Հայաստանը՝ հանդուրժող փորձաճագարի կարգավիճակում

«Փորձելու և սխալվելու» գործելակերպը մտածողության գիտական մեթոդի սկզբունքներից մեկն է եղել մարդկության պատմության ողջ ընթացքում։ Դրա շնորհիվ են ծնվել հարյուրավոր նորարարություններ, առանց որոնց այսօրվա կյանքը չէր լինի այսպիսին։ Բայց ողջ հմայքով ու հաջողված նախադեպերի պատմությամբ հանդերձ, «փորձելու և սխալվելու» սկզբունքը մնացել է գիտական հետազոտությունների տիրույթում։

Գիտության մեջ արդարացված այդ սկզբունքը, սակայն, չափազանց վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, երբ կիրառվում է պետական կառավարման պարագայում։

Պատմությանը հայտնի են նաև այդպիսի փորձ ունեցող երկրներ, որոնք հիմնականում ունեցել են ողբերգական ավարտ։ Հենց այդպիսի երկրների շարքին կարելի է դասել Հայաստանը, որի ղեկավարը պետական կառավարումն իրականացնում է հենց «փորձելու և սխալվելու» սկզբունքով, ու վերջին 5 տարիներին բոլոր կենսական ուղղություններով նրա փորձերը միայն սխալ արդյունք են ունեցել՝ հանգեցնելով ողբերգական հետևանքների։

2018 թվականին իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը կարծում էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Սխալ էր ոչ թե հիմա արմատապես փոխված նրա այդ համոզմունքը՝ Արցախի հայկականության վերաբերյալ, այլ առավելապաշտական նպատակադրմամբ արտաքին քաղաքականություն իրականացնելու, «սեփական կետից բանակցելու» փորձը, որի համար հայ հասարակությունը վճարեց մի ողջ սերնդով, երեքհազարամյա հայկական պատկանելություն ունեցող Արցախի կորստով, գերթուլացած ինքնիշխանությամբ։

Կարդացեք նաև

Հիմա արդեն Փաշինյանը՝ առանց ավելորդ ձևականության, խոստովանում է, որ այն ժամանակ սխալվել է։

Այն, որ դա հիմա նա ասում է ճղճիմ ներքաղաքական դիվիդենտներ ու արտաքին քաղաքական աջակցություն ստանալու, սեփական մեղքն այլոց վրա բարդելու նպատակով, հասկանալի է։ Բայց տվյալ համատեքտում կարևոր է, որ նրա համար գոյաբանական նշանակություն ունեցող Արցախի հարցը եղել է «փորձելու և սխալվելու» առարկա։ Փորձել է և սխալվել։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է նույն սկզբունքով առաջնորդվել նաև Հայաստանի համար գոյաբանական նշանակություն ունեցող հարցերում։ Նա ճիշտ նույն կերպ փորձում է «դիվերսիֆիկացնել Հայաստանի անվտանգային ու արտաքին քաղաքականությունը», ինչն անում է Ռուսաստանի հետ փաստացի թշնամացման ճանապարհով։ Կստացվի՞՝ շատ լավ, չի՞ ստացվի՝ տարիներ հետո էլի ինչ-որ բարձրաշխարհիկ սրահում խոհափիլիսոփայական դատողություններ կանի այն մասին, որ 2023թ սխալ պատկերացում ուներ հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ի՞նչ գին վճարած կլինի մինչ այդ հայ հասարակությունը, նրան քիչ է հուզում։ «Փորձելու ու սխալվելու» սկզբունքով առաջնորդվողի համար կարևորը փորձ-սխալ շղթայի շարունակականությունն է, հատկապես, որ մինչ այս պահն իր կատարած սխալների համար սեփական իշխանությունն ամրապնդվել է հայկականության կրած վնասներին հակադարձ համեմատական կարգով։

«Փորձելու ու սխալվելու» սկզբունքով Նիկոլ Փաշինյանը նաև ցանկանում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել ու Հայաստանը դարձնել «խաղաղության խաչմերուկ»։ Եվ կրկին գործելու է նույն մեխանիզմը։ Կստացվի՞՝ լավ, չի՞ ստացվի՝ Հայաստանը կդառնա պատերազմի խաչմերո՞ւկ, էլի ոչ մի խնդիր՝ կհետևեն դատողություններ ժամանակին սխալ լինելու մասին։ Այս պատմության ողբերգականությունը միայն այն չէ, որ «փորձելու ու սխալվելու» սկզբունքով զբաղվում է գիտության հետ կապ չունեցող ու անգամ բարձրագույն կրթություն չունեցող մեկը, այլ նաև այն, որ հասարակությունը հաշտ է իրեն ու սեփական երկիրը փորձաճագարի վերածելու իրողության հետ։ Հասարակությունը, իհարկե, նույն սկզբունքով կարող է երբևէ գիտակցել, որ ճակատագրորեն սխալվել է այդ հանդուրժողականության հարցում։ Բայց այդ գիտակցումը կարող է վրա հասնել ուշից ավելի ուշ, երբ Հայաստանն ինքը վերածված կլինի հուշի։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս