր, և այդ պետության առաջնորդի ստորագրությամբ պետության լուծարում՝ սա որևէ կերպ չի կարող տեղավորվել իրավաբանության շրջանակում։
Հարցին՝ գուցե ՀՀ իշխանությունները հենց սրա համա՞ր են ասում, որ ՀՀ-ում Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը կվտանգի ՀՀ անվտանգությունը, քանի որ լավ գիտեն, եթե ինստիտուտները գործեն, ապա Արցախը չի կարող լուծարվել, Հակոբ Բադալյանը պատասխանեց, որ ՀՀ իշխանության հայտարարությունները պայմանավորված են առկա ռազմաքաղաքական իրավիճակով։ Նաև՝ ուժերի այն հարաբերակցությամբ, որը հիմա առկա է, և միտված են ընդամենը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացում ապակառուցողականության առիթներ չտալուն։
«Իհարկե, Ադրբեջանի վարքագիծն առանց այդ էլ ապակառուցողական է, և Բաքուն այսպիսի որևէ առիթի չի սպասում՝ որևէ սադրանքի գնալու համար։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունների հայտարարությունները միտված են դրան, այսինքն՝ չտալ սադրանքի նոր առիթ։
Միաժամանակ Արցախի պետական ինստիտուտները, որոնք, բնականաբար, տեղահանվել են արցախցիների հետ միասին, կարող են իրենց հետագա գործունեությունը կազմակերպել ըստ հայեցողության։ Այսինքն՝ չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկն արգելք լինի այդ գործունեության և կազմակերպական ձևերի ընտրության հարցում։ Պարզապես պաշտոնական Երևանն իր հայտարարությամբ փորձում է ցույց տալ, որ ինքը որևէ կերպ չի մասնակցում և չի խրախուսում այդպիսի գործունեությունը»,- եզրափակեց Հակոբ Բադալյանը։